Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը հետհեղափոխական Հայաստանում

October 25, 2019

Հրապարակումներ | Նորություններ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հոկտեմբերի 22-ին Երևանում կազմակերպել էր «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» խորագրով հանրային քննարկումը, որի նպատակն էր ուրվագծել հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները:

 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, բացելով քննարկումը, նախ ցավակցություն է հայտնել անցած շաբաթ Երևանում ծառայողական պարտականությունները կատարելիս սպանված ոստիկանի հարազատներին ու գործընկերներին: «Ոստիկանի, հասարակական կարգը պահպանողի հետ կապված նման ողբերգական դեպքերը մտածելու, խորհելու տեղիք են տալիս հարցերի շուրջ, թե ինչ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ՝ նման դեպքերն ապագայում բացառելու համար»,- նկատել է Դավիթ Ամիրյանը: Նա ընդգծել է, որ քաղաքացիական հասարակությունը մշտապես պատրաստ է աջակցել ոստիկանությանը՝ փոխանցելով իր գիտելիքն ու փորձը: Հիմնադրամի ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2000-ականն թվականների սկբզին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մաս է կազմել ոստիկանության բարեփոխումների մշակման օրակարգին: «Հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք ոստիկանության նկատմամբ հասարակության ընկալման փոփոխություն, ինչը պարարտ դաշտ է ստեղծում ոստիկանության և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի համար»,- նշել է Դավիթ Ամիրյանը: Նրա խոսքով, քաղաքացիական հասարակությունը ոստիկանության բարեփոխումները պատկերացնում էր ավելի լայն՝ սահմանադրական բարեփոխումների համատեքստում, որոնց իրականացման արդյունքում ոստիկանությանը պետք է տրամադրվեր նոր կարգավիճակ ու հնարավորություններ:

 

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ներկայացրել է համակարգի բարեփոխումների 2020-2023 թթ.-ի ծրագրերը: Նրա խոսքով, վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքը ոստիկանությանը ստիպում է օր առաջ ներկայացնել բարեփոխումների ծրագիր, որը կբարձրացնի հանրության վստահությունը ոստիկանության հանդեպ: Քոչարյանը համաձայնել է այն տեսակետի հետ, որ հեղափոխությունից հետո ոստիկանության հանդեպ հանրության վերաբերմունքը փոխվել է, բայց նկատել է՝ այդ փոփոխությունը պայմանավորված է քաղաքական իշխանության նկատմամբ հանրության վստահությամբ:

 

Նա խոստովանել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ոստիկանությունում երբևէ համակարգային բարեփոխումներ չեն իրականացվել: Հովհաննես Քոչարյանի խոսքով, իրավիճակն այժմ փոխվել է՝ կա ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական ու բարոյական աջակցություն թե պետության, և թե գործընկեր կազմակերպությունների կողմից:

 

Ոստիկանության բարեփոխումների 2020-2023 թթ. ծրագիրը ներկայացնելիս ոստիկանապետի տեղակալը առանձնացրել է բարեփոխումների 4 հիմնական ուղղություն՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական, և բարեփոխումները ոստիկանությունում ծառայության անցնելու կարգում:

 

«Քննչական կոմիտեի առանձնացումից հետո ոստիկանությունը դադարել է լինել հանցագործությունների բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը իրականացնող մարմին: Այս հանգամանքը պահանջում է, որպեսզի օրենսդրությամբ ճիշտ տեղորոշվի ոստիկանության դիրքը՝ օրենսդրորեն հստակեցնելով ոստիկանության խնդիրները»,- ասել է Քոչարյանը:

 

Նրա խոսքով, առաջարկվող փոփոխություններով ոստիկանությունը դառնալու է հանցագործությունների բացահայտումը, կանխումը և խափանումը իրականացնող արագ արձագանքող, մոբիլ և պրոֆեսիոնալ մարմին: Նոր փոփոխություններով առաջարկվում է նաև ոստիկանության հիմնական գործառույթներում ներառել վկաների պաշտպանությունը և շուտով այս գործառույթն իրականացնելու համար մասնագիտացված նոր ծառայություն կստեղծվի: «Պետական պահպանության գլխավոր վարչությունը շուտով կդադադարի պայամնագրային հիմունքներով ծառայություններ մատուցել մասնավոր ընկերություններին և բացառապես զբաղվելու է ռազմավարական նշանակության օբյետկների պահպանությամբ և վկաների պաշտպանությամբ»,- նշել է փոխոստիկանապետը:

 

Բարեփոխումներն առնչվելու են նաև ոստիկանության ապառազմականացմանը: Ըստ Քոչարյանի, ոստիկանական զորքերի ծառայության խնդիրները վերանայման կարիք ունեն: Բարեփոխումների ծրագրով առաջարկվում է ոստիկանության զորքերը վերակազմակերպել ոստիկանության գվարդիայի, որը կաջակցի հասարակական կարգի ապահովմանը, կներգրավվի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու գործողություններում, իսկ անհրաժեշտության դեպքում կմասնակցի աղետների հետևանքների վերացմանն ու երկրի պաշտպանությանը:

 

Քոչարյանը նշել է, որ, հանցավորության աճի միտումները հաշվի առնելով, պետք է փոխվի ոստիկանության գործելակերպը: Այն պետ է լինի ոչ թե պարզապես արձագանքող, այլ կանխարգելիչ նշանակության մարմին: «Այս ուղղությամբ առաջարկվում է երկու փոփոխություն՝ 24-ժամյա պարեկային ծառայություն ունենա ՀՀ ամբողջ տարածքում և ոստիկանությանը լիազորել հանցավորության կանխարգելման ազգային ծրագրերի մշակումը: Այդ ծրագրերը պետք է ունենան չափելի ցուցանիշներ»,- ասել է ոստիկանապետի տեղակալը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ոստիկանի սպանության վերջին դեպքը հարցեր է առաջ բերում ոստիկանների պատրաստվածության տեսանկյունից: Իրավապաշտպանը ներկայացրել է իրավապահ մարմինների 2015-2019 թթ. գործունեության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների ու ուսումնասիրությունների տվյալները, որոնք փաստում են, որ հեղափոխությունից հետո ոստիկանության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը մեծացել է: «Իրավապահ համակարգին վերաբերող ցանկացած հայեցակարգ պետք է անդրադառնա մեկ կարևոր հարցի՝ ինչպիսի՞ ոստիկանությունն ենք մենք պատկերացնում, ո՞րն է ոստիկանության այն մոդելը, որը մենք ցանկանում են տեսնել ժողովրդավար ու իրավական Հայաստանում: Ի՞նչ արժեքային համակարգի վրա է այդ կառույցը ձևավորվելու»,- նշել է Արթուր Սաքունցը: Նրա համոզմամբ, ոստիկանությունը պետք է իրապես առաջնորդվի մարդու իրավունքների ու արժանապատվության հանդեպ բացարձակ հարգանքով և ունենա քաղաքական բացառիկ չեզոքություն: Նա խոսել է նաև ոստիկանության հաշվետվողականության մասին՝ նշելով, որ Ազգային Ժողովի վերահսկողությունը ոստիկանության նկատմամբ պետք է ապահովված լինի՝ որպես գործադիր իշխանությունից քաղաքական անկախության երաշխիք: Իրավապաշտպանն անկյունաքարային է համարել ոստիկանների սոցիալական ապահովության խնդիրը, որը պետք է պատշաճ ուշադրության արժանանա բարեփոխումների շրջանակում:

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանի դիտարկմամբ, ոստիկանության բարեփոխումների նոր փաստաթղթում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ձևակերպումները ընդհանրական են: «Նոր փաստաթղթում կուզենայի տեսնել իրավունքի վրա հիմնված փոփոխություններ, որոնք կապահովեն, որ յուրաքանչյուր ոստիկան կգիտակցի անձի իրավունքի գերակա արժեքը»,- նշել է Հայկուհի Հարությունյանը: Նա հատուկ հիշեցրել է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի պարբերաբար խախտումները, որոնք թույլ են տրվել ոստիկանության կողմից խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց բերման ենթարկելիս, ոստիկանության մեքենաներում կամ բաժանմունքներում անձանց նկատմամբ իրականացված ֆիզիկական և հոգեբանական բռնությունները: Իրավապաշտպանի գնահատմամբ, այդ իրավախախտումների բացառման մասով բարեփոխումների ծրագիրը որևէ լուծում չի առաջարկում:

 

Կանանց աջակցման կենտրոնի ղեկավարը Մարո Մաթոսյանն էլ անդրադարձել ընտանեկան բռնության երևույթները կանխելու հարցում ոստիկանության ոչ բավարար գործողություններին: Նրա խոսքով, չնայած ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը, ոստիկանության ներկայացուցիչները շարունակում են առաջնորդվել որոշակի նախապաշարումներով և կարծրատիպերով:

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը խոսել է ոստիկանության վերաբերյալ հանրային ընկալման մասին: Ոստիկանի մասնագիտության հանդեպ հանրային կարծրատիպերը վերացնելու համար Ռևազյանը կարևորել է, որպեսզի ոստիկանության կողմից իրականացված խոշտանգումների յուրաքանչյուր դեպք օբյեկտիվ քննության առարկա դառնա: Նա նշել է, որ տարբեր ժամանակներում խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են մարդկանց ազատ հավաքների իրավունքները, սակայն այդ դեպքերից ոչ մեկով ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել:

 

Այս քննարկումը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից 2018թ. խորհրդարանական ընտրություններից հետո հետհեղափոխական Հայաստանի համակարգային խնդիրների վերաբերյալ կազմակերպված երրորդ հանրային քննարկումն է: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից այս ձևաչափով կազմակերպվող հանրային քննարկումները լինելու են շարունակական և անդրադառնալու են տարբեր ոլորտների համակարգային խնդիրներին:

 

osf.am

Դիտումներ՝ 1067

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????