Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունները «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ 

2025 թվականի հուլիսի 10-ին հանրային քննարկման դրված օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է վերանայել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կարգավորումները։ Ներկայացված նախագծերում հաշվի են առնվել ինչպես Վենետիկի հանձնաժողովի 2025 թ. մարտի 19-ին հրապարակած կարծիքում տեղ գտած, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի որոշ առաջարկություններ։ Դրանց թվում են՝ գույքի գնահատման մեթոդաբանության օրենսդրական ամրագրումը, սեփականատիրոջը փոխհատուցման ենթակա գումարի ամբողջական և նախանական վճարումը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը և այլն։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման ոլորտում առկա խնդիրների լուծմանը և առկա կարգավորումների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին ներդաշնակեցմանն ուղված պետության ջանքերը։ Ըստ այդմ, դրանք առավել ամբողջական դարձնելու համար ներկայացնում ենք թե՛ նախկինում առաջարկված և թե՛ նոր Նախագծերի հիման վրա լրացված առաջարկությունները։ 

  • Բացառել փոխհատուցման չափերի ցանկացած տարբերակում՝ սահմանելով փոխհատուցման միասնական չափ (տոկոս)`անկախ այն հանգամանքից, թե անձը դիմում է գույքի վերագնահատման համար, թե ոչ։ 
  • Ամրագրել փաստացի կրած վնասների փոխհատուցման կարգ՝ համաձայն ՄԻԵԴ նախադեպային իրավունքի՝ ներառելով եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, այլ կորուստներ կամ վնասներ։ 
  • Սահմանել օտարման նպատակի իրագործման նկատմամբ պետության վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ և ընթացակարգեր ողջ գործընթացի ընթացքում։ 
  • Սահմանել, որ գույքը հանրային գերակա շահ կարող է ճանաչվել միայն մեկ անգամ։ 
  • Կանոնակարգել  թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործերի քննության ժամկետները դատական բոլոր ատյաններում՝ քաղաքացիական, թե վարչական դատավարության կարգով քննվող ներդրվող վարույթների  դեպքում սահմանել, որ նշված գործերի ընդհանուր քննությունը դատական բոլոր ատյաններում միասին վերցրած չի կարող գերազանցել 6-ամսյա ժամկետը։ 
  • Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմանն առնչվող քաղաքացիական և վարչական գործերով անձանց իրավունքների պաշտպանությանը ներառել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածում սահմանված անվճար իրավաբանական օգնություն նախատեսող դեպքերի շարքում։ 

Ամբողջական վերլուծությունն ու առաջարկությունները հասանելի են այստեղ՝   

Առավել վաղ ներկայացված առաջարկությունները հասանելի են ՝ https://hcav.am/hcav-30-04-2025/  

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝   https://www.coe.int/en/web/venice-commission/-/cdl-ad-2025-012-e 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ