Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հոգեսոցիալական աջակցության ծառայությունների կարիքների գնահատում Շիրակի և Արարատի մարզերում․ ԶԵԿՈՒՅՑ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արդի ժամանակաշրջանում ավելանում է հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, և ավելի է կարևորվում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների դերը, դրանց տրամադրմանն առնչվող հարցերը՝ հասանելիությունը, մատչելիությունը և իրավահենությունը, ինչից, իհարկե, անմիջականորեն կախված է այդ ծառայությունների որակը։ 

Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմված սույն զեկույցի շրջանակում ուսումնասիրվել են Շիրակի և Արարատի մարզերի հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ սոցիալ-ժողովրդագրական տվյալները և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների կարիքները։ 

Մարզերում, որտեղ անցկացվել է ուսումնասիրությունը, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են ծառայություններ ինչպես պետական, այնպես էլ հասարակական և միջազգային կառույցների կողմից, սակայն ոլորտում առկա են խորքային խնդիրներ․ 

1․ Ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը 

Հոգեսոցիալական աջակցության ծառայությունների պատկերը հետևյալն է՝ 

  • Սոցիալական ծառայությունները համայնքային մակարդակում հիմնականում միտված են բնաիրային կամ ֆինանսական աջակցություն տրամադրելուն, որն էլ ավելի է խորացնում հաշմանդամության բարեգործական մոդելի մասին հասարակության մեջ առկա պատկերացումները և կարծրատիպերը։ ՔՀԿ և մասնավոր հատվածի կողմից տրամադրվող, այդ թվում՝ պետական ֆինանսավորմամբ սոցիալական ծառայությունները հիմնականում կարճաժամկետ են և փոքրածավալ։ 
  • Առողջապահական ծառայությունները մարզերում տրամադրվում են հոգեկան առողջության կենտրոններում կամ ԱԱՊԿ-ների միջոցով, որոնք հիմնականում տեղակայված են քաղաքային բնակավայրերում և ունեն մեծ ծանրաբեռնվածություն։ Մարզերում բազմապրոֆիլ ԲԿ-ներ չկան, որոնք կտրամադրեն նաև հոգեբուժական աջակցություն, իսկ ԱԱՊԿ-ներում մասնագետների քանակը բավարար չէ, ինչի մասին փաստում են առկա հերթերը։ Խնդիրներ են առկա նաև դեղերի տրամադրման գործընթացում՝ պայմանավորված հիմնական դեղերի ցանկում գրանցված դեղերի ոչ բազմազան լինելով։ Դրանք ձեռք բերելու համար շատ դեպքերում քաղաքացիները ստիպված են կատարել նաև տրանսպորտային մեծ ծախսեր, իսկ հետադարձ կապի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեղեկատվություն ստանալ նշանակված  դեղերի ընդունումից հետո այս կամ այն դեղի հանդեպ անձի անհատական տանելիության մասին։  
  • Հոգեսոցիալական աջակցության մյուս ծառայությունները սակավաթիվ են և հիմնականում սահմանափակվում են վճարովի հոգեբանական կենտրոնների ծառայությունների շրջանակներում կամ սակավաթիվ ՔՀԿ-ների տրամադրած որոշակի աջակցությամբ։ Այսպիսի ծառայությունների բացակայությունը կամ առկա ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության պակասը ուղիղ կապ ունի հասարակության մեջ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ պիտակավորման ու կարծրատիպերի խորացման, իրավունքների իրացման և հասարակական կյանքին վերջիններիս արդյունավետ ներառման խնդիրների հետ։ 

2․ Մասնագիտական ներուժը և համագործակցությունը 

Ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ մարզերում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների մասնագիտական ներուժի պակասն ակնհայտ է։ Բացի այդ, հիմնականում քաղաքային բնակավայրերում մասնագետների կենտրոնացվածության, բազմամասնագիտական խմբերի միջոցով ծառայությունների բացակայության, համայնքային սոցիալական ծառայությունների անկատար համակարգի և մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների սակավության հետևանքով առկա ծառայությունները բավարար արդյունավետություն չեն ապահովում։ 

Միջինացված տվյալները փաստում են, որ մարզերի ԱԱՊԿ-ներում աշխատող մասնագետների թիվը հեռու է առկա պահանջարկը բավարարելուց․ ստացիոնար բուժօգնություն տրամադրող հոգեկան առողջության կենտրոններում հոգեբույժների հաստիքների թիվը յուրաքանչյուր մարզում չի գերազանցում 4-ը, հոգեբուժական բուժքույրերի թիվը՝ 3-ը, համայնքային սոցիալական աշխատողներինը՝ 8-ը, իսկ հոգեբանների թիվը հասնում է առավելագույնը 10-ի։ 

Այս ուղղությամբ խնդիրները պայմանավորված են նրանով, որ մարզերում hոգեբույժները տեղակայված են բազմաբնակավայր համայնքների կենտրոններում կամ քաղաքային բնակավայրերում` ԱԱՊԿ օղակում, այն պարագայում, երբ նրանց կարիքն ունեցող բնակիչների բնակության վայրը կարող է միջինը 20-30 կմ հեռավորության վրա լինել՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրման պայմաններում, ինչն առաջացնում է ինչպես անհրաժեշտ և ժամանակին առաջնային բուժօգնության, այնպես էլ տեղեկատվության ստացման խնդիրներ։ 

Համայնքային սոցիալական ծառայությունների համակարգը Հայաստանում ամբողջովին կայացած չէ, և մարզերի՝ մեկ տասնյակի չհասնող համայնքային սոցիալական աշխատողները հիմնականում չունեն բավարար ներուժ և ռեսուրսներ սոցիալական դեպքի վարման և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար՝ այս թեմաներով վերապատրաստումների սակավության կամ բացակայության համապատկերում։ 

3․ Ծառայությունների կարիքի գնահատման մեխանիզմները 

Ուսումնասիրությունը փաստում է, որ այս մարզերում շատ են բացերը նաև ծառայությունների կարիքի գնահատման գործընթացում՝ պայմանավորված միասնական մեխանիզմների, ռազմավարությունների և գործիքների բացակայությամբ։ 

Հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունների կարիքների գնահատումը հիմնականում սահմանափակվում է հոգեբուժական օգնության և սպասարկման ծառայության շրջանակներում՝ մարզերում գործող հոգեկան առողջության կենտրոնների գործունեության կազմակերպման համատեքստում, իսկ հոգեսոցիալական աջակցության մյուս ծառայությունների մասով այսպիսի գործողություններ հիմնականում չեն իրականացվում։ 

Հոգեսոցիալական աջակցության ծառայությունների կարիքի գնահատման գործընթացի վերաբերյալ քննարկումները նույնպես մեծամասամբ հոգեբուժական աջակցության և հոգեբույժ կամ կլինիկական հոգեբան մասնագետներ ներգրավելու մասին են, իսկ մյուս ծառայությունների մասով համակարգված և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ գրեթե չեն իրականացվում։ 

4․ Ծառայությունների ժամկետայնությունը և կայունությունը  

Մարզերում առանց այն էլ սակավ ծառայությունները (բացառությամբ հոգեբուժական օգնության) տրամադրվում են հիմնականում ոչ պետական կառույցների կողմից՝ տարբեր դրամաշնորհների կամ վճարովի ծառայությունների միջոցով, և այս պարագայում դրանց կայունությունն ու շարունակականություն դժվար է ապահովել՝ ֆինանսական խնդիրների, դոնոր կազմակերպությունների պահանջների և մի շարք այլ գործոններով պայմանավորված։ Կարճաժամկետ և հատվածական ծառայությունները սովորաբար քիչ արդյունավետ են և կարիքահեն չեն, քանզի դրանք հնարավորություն չեն տալիս տվյալ ժամանակահատվածում իրավիճակի վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմել, ինչն էլ հանգեցնում է խնդիրների՝ ոչ լիարժեք բացահայտմանը և դրանց լուծման արդյունավետ ուղիներ չգտնելուն։ 

5․ Հետադարձ կապի մեխանիզմները 

Ծառայություններ մատուցող կառույցների կողմից հետադարձ կապի մեխանիզմների բացակայությունը ևս կարևոր խնդիր է։ Մասնավորապես՝ ԱԱՊԿ-ների կողմից տրամադրվող ծառայությունների ազդեցության և հետագա կարիքի բացահայտման ուղղությամբ հետադարձ կապի որևէ մեխանիզմ չի գործում։ Արդյունքում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձն ստանում է որևէ ծառայություն, որից հետո հետադարձ կապի բացակայության արդյունքում չի բացահայտվում ծառայության արդյունավետությունը կամ խնդիրները։ Այս պարագայում մասնագետների տեսադաշտից դուրս են մնում հրատապ լուծում պահանջող խնդիրները։ 

6․ Տեղեկատվության փոխանցման և իրազեկվածության մեխանիզմները 

Տեղեկատվության փոխանցման և իրազեկվածության մեխանիզմների սակավության հետևանքով մարզերում առկա սակավաթիվ ծառայությունները կորցնում են արդյունավետությունը և դառնում ոչ թիրախային ու որպես արդյունք՝ նվազում է դրանց պահանջը։Օրինակ՝ բժշկական, կրթական և սոցիալական տարբեր հաստատություններում սակավաթիվ են հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկող նյութերը, մարզային ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվության փոխանցման մեխանիզմներ գրեթե չկան։ Թույլ է նաև պետական կամ ՏԻՄ մարմինների կողմից այս առումով իրականացվող աշխատանքը։ 

Տեղեկատվության փոխանցման և իրավունքների իրազեկման գործողությունների սակավությամբ պայմանավորված՝ չեն կարող երաշխավորվել ինչպես գործող, այնպես էլ հետագայում ներդրվող ծառայությունների որակը և իրավահենությունը։ 

7․ Ծառայությունների իրավունքահենությունը և իրավունքների իրացումը, մասնավորապես՝ արժանապատիվ և անկախ կյանքի իրավունքը 

Միջազգային և ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրացման մեխանիզմների բացակայությունը կարևոր խնդիրներից է ուսումնասիրվող մարզերում։ Վավերացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություն աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ։ Այս առումով ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ ուսումնասիրվող մարզերում շարունակում է խնդրահարույց մնալ վերը նշված կոնվենցիայով ամրագրված մի շարք իրավունքների (Հոդված 5. Հավասարությունը և խտրականության բացառումը, Հոդված 12. Օրենքի առաջ հավասարությունը, Հոդված 14. Անձի ազատությունը և անվտանգությունը, Հոդված 19. Անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը) իրացումը։ 

Ուսումնասիրվող մարզերում առաջնահերթ է ներդնել, վերանայել, արդիականացնել և բարելավել հոգեսոցիալական աջակցության ծառայությունները, դրանց տրամադրման ձևերը և հասանելիությունը, ինչպես նաև ապահովել ծառայություններ մատուցող կառույցների կողմից հետադարձ կապի մեխանիզմների առկայությունն ու արդյունավետությունը։ Այս գործընթացը պետք է միտված լինի հոգեսոցիալական աջակցության ծառայությունների որակի, հասցեականության բարելավմանը իրավունքահեն մոտեցմամբ։ Երկու մարզում էլ հոգեսոցիալական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագիտական ներուժի պակասն ակնհայտ արտահայտված է, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տրամադրված ծառայությունների որակի վրա։ 

Շիրակի և Արարատի մարզերում առկա խնդիրների լուծման և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների կարիքների բավարարման համար առաջարկվում է՝ 

  • Ստեղծել համայնքահենք ծառայություններ հոգեբուժական և խնամքի փակ հաստատությունների փոխարեն:  
  • Հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների համար ստեղծել կամ ընդլայնել առկա վաղ միջամտության ծառայություններ մարզերի բոլոր համայնքներում։ 
  • Աջակցել անկախ կյանքին ուղղված ծառայությունների ստեղծմանը կամ ընդլայնմանը՝ ՔՀԿ-ներին դրանց պատվիրակման միջոցով։ 
  • Ընդլայնել տնային պայմաններում խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունները։ 
  • Բարելավել հիմնական դեղերի հասանելիությունը՝ ընդլայնելով հիմնական դեղերի ցանկը, ինչպես նաև ներդնելով հոգեմետ դեղերի տրամադրման նոր մեխանիզմներ, այդ թվում՝ վերապատրաստելով ԱԱՊ օղակի բուժաշխատողներին հոգեմետ դեղամիջոցների համապատասխան կիրառման (ներառյալ կողմնակի ազդեցությունների մոնիտորինգը) և կառավարման ուղղությամբ: 
  • Մշակել շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր հոգեկան առողջության մասնագետների, ներառյալ՝ հոգեբույժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների և մյուս մասնագետների համար, այդ թվում՝ ներդնելով համագործակցային տարբեր հարթակներ հոգեսոցիալական աջակցության բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ 
  • Մշակել մարզերում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների կարիքների պարբերական գնահատման համակարգեր, ինչը հետագայում հիմք կհանդիսանա համայնքում և մարզում անհրաժեշտ ծառայությունների ներդրման կամ բարելավման համար։ 
  • Աջակցել մարզերում գործող սակավաթիվ թեժ գծերի, վստահության հեռախոսահամարների գործունեությանը և կայունության ապահովմանը, ստեղծել այդպիսի նոր ծառայություններ։ 
  • Աջակցել մարզերում գործող սակավաթիվ ՔՀԿ-ներին՝ ապահովելու հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող կարիքահեն և իրավունքահեն ծառայությունների կայունությունը։ 
  • Մշակել հոգեկան առողջության ծառայությունների մոնիտորինգի և գնահատման գործիքներ` ապահովելու ծառայությունների արդյունավետությունը, հասանելիությունը և անձակենտրոնությունը: 
  • Իրականացնել մարզային և համայնքային հանրային իրազեկման արշավներ` նվազեցնելու խարանը, պիտակավորումն ու խտրականությունը հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: 
  • Մշակել իրազեկման ծրագրեր հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար։ 
  • Իրականացնել կարողությունների զարգացման ծրագրեր քաղաքականություն մշակողների, որոշումներ կայացնողների և ծառայություններ մատուցողների շրջանում հատկապես կարիքի գնահատման մեխանիզմների, ծառայությունների իրավունքահենության, անգործունակության ճանաչման ինստիտուտի, ապաինստիտուցիոնալացման և մասնագիտական էթիկայի շրջանակի վերաբերյալ։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ