Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» ՀՔԱՎ-ի զեկույցի վերաբերյալ պաշտոնական անդրադարձը

May 18, 2020

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 թ. հոկտեմբերի 31-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրեց «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա», ինչպես նաև  «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցները։

 

Զեկույցներն անդրադառնում են ԱլԳ երկրներում՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, ռուսական ռազմական ներկայությանը, դրա հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին, միջպետական փաստաթղթերին:

 

Հայաստանին վերաբերող զեկույցում ներկայացված են ՀՀ և ՌԴ միջև կնքված միջպետական փաստաթղթերով կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ մտահոգությունները, ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցած միջադեպերը, Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վրա ռուսական ռազմաբազայի ներկայության ազդեցությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությանը միջպետական փաստաթղթերի անհամապատասխանության վերաբերյալ խնդիրները։

 

 Ակնկալելով պատասխանատու պետական կառույցների կարծիքը և մեկնաբանությունները Հայաստանին վերաբերող զեկույցում ներկայացված հարցերի և խնդիրների շուրջ՝ 2020 թ. հունվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշված զեկույցներն ուղարկել է․

 

 

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 
  • ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, 
  • ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, 
  • ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, 
  • ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: 

 

 

2020 թ. մայիսի դրությամբ նշված 5 կառույցներից պատասխան է ստացվել միայն 3-ից:

 

  1. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանին վերաբերող զեկույցի վերաբերյալ մեկնաբանություններ է ներկայացրել 2020 թ. հունվարի 24-ին: 

 

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Սահմանադրության և միջպետական փաստաթղթերի անհամապատասխանության մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկմանը՝ նշելով, որ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերին, որոնք ներկայացված են զեկույցում, ապա Հանձնաժողովի նախագահը, որակելով դրանք ողբերգական և մտահոգիչ, պատրաստակամություն է հայտնել աշխատել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ՝ հավելելով, որ զեկույցը տրամադրելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի և ՀՀ-ում մարդու իրավունքների վրա ռուսական ռազմաբազայի ազդեցությանն առնչվող խնդիրների ուսումնասիության նպատակով:

 

  1. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, 2020 թ. փետրվարի 19-ին անդրադառնալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությամբ բարձրացված հարցերին, հայտնել է, որ այժմ հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթների սահմաններում իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են նաև Կազմակերպության կողմից բարձրացված հարցերի պարզաբանմանը:

 

Հանձնաժողովի նախագահը նպատակահարմար է համարել անդրադառնալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի արձանագրած խնդիրների քննարկմանը՝ իրենց կողմից իրականացվող միջոցառումների արդյունքների ամփոփումից հետո: Այնուամենայնիվ պատասխան գրությամբ Հանձնաժողովի նախագահըց հստակ չի նշել տվյալ միջոցառումների բնույթն ու դրանց ամփոփման համար նախատեսվող ժամանակահատվածը:

 

  1. ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, 2020 թ. մարտի 4-ի պատասխան գրությամբ անդրադառնալով Հայաստանին վերաբերող զեկույցին, ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի կարևորությունը ներկայացրել է նշված երկրների միջև կնքված պայմանագրերով ամրագրված պարտականությունների համատեքստում: 

 

Մասնավորապես՝ ՊՆ-ը տեղեկացրել է, որ  ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի առկայությունը բխում է ՀՀ շահերից՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

 

  • ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին 1996 թ.-ի պայմանագրի 5-րդ արձանագրությամբ սահմանված է, որ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազան ապահովում է ՀՀ անվտանգությունը ՀՀ սահմաններին:
  • ռուսական կողմը պարտավոր է Հայաստանին ապահովել ժամանակակից սպառազինությամբ: Այս առումով ՊՆ-ը տեղեկացրել է, որ ՀՀ զինված ուժերը տարիներ շարունակ համալրվել են գերճշգրիտ հեռահար հրթիռային, հրետանային խոցման, հակաօդային պաշտպանության և ժամանակակից զինատեսակներով, առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ՀՀ ռազմական կարիքներից բխող բազմաթիվ այլ սպառազինությամբ և ռազմատեխնիկական միջոցներով: Հավելվել է, որ Հայաստանը շարունակում է սպառազինումն իր ռազմական կարիքներին համապատասխան:
  • ՊՆ-ը նաև նշվել է, որ ռուսական ռազմաբազայի՝ ՀՀ տարածքում տեղակայմամբ ռուսական կողմը կատարում է 1997 թ.-ին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրից բխող իր պարտավորությունները, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովումը, ՀՀ վրա զինված հարձակման սպառնալիք առաջանալու պարագայում՝ համատեղ պաշտպանության ապահովումը և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանումը:

 

ՀՀ ՊՆ գրությամբ նաև հղում է կատարվել ՀՀ և ՌԴ միջև կնքված այլ համաձայնագրերի: Մասնավորապես՝ ՊՆ-ը  արձանագրել է, որ 2015 թ.-ին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգութհան Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրով ստեղծվում է հակաօդային պաշտպանության համակարգ, որը հնարավորություն է ընձեռում կազմակերպել նշված տարածաշրջանում ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ կիրառման պլանավորումը, ՀՕՊ ուղղությամբ փոխգործակցությունը, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստությունը՝ պահպանելով խաղաղ ժամանակ ՀՀ ՀՕՊ զորքերի կիրառման համար որոշումների կայացման իրավունքը: 

 

Վկայակոչելով 2016 թ.-ին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը և  կանոնակարգը՝ նշել են, որ ձևավորվել է ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորում, որի նպատակը զինված հարձակմանը կամ ագրեսիային, ինչպես նաև համատեղ անվտանգության դեմ սպառնալիքներին և այլ մարտահրավերներին համարժեք արձագանքումն է:

 

Անդրադառնալով  զեկույցում ներկայացված ռուսական ռազմաբազային և սահմանապահ զորքերին առնչվող հարցերին՝ ՊՆ-ը արձանագրել է, որ դրանք չպետք է ներկայացվեն համադրության մեջ, քանի որ դրանց հարաբերությունները կարգավորվում են առանձին միջազգային պայմանագրերով, ունեն տարբեր խնդիրներ, նպատակներ, կարգավիճակ և ենթակայություն: Մասնավորապես՝ ռազմաբազան գտնվում է ՌԴ պաշտպանության նախարարության, իսկ սահմանապահ զորքերը՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ենթակայության տակ: ՊՆ-ը առաջարկվել է սահմանապահ զորքերին առնչվող հարցերի քննարկման համար դիմել լիազոր մարմնին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

 

ՊՆ-ը նաև նշել է, որ ելնելով այն փաստից, որ բացի զեկույցում նշված իրավական փաստաթղթերից, գործում են նաև այլ՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող ՀՀ միջազգային պայմանագրեր և դրանցից բխող նորմատիվ ակտեր՝ այդ պատճառով զեկույցի հեղինակների կողմից հնարավոր չէ տալ օբյեկտիվ, ամբողջական և համապարփակ եզրակացություն՝ զեկուցման առարկա հանդիսացող թեմայի վերաբերյալ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից զեկույցում նշված ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից կատարվող խախտումներին, նրանց նկատմամբ հսկողության բացակայությանն առնչվող խնդիրների մասով ՀՀ ՊՆ-ն միայն վկայակոչել է «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի կազմում ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների մասին» համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է դրույթներ ՌԴ զինված ուժերի զինվորական կազմավորումներում օրինականության, կարգուկանոնի, զինվորական կարգապահության ապահովման, ՌԴ ռազմաբազային զինծառայողների կարգապահական իրավախախտումների գործերով իրավասությանը համապատասխան քննության անցկացման, կատարման և այլ հնարավոր խնդրահարույց հարցերի վերաբերյալ: 

 

ՀՀ ՊՆ-ն զեկույցի այս հատվածը մեկնաբանելիս կարծիք է հայտնել, որ ՀՔԱՎ զեկույցում բացակայում են ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի և ՀՀ-ում մարդու իրավունքների միջև կապի վերաբերյալ օբյեկտիվ հիմնավորումները:

 

Հավելվել է, որ զեկույցում ներկայացված եզրահանգումներում և գնահատականներում բացակայում են նաև օբյեկտիվ հիմնավորումները՝ մարդու իրավունքների խախտումների և ռուսական ռազմաբազային առնչվող ռազմաքաղաքական հարցերի միջև:

 

Հարկ է նշել, որ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայողների կարգապահական իրավախախտումների գործերով համապատասխան քննության անցկացման վերաբերյալ որոշակի պատկեր ունենալու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով տեղեկատվություն այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել 2018 թ.-ին Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից՝ առանց ՀՀ իրավասու մարմիններին նախապես տեղեկացնելու, Շիրակի մարզի Փանիկ գյուղում իրականացված զորավարժությունների ընթացքում զենք և պայթուցիկ նյութեր օգտագործելու դեպքերի առթիվ ձեռնարկված քայլերի, քրեական գործ հարուցելու ուղղությամբ: Կազմակերպության հարցմանն ի պատասխան՝ ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունից 2019 թ. նոյեմբերի 11-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՌԴ իրավասու մարմնին։ Նշված պատասխանից ելնելով՝ 2019 թ. նոյեմբերի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկնակի տեղեկատվության հարցմամբ ՀՀ գխավոր դատախազից ահանջել է պարզաբանել, թե նշված նյութերն ուղարկելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունն ինչ տեղեկություններ ունի այդ գործի շրջանակներում իրականացված քայլերի և արդյունքների մասին, որին ի պատասխան, կրկին ստացվել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության 2019 թ. նոյեմբերի 29-ի պատասխան գրությունը, որով տեղեկացրել են, որ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասոության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թ.-ին կնքված համաձայնագրով նախատեսված չէ ընդունված որոշման մասին համաձայնագրի մյուս կողմին տեղեկացնելու պարտականություն:

Դիտումներ՝ 1277

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????