Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀԿ-ները դատավարության մասնակիցների իրավունքների անհամաչափ սահմանափակման ռիսկեր են տեսնում

May 21, 2024

Գործունեություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

10․04․2024 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման են դրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ նաև Նախագծեր)։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ուսումնասիրել ենք խնդրո առարկա Նախագծերը և դրանցով առաջարկվող որոշ փոփոխություններ համարում ենք խնդրահարույց և մտահոգիչ՝ դատավարության մասնակիցների իրավունքները անհամաչափ սահմանափակելու բարձր հավանականություն ստեղծող։


 
Նախագծերի ուսումնասիրությամբ հայտնաբերված երեք հիմնական խնդիրները ներկայացնում ենք ստորև։


 
1.     Նախագծերով առաջարկվում է դատարաններին իրավասություն տալ դատական տուգանք կիրառել եզրափակիչ/գործն ըստ էության լուծող դատական ակտերով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումներով՝ անբարեխիղճ կերպով անհիմն հայց, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելու կամ դատավարական այլ վարքագծով իր իրավունքները չարաշահելու դեպքերում, եթե համապատասխան դատական ակտով հաստատվել է իրավունքի չարաշահման փաստը։


 
Ակնհայտ է, որ նշված իրավակարգավորումը գործին մասնակցող անձանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու համար խիստ գնահատողական հիմքեր է նախատեսում, մասնավորապես բավականին լայն կարող է մեկնաբանվել թե' «անհիմն հայց կամ բողոք» եզրույթը, թե' հատկապես «դատավարական այլ վարքագծով   իրավունքները չարաշել» եզրույթը։ Գործնականում նշված հասկացությունների ներքո   հնարավոր է հասկանալ գրեթե ցանկացած դատավարական իրավունքից օգտվելը,  որի անբարեխղճության գնահատման որևէ չափորոշիչ Նախագծի առաջարկվող   դրույթը չի նախատեսում։ Կարծում ենք, որ թեև առաջարկվող կարգավորումների, առհասարակ դատական սանկցիաներ կիրառելու հետապնդվող նպատակը դատական օրենսգրքի համաձայն կարող է լինել դատական իշխանության  հեղինակության պաշտպանությունը, այնուամենայնիվ, նշված նպատակի  իրագործումը ակնհայտորեն չի կարող վտանգել դատավարության մասնակիցների  արդար դատաքննության իրավունքի լիարժեք իրացումն ու դրանից ածանցվող մյուս  իրավունքները։


 
2.     Նախագծերով առաջարկվում է նաև սահմանել դատական սանկցիայի նոր տեսակ՝ իրավունքի իրականացման սահմանափակում, որը կարող է կիրառվել. 1) գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններ ստանալու, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու, 2) բացարկ հայտնելու, 3) ապացույցներ ներկայացնելու, 4) դատավարության մասնակիցներին հարցեր տալու, 5) միջնորդություններ ներկայացնելու, 6) դիրքորոշում ներկայացնելու իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում:


 
Ինչպես և նախորդ կետում նշվածը, այս իրավակարգավորումը նույնպես բարձր ռիսկեր է ստեղծում գործին մասնակցող անձանց իրավունքների չհիմնավորված  սահմանափակման մասով։ Մասնավորապես նախատեսված կարգավորումը դատական սանկցիա կիրառելու հիմքը հաստատված համարելու համար նախատեսում է միայն մեկ չափելի չափանիշ, այն է՝ իրավունքից օգտվելու պարբերականությունը, սակայն արարքի սուբյեկտիվ կողմը, այն է՝ դատավարական սուբյեկտի չարամտությունը գնահատելու համար որևէ չափելի չափանիշ չի նախատեսվում։ Նաև գտնում ենք, որ միանշանակորեն հնարավոր է սահմանել նման չափանիշներ։ Այդ մասով առաջարկում ենք. 1․ նյութերին ծանոթանալու մասով արարքը որպես չարաշահում գնահատելու հիմք սահմանել գործի նույն նյութերը կամ գործի ամբողջ նյութը պարբերաբար ծանոթացման ներկայացնելու խնդրանքով դիմելը կամ նշված իրավունքից օգտվելը որպես պարբերաբար գործի քննությունը հետաձգելու հիմք օգտագործելը, 2․ բացարկ հայտնելու մասով՝ փաստացի միևնույն հիմքով դա անելը, 3․ ապացույցներ ներկայացնելու մասով՝ գործին ոչ վերաբերելի ապացույցներ պարբերաբար ներկայացնելը (հաշվի առնելով այն, որ վերաբերելի ապացույցների մասով առհասարակ արդար դատաքննության իրավունքի ուղղակի խախտում կլինի դրանք ներկայացնելը որևէ կերպով սահմանափակելը՝ բացի դատավարական փուլերից և ժամկետներից), 4․ դատավարության մասնակիցներին  հարցեր տալու մասով՝ նույնաբովանդակ կամ ոչ վերաբերելի հարցեր տալը, 5․ միջնորդություններ ներկայացնելու դեպքում՝ փաստացի նույն հիմքով կամ պահանջով միջնորդություններ ներկայացնելը կամ միջնորդությունները պարբերաբար օրենքով չսահմանված փուլում ներկայացնելը, 6․ դիրքորոշում արտահայտելու մասով՝  փաստացի նույն հարցի շուրջ նույնաբովանդակ դիրքորոշումներ ներկայացնելը։



3.     Վերոգրյալի հետ մեկտեղ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել որոշ դեպքերում դատական նիստին դատավարության մասնակիցների ներկայության պարտադիրությունը սահմանող դրույթ՝ այն խախտելու համար որպես հետևանք սահմանելով դատական տուգանքի նշանակումը։ Գտնում ենք, որ նշված կարգավորումը ևս իրավաչափ չէ, քանի որ ուղղակի կերպով խախտում է դատավարական իրավունքներից և դատական պաշտպանության միջոցներից օգտվելու տնօրինչականության սկզբունքը։ Մասնավորապես, թեև ընդհանուր առմամբ ընկալելի է, որ առաջարկվող կարգավորման նպատակն է առավելագույնս ապահովել դատավարության բազմակողմանիությունն ու այդպիսով առավելագույնս սպասարկել արդարադատության շահը, բայցևայնպես այն ակնհայտորեն ոչ իրավաչափ է այնքանով, որքանով դատարանում հայց հարուցելն ու այն պաշտպանելը հայցվոր կողմի համար, իսկ դրա դեմ առարկելը պատասխանող կողմի համար իրավունք է, այլ ոչ պարտականություն, և եթե նրանք այդ իրավունքից օգտվելու համար չեն օգտվում բոլոր դատավարական հնարավորություններից, այդ թվում՝ անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար չեն ներկայանում դատական նիստին, կարող են կրել դրա բացասական հետևանքները իրենց համար անբարենպաստ դատական ակտի կայացման (դրա կայացման հավանականությունը բարձրանալու) տեսքով, սակայն նրանց ըստ էության չի կարելի պարտավորեցնել մասնակցել քաղաքացիական դատավարությանը՝ ֆիզիկական ներկայություն ապահովելով։ Կարծում ենք՝ առաջարկվող կարգավորման նպատակին հասնելու առումով ավելի պիտանի և համաչափ միջոց կարող է լինել նախագծով առաջարկվող՝ դատարանին պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտության դեպքերում կողմին այդ մասին և չներկայանալու դեպքում հավանական անբարենպաստ հետևանքների մասին ծանուցելու պարտականությունը սահմանելը՝ միաժամանակ սահմանելով նշվածի մասին պատշաճ ծանուցված լինելու և առանց հարգելի պատճառի չներկայանալու դեպքում կողմի համար համապատասխան անբարենպաստ դատական ակտի ընդունման հնարավորություն, օրինակ՝ հայցն առանց քննության թողնելը կամ մերժելը, եթե հայցվորի կողմից պարզաբանում չներկայացնելը օբյեկտիվորեն բացառում է հայցի հիմքն ու առարկան պարզելը և որպես հետևանք դրա քննությունը։

 

Հիմք ընդունելով նախորդիվ նշված փաստարկումները՝ առաջարկում ենք․

 

  • նախագծերից բացառել անբարեխիղճ կերպով անհիմն հայց, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելու կամ դատավարական այլ վարքագծով իրավունքները չարաշահելու դեպքերում դատական տուգանք կիրառելու հնարավորություն սահմանող դրույթները․
  • հիմք ընդունելով 2-րդ կետում նշված առաջարկները՝ Նախագծերում հստակեցնել/սահմանել իրավունքի իրականացման սահմանափակման դատական սանկցիայի կիրառման համար հիմք հանդիսացող վարքագծի գնահատման չափորոշիչները․
  • հիմք ընդունելով 3-րդ կետում նշված առաջարկները՝ վերախմբագրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ դրանից բացառելով դատական նիստին չներկայանալու համար կողմի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը։

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտումներ՝ 56

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????