Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին

December 5, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Ընտրական գործընթաց | Իրավունքներ | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ | Պատշաճ վարչարարության իրավունք | Պետական կառույցներ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2023թ․ դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքում գումարվել է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով ավագանու նիստ: Նիստին մասնակցել են ավագանու Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) խմբակցությունը, Ապրելու երկիր խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ներկա է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը 2022թ․ սեպտեմբերին ՔՊ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուն էր: Ի պատասխան՝ Արկադի Թամազյանի աջակիցները նիստի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 8-ին հրավիրել են քաղաքացիական խաղաղ հավաք համայնքապետարանի շենքի մոտ՝ անվստահության գործընթացը թույլ չտալու նպատակով: 

 

Սա վերջին երկու ամիսների ընթացքում Ալավերդիում արդեն երկրորդ ավագանու նիստն է՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով: 2023թ․ հոկտեմբերին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ  էր հրավիրել Ապրելու երկիր խմբակցությունը, որին բավարար քվորում չէր ապահովվել: Այս նիստին ներկա էին ԱԵ խմբակցության 12 անդամներից 11-ը և Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող ավագանու մեկ անդամը: 

 

Վերջին ամիսներին պարբերաբար շրջանառվում էին տեղեկություններ, որ փորձ է արվում տարբեր ճնշումների միջոցով հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Այս մասին նաև հայտարարել են ԱԵ կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համատեղ ասուլիսի ընթացքում:

 

Ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ինքնին իրավական, թեև ծայրահեղ միջոց է, սակայն այն չի կարող ընթանալ ճնշումների, շանտաժի,  իրավունքների իրացման խոչընդոտման միջոցով: 

 

Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը: Մասնավորապես. 

 

  1. Գործադրվել է ճնշում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը ստիպված է եղել մանդատը վայր դնել, քանի որ համաձայն չէր խմբակցության կողմից Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգին, հայտնելով, որ չի տեսնում դրա համար հիմնավոր որևէ պատճառ։ Կան տեղեկություններ նաև այլ անդամների նկատմամբ ճնշումների վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հանդիպել կամ տեղեկություն տրամադրել քաղաքացիական հասարակության անդամներին կամ հրապարակային հանդես գալ այդ մասին։

  2. Բռնությունների գործադրմամբ արգելափակվել է ավագանու անդամների մի մասի, այդ թվում գործող համայնքապետի մուտքը ավագանու 2023 թ. դեկտեմբերի 5-ի նիստին: Ոստիկանությունը փորձել է արդարացնել այդ սահմանափակումը նրանով, որ գործողություններ են իրականացնում ՔՊ ավագանու անդամների անվտանգությունն ապահովելու համար։

  3. Իրավապահներն արգելափակել են  համայնքի բնակիչների մուտքը ավագանու նիստերի դահլիճ և ներկայությունը այդ նիստին, որով խախտվել է ՏԻՄ օրենքի՝ նիստի հրապարակայնության պահանջը: (Տեսեք վերոհիշյալ աղբյուրը:)

  4. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ լիագումար նիստին մասնակցելու և իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն մասնակցել ու միջամտել է Ալավերդի համայնքի հիշյալ նիստին՝ նաև անձնական վիրավորանքներ է հասցրել գործող համայնքապետին։

  5. ԱԵ խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովին մասնակցության և քվեարկության համար, ըստ տարածվող տեղեկությունների, ՔՊ կուսակցության անդամները խոստացել են Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնը:

  6. Անվստահություն հայտնելուն աջակցող ավագանու անդամները նիստերի դահլիճում հայտնվել են ուստիկանության աջակցությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներն այդ նպատակով կոտրել են դահլիճի փակ դուռը։

 

 

Օրենքի խախտմամբ ընթացած նիստում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար` Շնող համայնքի նախկին ղեկավար, Դավիթ Ղումաշյանը։

 

 

Մենք ներքոնշյալ կազմակերպություններս. 

  • համարում ենք, որ ավագանու անդամների և հետաքրքրված քաղաքացիների մասնակցության խոչընդոտմամբ նիստը ինքնին ապօրինի է և դրա արդյունքում ընդունված որոշումները չեն կարող օրինական համարվել։

  • դատապարտում ենք օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտությամբ հակաժողորդավարական միջամտությունը Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարմանը, ավագանու անդամների և քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների խախտումները, ինչպիսիք քանիցս դրսևորվել են նաև այլ համայնքներում,

  • խստորեն դատապարտում ենք ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի, իրավապահ մարմինների և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջամտութամբ Ալավերդի համայնքում ավագանու ապալեգիտիմացումը,

  • իրավապահ մարմիններից պահանջում ենք քննություն իրականացնել ոստիկանության գործողությունների իրավաչափության և արձանագրված ճնշումների փաստերի գնահատման համար,

  • իրավապահ մարմիններից պահանջում եք քննության ենթարկել առերևույթ քրեական հանցակազմ պարունակող վերոհիշյալ գործողությունները,

 

Հայտարարում ենք, որ Տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ այսպիսի ոտնձգությունները և ճնշումները պետական օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ոտնահարում են քաղաքացիների կամքը, հակոտնյա են ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության ոգուն ու հետզհետե ոչնչացնում են այն խորհրդանշական առաջընթացը, որ արձանագրվել էր ընտրական գործընթացներում: Պետական իշխանությունը պարտավոր է իրեն ու հանրությանը հաշիվ տալ նշված հետադիմական զարգացումները նախաձեռնելու և խթանելու համար:       

 

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

«Ուղղակի Ժողովրդավարություն»

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Դիտումներ՝ 640

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????