0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Իրոք այն պահն է, երբ չկա՝ սա իմ ծանոթն է, սա իմ բարեկամն է գործոնը: Նույնիսկ 1 նման դեպք չկա». արտգործնախարարություն

April 17, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

«Հստակ տեղեկություն չունեմ, բայց ըստ երևույթին 4000-ից ավելի  մարդ արդեն հերթագրված է դեսպանատանը՝ Հայաստան վերադառնալու համար»,- ՀՔԱ Վանաձորի գրասենյակին պատմում է 2020 թ. ապրիլի 1-ին գրասենյակ դիմած ՀՀ քաղաքացի Թ․Ա․-ը, որը մինչ օրս գտնվում է ՌԴ-ում: Նրա խնդրին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ: «Երբ ապրիլի 2-ին 1-ին անգամ գնացի դեսպանատուն, պահակն ասեց  2000 մարդ արդեն գրանցված է: Մեծ բազմություն կար այնտեղ: Ենթադրում եմ, որ այս պահին ավելի շատ կլինեն»:  

 

ՌԴ-ի մերձմոսկովյան Ալեքսանդրով քաղաքում բնակվող քրոջը հյուր գնացած 23-ամյա աղջիկը կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ չի կարողանում վերադառնալ Հայաստան:  

 

«Ես էստեղ եկել եմ՝ 6000 ռուբլով տոմս գնելով: Մարդիկ եկել են 2000-3000 ռուբլով, հիմա տոմսերի գները տատանվում են 18.000-40.000 ռուբլու միջակայքում (համապատասխանաբար՝ 108.000-240.000 ՀՀ դրամ): Աբսուրդային գներ են: Դեսպանատանը շատ եմ տեսել մարդկանց՝ երեխաները գրկին, ուզում են վերադառնան, բայց ի վիճակի չեն տոմս առնելու: Ես ինքս էլ շատ եմ ուզում վերադառնալ»:

 

Հայկական կողմի ջանքերն անբավարար է գնահատում: Ասում է՝ երբ հերթագրման համար դեսպանատուն է գնացել, ականատես է եղել անկազմակերպ աշխատանքի, չկա հստակ առաջնահերթություն. «Կան հաշմանդամներ, կան բազմազավակ ընտանիքներ, ոչ ոք չի ասում՝ ո՞րն է հերթականությունը, առաջինն ու՞մ պետք է տեղափոխեն հայրենիք: Ես ավելի ապահով կարգավիճակում եմ, քրոջս տանն եմ, օրվա հացը լավից -վատից կա, բայց մի կին, ով վարսահարդար էր, չուներ ամուսին, երեխայի հետ մնացել էր անորոշ կարգավիճակում: Վարսավիրանոցը փակել էին, տան վարձ չէր կարող տալ ու ստիպված էր ետ վերադառնալ, բայց դեսպանատանը հստակ կանոնակարգում չկա: Թեև հյուրանոցներ են տրամադրել, հայտնի չէ, մարդիկ ինչքան կկարողանան մնալ այնտեղ: Ակնհայտ էր, որ առաջինը հայրենիք վերադարձողներն արտագնա աշխատանքի եկած տղամարդիկ էին, ովքեր կարողացել էին գիշերել օդանավակայանում, հերթ պահել՝ տոմսեր ձեռք բերելու համար: Բայց ոչ բոլորը՝ այդ թվում  ես ու քույրս, ով նորածին երեխա ունի, կարող են գիշերել օդանավակայանում»:  

 

Թ.Ա․-ն  Ռուսաստանում է փետրվարից:  ՌԴ-ում գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 19-ին։ Նրա հետ ցանկանում են ՀՀ վերադառնալ նաև քրոջ ընտանիքը՝ ամուսինն ու 2 անչափահաս երեխաները. «Դեսպանատանն ինձ ասեցին, որ իմ կարգավիճակում հայտնվածների համար ՌԴ-ն ավտոմատ երկարացնում է ժամանակավոր գրանցման ժամկետները, բայց ինչքա՞ն կարող են ավտոմատ երկարացնել՝ դա էլ է խնդիր: Ես  կապ ունեմ այստեղ արտագնա աշխատանքի եկած բարեկամներիս, ծանոթներիս հետ: Իրենք էլ են շատ վատ վիճակում. աշխատանք չկա, տան վարձ չեն կարողանում վճարել, սնունդ գնել, բոլորն էլ ընտանիքների հետ կցանկանան վերադառնալ: Հստակ կարող եմ ասել՝ մարդիկ ոչ թե վախենում են էստեղ վարակվելուց, մարդիկ վախենում են սովամահ լինելուց: Քույրիկիս ամուսինն աշխատում է շինարարությունում, հիմա փակել են, ստիպված տաքսի է վարում, բայց դա էլ կարգելեն ու ինքը խուճապի մեջ է, թե ոնց է պահելու երեխաներին: Ու շատերն են նման վիճակում: Քաղաքացիություն ունեցողներին երկիրը շատ լավ ապահովում է, քույրիկիս ընտանիքը չունի քաղաքացիություն և սոցիալական աջակցությունից չի օգտվում: Կոչ կանեի մեր կառավարությանը, գոնե ապահովեն հաշմանդամների ու բազմազավակ ընտանիքների վերադարձը: Գոնե 2 օրը մեկ թռիչք լինի, կամ տոմսերի գներն իջեցնեն: Էդ 40.000 ռուբլին, իրոք այս պայմանների համար, աբսուրդային է»:

 

ՀՔԱՎ գրասենյակն ապրիլի 2-ին դիմել էր ՀՀ արտգործնախարարին՝ Թ.Ա․-ի և քրոջ ընտանիքի վերադարձի հարցով։ Միաժամանակ հետաքրքրվել էինք՝ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ից ու այլ երկրներից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ:

 

Նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից ապրիլի 7-ին գրասենյակին տեղեկացրել են, որ փետրվարի 26-28-ից մինչև ապրիլի 7-ը կազմակերպել են ընդհանուր թվով շուրջ 880 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան՝ Իրանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից:  Հայրենիք վերադարձածներից 140-ը ՌԴ-ից Հայաստան են եկել Վերին Լարսով, իսկ ապրիլի 6-7-ին՝ ինքնաթիռով:

 

Թ․Ա․-ն ասում է, որ թեև առաջիններից են եղել, որ գրանցվել են դեսպանատանը, մինչ օրս  պատասխանի են սպասում. «Ապրիլի 6-ին և 7-ին մենք օդանավակայանում էինք, ահավոր հերթ էր, մարդիկ իրար գլուխ էին ջարդում՝ գնալու համար: Մենք միայն ապրիլի 5-ին ենք իմացել, որ 6-ին թռիչք կա, ոչ մեկը մեզ տեղեկություն չէր տալիս, թե  որտեղից կարող ենք տոմսեր գնել: Շատ ուշ իմացանք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից կարելի է տոմսեր գնել: Մինչև գնացինք, տոմս չկար: Հետո էլի իմացանք, որ ամսի 8-ին և 9-ին չվերթ է լինելու, նորից մեզ ոչ ոք հստակ ոչինչ չէր ասել տոմսերի գնի մասին: Գնացինք հասանք օդանավակայան, հենց տոմս գնելու հերթը հասավ, պարզվեց 40.000 ռուբլի էր տոմսերը: Շատերը նաև այդ պատճառով չեն կարողանում գալ. ոչ գինն են իմանում, ոչ թռիչքի ժամերը: Ես, օրինակ, օդանավակայան հասնում եմ 5-6 ժամում, մարդիկ կան, ովքեր մի ամբողջ օր պետք է կորցնեն այնտեղ հասնելու համար»:  

 

Ի տարբերություն Թ.Ա․-ի՝  նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, Թ.Ա․-ի և նրա հարազատների տվյալները հյուպատոսական ցուցակներում  չկան. «Թ.-ն նույնիսկ գրանցված չի: Հյուպատոսական հաշվառման ցանկերում ինքը չկա, ես դեսպանությունից ճշտել եմ՝  Թ.Ա․-ը գրանցվե՞լ է դեսպանությունում, արդյո՞ք կարող է հաջորդ թռիչքով նախատեսվի իրենց վերադարձը, ասեցին՝ չկան ո՛չ Թ.Ա.-ի, ո՛չ նրա քրոջ, ո՛չ էլ ամուսնու անուն-ազգանունները:» 

 

Ս. Բեջանյանի խոսքով՝ ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում: Եթե ՀՔԱՎ գրասենյակին պատասխանելու ժամանակ՝ ապրիլի 7-ին, 2000 քաղաքացի էր հերթագրված, այժմ շատ ավելի են, ու թվերն անընդհատ փոխվում են: Արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսարաններում գործում են թեժ գծեր, որոնցով քաղաքացիները կարող են և գրանցվել, և ընթացիկ տեղեկություններ ստանալ՝ վերադարձի հնարավոր ժամկետների մասին: Մինչ այդ, ՌԴ-ում գտնվողներին դեսպանությունն ապահովել է սննդով ու հյուրանոցով, նաև բարերարներն են աջակցել այդ հարցում: Ինչ վերաբերվում է տոմսերի գներին, ըստ Ս. Բեջանյանի, ապրիլի 13-ին, այսինքն՝ ՀՔԱՎ գրասենյակին պատասխանելուց հետո,  եղել է ևս 1 թռիչք, որի ժամանակ անվճար տոմսերով մարդիկ են վերադարձել Հայաստան: Ռուսական կողմի հետ բանակցությունները չեն ընդհատվում: Թռիչք ապահովելն այնքան էլ դյուրին գործ չէ. «Ապրիլի 6-ի ու 7-ի տոմսերի 90 %-ը մարդիկ արդեն գնել էին, 3-րդ չվերթինը, որն իրականացվեց ապրիլի 13-ին, անվճար էր: Մարդիկ, ովքեր փող ունեին, անգամ հրաժարվեցին ավճար տոմսերից՝ առաջարկելով դրանք տրամադրել առավել կարիքավորներին, ովքեր ընդհանրապես ծայրահեղ վատ կացության մեջ են: Հիմա մենք նույնիսկ չգիտենք 4-րդ թռիչքը երբ է, որովհետև անդադար բանակցություններ են: Օդանավակայանն ընդհանրապես փակ է: Թռիչք կազմակերպելու համար պետք է սահմանային ծառայություն հրավիրեն, գրանցեն, այսինքն՝ մի ամբողջ գործընթաց է, որին պետք է ռուսները համաձայնեն: Քանի իրենք չեն համաձայնվում, ոչ մեկի թռիչքը չենք կարող կազմակերպել: Այդ է պատճառը, որ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է անընդհատ կապի մեջ լինել: Վերջին թռիչքին 220 տեղի համար 230 մարդ էր դիմել: 10 երեխաներ էին: Ստիպված գիրկը վերցրած են թռել: Առաջին հերթին երեխաներով, հիվանդություններով ու սարսափելի կարիքի մեջ գտնվողներին են ուղարկում»: 

 

Թ.Ա-ի՝ դեսպանատնից, հետո նաև օդանավակայանում ստացած տեղեկությունը, թե Հայաստանը չի կարողանում բոլորին հյուրանոցներով ապահովել՝ մեկուսացնելու համար, այդ պատճառով է ձգձվում մարդկանց վերադարձը, Սերոբ Բեջանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ նշելով. «Դա իմ ոչ հաստատելու, ոչ հերքելու խնդիրն է: Խնդիրը կապված է մեր թույլտվությունների հետ, արդյո՞ք մենք թույլտվություն կարողանում ենք ստանալ, թե ոչ, որովհետև իրոք բարդ է թույլտվություն ստանալը: Ընդհանրապես թռիչքներ չկան: 0 թռիչքներ են: Նույն Ռուսաստանը որևէ երկրից չի բերում քաղաքացիների, անգամ ԱՄՆ-ի նման հզոր երկիրը չի տանում: Միակ բերող երկրներից մեկը մնացել է Հայաստանը»:  

 

Դեռ անորոշ է՝ երբ կլինի 4-րդ թռիչքը, բայց անվճար տոմսեր  կլինեն, վստահեցնում է Ս. Բեջանյանը: Բոլոր ջանքերը գործադրելու են՝ այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին  Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. «Իրոք այն պահն է, երբ չկա՝ սա իմ ծանոթն է, սա իմ բարեկամն է գործոնը: Նույնիսկ 1 նման դեպք չկա: Մարդիկ գնում են՝ ըստ առաջնահերթությունների»:

Դիտումներ՝ 561

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը