Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ղազախստանը բացահայտեց ՀԱՊԿ-ի էությունը

January 14, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

2022 թվականն սկսվեց  Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերով։  Հունվարի 2-ին արդեն իսկ բողոքի ցույցերով հայտնի Ժանաուզեն քաղաքում հերթական անգամ սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ գազի գնի եռակի թանկացման։ Հաջակցություն դրանց՝ բողոքի ցույցի դուրս եկան Ղազախստանի մյուս բնակավայրերի քաղաքացիները, և կարճ ժամանակում շարժումն ստացավ զանգվածային բնույթ։

 

Տեղին է հիշատակել, որ 2011 թ․ նույն Ժանաուզեն քաղաքում ածխահատների բացառիկ խաղաղ բողոքի ցույցը դաժանորեն ճնշվեց ցուցարարների գնդակահարմամբ։ Այսինքն, չնայած այս դաժան վերաբերմունքին՝  ընդվզման ձգտումը չվերացավ։

 

Այս անգամ ևս բողոքի ցույցերը բացառապես խաղաղ էին՝ չնայած դրանց աշխարհագրական տարածվածությանը և զանգվածային բնույթին, սակայն պատկերն ամբողջովին փոխվեց «նոր խմբավորումների»՝ որպես բողոքի ցույցի մասնակիցների ի հայտ գալով, որոնք սկսեցին բռնությունները, հրկիզումները և ավերածությունները։

 

Այս խմբավորումների ի հայտ գալուց հետո Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտնեց իբր «երկիր ներթափանցած ահաբեկչական խմբավորումների» մասին, որոնց դիմագրավման նպատակով  օգնության դիմեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությանը՝  ՀԱՊԿ-ին։

 

Ի դեպ, ուշագրավ է, որ նշված «նոր ջարդարար» ցուցարարների ի հայտ գալը համընկավ խաղաղ ցուցարարների կողմից քաղաքական պահանջներ ներկայացնելուն։

 

Երկրում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, պարետային ժամ։ Իրավապահ մարմիններին հրամայվեց առանց զգուշացման կրակել քաղաքացիների՝ որպես ահաբեկիչների վրա։ Առայժմ հայտնի է 164 սպանված քաղաքացիների, այդ թվում՝ իրավապահ մարմինների 12 ներկայացուցիչների և մոտ 8000 ձերբակալված անձանց մասին։

 

Սա հակիրճ և ընդհանրական  նկարագրությունն է ղազախստանյան իրադարձությունների, որոնք տեղի ունեցան 2022 թ․ հունվարի 2-ից մինչև հունվարի 10-ը։

 

Հունվարի 10-ին կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների տեսակապով հանդիպման ժամանակ արձանագրվեցին մի քանի կարևոր, հանգուցային կետեր, որոնք, մի կողմից, ամփոփումը հանդիսացան տեղի ունեցածի հանդեպ ՀԱՊԿ-ի առանցքային պետություն հանդիսացող Ռուսաստանի, նրա արբանյակ պետության՝ Բելառուսի վերաբերմունքի, մյուս կողմից՝ հետին թվով փորձ արվեց հիմնավորումներ ձևակերպել Ղազախստանի ներքաղաքական իրադարձություններին ՀԱՊԿ անդամ պետությունների զորքերի ներգրավման համար։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում բողոքի ցույցերը նույնականացնելով Ուկրաինայում 2014 թ փետրվար-մարտ ամիսներին կայացած Եվրամայդանի հետ՝ դրանք որակեց որպես գունավոր հեղափոխության փորձ և արտաքին միջամտության հետևանք։

 

Նույն դիրքորոշումն արտահայտեց նաև Բելառուսի փաստացի  (դե ֆակտո) նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բառացիորեն մեկուկես տարի առաջ բռնությունների, ապօրինի հետապնդումների, զանգվածային ձերբակալությունների ու արյան մեջ խեղդեց Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բացառիկ խաղաղ բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիների, քաղաքական ընդդիմադիրների ընդվզումը։

 

Այն, որ այս երկու բռնապետական ռեժիմների պարագլուխները համահունչ և նույնաբովանդակ մոտեցումներն ունեն ցանկացած քաղաքացիական ու քաղաքական ընդդիմադիր գործողությունների դեմ՝ օրինաչափ է, որը հաստատված է նրանց գործողություններով, համահունչ է այդ ռեժիմների կառավարման բնույթին, որը բնութագրվում է որպես պետության զավթում։ Պետությունը զավթված է նաև Ղազախստանում։ Վերջինս այն հետխորհրդային պետություններից է, որը մոտ 30 տարի անընդմեջ ղեկավարվել է մեկ անձի կողմից։

 

Նազարբաևը Խորհրդային Միության օրոք Ղազախստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի վերջին Առաջին քարտուղարն էր, ով Խորհրդային Միության փլուզումից հետո դարձավ Ղազախստանի առաջին և անփոփոխ նախագահը մինչև 2020 թվականը։ Այնուհետև նա նախագահի պաշտոնը հանձնեց Տոկաևին, իսկ ինքը ստանձնեց Անվտանգության պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը։

 

Ներկայումս փորձ է արվում տարբեր վերլուծություններով ստվերել Ղազախստանում բողոքի ցույցի բուն պատճառները, որոնք են՝ սոցիալական շարունակական անարդարությունը, համակարգային կոռուպցիան և անպատժելիությունը, բռնապետական կառավարման համակարգի քաղաքական փոփոխության այլընտրանքային հնարավորությունների բացակայությունը՝ քաղաքական ընդդիմության ոչնչացմամբ, մարդու իրավունքների զանգվածային և շարունակական խախտումները, որոնք այլ ելք չեն թողնում քաղաքացիներին, քան բողոքի հրապարակային ցույց անելու, ընդվզելու։

 

Ի տարբերություն Ռուսաստանի և Բելառուսի բողոքի ցույցերի, որոնք ունեին քաղաքական ղեկավարներ (ճիշտ է՝ այդ ղեկավարների մի մասը սպանվեց, ինչպես Բորիս Նեմցովը Ռուսաստանում, մյուս մասը կալանավորվեց, ինչպես Կոլեսնիկովան Բելառուսոմ  և Նավալնին՝ Ռուսաստանում, մի մասն էլ ստիպված էր թողնել երկիրը, ինչպես Տիխանովսկայան՝ Բելառուսում), Ղազախստանում բողոքի ցույցերը չունեին քաղաքական որևէ ուժի կողմից ղեկավարում։

 

Այս պատկերը ցույց է տալիս, որ բռնապետական կառավարումը մշտապես ուղեկցվելու է ընդվզումներով, որովհետև այն իր էությամբ հակաբնական է և հակաքաղաքակրթական, որի պայմաններում բանական մարդը, քաղաքակիրթ մարդը չի կարող գոյատևել շարունակաբար։ Բայց առավել կարևոր արդյունքն այս ամենում հանդիսացավ ՀԱՊԿ-ի՝ որպես միջպետական կառույցի բովանդակության և էության բացահայտումը, հրապարակային բացահայտումը հանրության համար։

 

Այն մասին, որ ՀԱՊԿ-ն բռնապետական ռեժիմներ ունեցող պետությունների կազմակերպություն է, մշտապես արտահայտվել են փորձագետները, քաղաքական վերլուծաբանները, այնուամենայնիվ՝ օրակարգում մնում էր չհերքված կամ չվիճարկվող թեզը, թե ՀԱՊԿ-ն, այնուամենայնիվ, հանդիսանում է անդամ պետությունների նկատմամբ արտաքին վտանգները կանխող կառույց։

 

Սակայն ՀԱՊԿ-ն որպես կառույց առաջին անգամ իր գործողությունը կատարեց ոչ թե արտաքին վտանգը կանխելու, այլ անդամ պետության ռեժիմի անվտանգությունն ապահովելու նպատակով։

 

Այս տեսակետից անսովոր, տարօրինակ և անտրամաբանական է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Ղազախստանում ՀԱՊԿ-ի զորքերի ներգրավման գործողութուններին։ Ինչու՞։ Հարցի պատասխանը գտնելու համար երկար վերլուծությունների և փնտրտուքների կարիք չկա․ բառացիորեն հենց հիմա ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության տարածքը օկուպացված է ՀԱՊԿ անդամ պետություն չհանդիսացող Ադրբեջանի կողմից, ըստ պաշտոնական տեղեկության՝ առնվազն 41 ք/կմ։

 

ՀԱՊԿ-ի առանցքային պետություն հանդիսացող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա արբանյակ պետությունը հանդիսացող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույն ջանադրությանբ, նույն եռանդով և ոգևորությամբ երբևէ գեթ մեկ բառ չարտահայտեցին իրենց կառույցի անդամ պետության նկատմամբ ակնհայտ ագրեսիայի վերաբերյալ, ագրեսիա, որն իրականացվում  է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից։

 

Այսինքն, ՀԱՊԿ-ն ղազախստանյան իրադարձություններով բացահայտեց իր իսկական էությունը, այն, որ հանդիսանում է ոչ թե  քաղաքացիների և իր անդամ պետության անվտանգության երաշխավորը, այլ բացառապես բռնապետական, ավտորիտար ռեժիմների  անվտանգության երաշխավորը։ Գուցե և ավելի ճիշտ կլինի ասել, որ Ղազախստանի քաղաքացիներն իրենց բողոքի ցույցերով բացահայտեցին ՀԱՊԿ-ի իրական դեմքը հանրության լայն շրջանակների համար, որը մինչ այդ հասու էր միայն նեղ շրջանակների համար։

 

ՀԱՊԿ-ի զսպվածությունը Իլհամ Ալիևի ոտնձգութունների հանդեպ հիմնավորվում է նրանով, որ իրեն «հոգեհարազատ» է ավելի շուտ Ալիևի բռնապետական ռեժիմը, որի հետ ունի արժեքային ընդհանրություններ, քան պետության զավթումից դեպի ժողովրդավարական վերականգման ուղում խարխափող և 44-օրյա պատերազմով թուլացած, բայց, այնուամենայնիվ, դեռևս ժողովրդավարության նշույլներ պահպանած Հայաստանի իշխանությունը։

 

Եվ սրանում է կայանում արդեն հիշատակված տարօրինակությունն ու անտրամաբանակությունը, թե ինչ է անում Հայաստանն այս ակումբում։

 

Հետագա իրադարձութուններն անխուսափելիորեն հանգեցնելու են կա’մ Հայաստանում պուտինիզացիային կա’մ, թեկուզ ցավոտ, բայց ապահարզանին։ Ընտրությունն այս երկու ելքերի միջև կատարելու է Հայաստանի իշխանությունը, բայց վերջին խոսքն ասելու է թավշյա հեղափոխություն իրականացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

 

theanalyticon.com

Դիտումներ՝ 213

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????