Այլ | Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսային համավարակի (Covid-19) դեմ պայքարում պատվաստանյութերը համարվում են ճգնաժամային իրավիճակի հաղթահարման միջոցներ։ Համավարակի տարածման բարձր ռիսկերը հանգեցնում են կամավոր պատվաստումներից պարտադիր պատվաստումների անցմանը։ Երկրների մի մասում (Ավստրալիա, Ֆրանսիա, Հունաստան) պատվաստումները պարտադիր են դարձել խնամքի տան աշխատողների, բուժաշխատողների համար, Լեհաստանում պատվաստումը ռիսկային խմբի անձանց համար հնարավոր է պարտադիր դառնա օգոստոսից[1]։
*Առաջին պարբերությունում տեղ էր գտել տեխնիկական վրիպակ, որն ուղղվել է 26․07․2021 դրությամբ։
Այդուհանդերձ արդիական և պարզաբանման ենթակա հարցադրումը կայանում է հետևյալում՝ արդյոք պետությունը միջազգային պայմանագրերով սահմանված իր պոզիտիվ պարավորությունը կատարելիս կարող է մարդու՝ որպես բարձրագույն արժեքի վերաբերյալ ներպետական օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների սահմանափակմամբ իրականացնել պարտադիր պատվաստմանն ուղղված գործողություններ։ Կամ, եթե կարող է նման՝ պարտադիր պատվաստմանն ուղղված միջոցառումներ իրականացնել, ապա ինչպե՞ս և ի՞նչ կարգավորումների հիման վրա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ նաև՝ ԱՀԿ) Covid 19-ի և պարտադիր պատվաստման քաղաքականության համառոտագրում անդրադարձել է այն կարևոր հարցերին, որոնց կարգավորմանը պետք է անդրադառնա պետությունը իր կողմից պարտադիր պատվաստման մեխանիզմը ներդնելիս: Մասնավորապես՝ Covid 19-ի և պարտադիր պատվաստման քաղաքականության համառոտագրում[2] պետություններին առաջարկվում է պարտադիր պատվաստման քաղաքականություն մշակելիս ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին․
Պարտադիր պատվաստման անհրաժեշտություն և համաչափություն․ պետության կողմից պետք է հիմնավորվի, որ պարտադիր պատվաստման ներդրումն ուղղված է հանրային առողջության պահպանմանը, և դրա շրջանակում ձեռնարկվող միջոցները համաչափ են հետապնդած նպատակին: Վերջինս ենթադրում է, որ մինչ պարտադիր պատվաստման ներդրումը՝ պետք է հիմնավորվի այն հանգամանքը, որ այլ միջոցներով՝ տվյալ դեպքում կամավոր պատվաստման պայմաններում հետապնդած գերակա նպատակին հասնել հնարավոր չէ:
Պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ բավարար ապացույցների առկայություն․ հասարակությանը պետք է հասանելի և մատչելի լինի պատվաստանյութի անվտանգ լինելու վերաբերյալ բավարար տեղեկատվություն, ինչը ենթադրում է, որ հասարակության համար պետք է հստակ լինի պատվաստելու և չպատվաստվելու արդյունքում առաջացող ռիսկերի անհամաչափությունը: Պատվաստանյութի անվտանգ լինելու հիմնավորման հետ մեկտեղ, այնուամենայնիվ, պետք է ներդրվի վերջինիս կիրառման արդյունքում պատճառվող հնարավոր վնասների հատուցման մեխանիզմ:
Պատվաստման արդյունավետություն․ պետք է բավարար ապացույցներով հիմնավորվի այն փաստը, որ պատվաստումը հանրային առողջության պահպանման, վարակների տարածման կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոց է:
Մատչելիություն․ պարտադիր պատվաստման մեխանիզմի ներդրմանը զուգահեռ` պատվաստման հասանելիության ապահովում, ինչը ենթադրում է, որ անձը, ում պարտադրվում է ենթարկվել պատվաստման, պետք է ունենա այն անվճար և բավարար քանակով ստանալու հնարավորություն:
Պետության կողմից պարտադիր պատվաստման գործընթացի նկատմամբ հանրային վստահության ձևավորում, որոշումների կայացման թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում:
Իր եզրահանգմամբ ԱՀԿ-ն նշում է, որ Կառավարությունը և (կամ) քաղաքականություն մշակող այլ իրավասու մարմինները պետք է կիրառեն թվարկված հնարավոր բոլոր միջոցները կամավոր պատվաստումները խրախուսելու համար՝ մինչ պարտադիր պատվաստմանն անցնելը: Ընդ որում` պատվաստման պարտադիրությունը պետք է սահմանվի միայն կամավորության անարդյունավետության հիմնավորման դեպքում:
Պարտադիր պատվաստումներն ուղղակիորեն առնչվում են մարդու հիմնարար իրավունքների հետ, ինչպիսիք են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) երաշխավորված կյանքի իրավունքը (Կոնվենցիայի 2-րդ հոդված), անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը (Կոնվենցիայի 8-րդ հոդված)։ Պարտադիր պատվաստումների ներդրմամբ պայմանավորված` իրավունքների սահմանափակումների վերաբերյալ միջազգային նորմերը պահանջում են, որ դրանք հիմնված լինեն օրինականության, համաչափության և անհրաժեշտության սկզբունքների վրա։
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 5-րդ հոդվածի համաձայն` «Սույն Դաշնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել այն նշանակությամբ, որ ինչ-որ պետություն, ինչ-որ խումբ կամ ինչ-որ անձ իրավունք ունեն զբաղվելու որևէ գործունեությամբ կամ կատարելու որևէ գործողություն, որն ուղղված լինի սույն դաշնագրում ճանաչված ցանկացած իրավունքի կամ ազատության ոչնչացմանը կամ դրանց սահմանափակմանն ավելի մեծ չափով, քան նախատեսված է սույն Դաշնագրում»: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածը սահմանում է սահմանափակումների հետևյալ պայմանները.
պետք է սահմանված լինեն օրենքով,
պետք է ապահովեն բացառապես ուրիշների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքը և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը։
Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պաշտպանվում է յուրաքանչյուրի կյանքի իրավունքը, ընդ որում՝ ոչ միայն այն դեպքերից, որոնք ունենում են մահվան ելք, այլ նաև այն դեպքերից, երբ լուրջ վտանգի տակ է դրվում մարդու կյանքը[3]։
Կոնվենցիայի 2-րդ հոդվածն իր մեջ ընդգրկում է երկու նյութական պարտավորություն՝
առաջին՝ օրենքի ներքո կյանքի իրավունքը պաշտպանելու ընդհանուր պարտավորություն,
երկրորդ՝ դիտավորյալ մահ պատճառելու արգելքը, որը սահմանափակվում է թվարկված բացառություններով[4]:
Նյութական պարտավորության հետ զուգահեռ՝ գործում է նաև ընթացակարգային պարտավորությունը՝ արդյունավետ հետաքննելու նյութական բաղադրիչի խախտման վերաբերյալ պնդումները[5]։ Թվարկված սկզբունքները գործում են նաև առողջապահության ոլորտում[6]:
Բժշկական պատվաստումները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո պաշտպանության տակ կարող են առնվել այն դեպքում, երբ այդպիսի միջամտությունները սպառնալիք են մարդու կյանքի համար, օրինակ՝ երբ տվյալ անձն ունի առողջական այնպիսի խնդիրներ, օրինակ՝ ալերգիա, կամ առկա են պատվաստման համար սահմանված այլ հակացուցումներ[7]։
Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում պետության պոզիտիվ պարտավորություններին, ապա պետությունը պարտավոր է ձեռնարկել մարդու կյանքը կանխատեսելի և արտահայտված սպառնալիքներից պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ նաև առողջապահության ոլորտում։ Այդպիսի սպառնալիքները կանխելու համար պետությունը պետք է ընդունի պաշտպանական նորմեր, այդ թվում՝ նաև վարակիչ հիվանդությունների հետ կապված, որոնց անվերահսկելի տարածումը սպառնալիք կարող է հանդիսանալ բնակչության համար[8]։
Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կոչված է պաշտպանելու անհատին՝ իր անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, իր բնակարանի իրավունքի և իր նամակագրության իրավունքի իրացման նկատմամբ կամայական միջամտություններից[9]: «Անձնական կյանք» հասկացությունը ներառում է սեփական մարմնի և կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու անձի իրավունքը, որը վերաբերում է նաև առողջության հետ կապված որոշումներին։ ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան ցույց է տալիս, որ անհատի կամքին հակառակ ցանկացած բժշկական միջամտություն համարվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջների խախտում, նույնիսկ, եթե միջամտությունն աննշան է:
Անձի անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտելու դեպք է համարվում նաև այն, երբ անձը, թեև չի ենթարկվել պարտադիր պատվաստման, սակայն ուղղակիորեն կրել է այն բացասական հետևանքները, որոնք առաջացել են պարտադիր պատվաստումը չանցնելու պատճառով:
Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքին միջամտությունը համարվում է անհրաժեշտ «ժողովրդավարական հասարակությունում», եթե այն համապատասխանում է «անհետաձգելի սոցիալական պահանջին», իրավասու պետական մարմինների կողմից նշված պատճառները «բավարար են և ողջամիտ» և համաչափ՝ հետապնդվող նպատակին[10]։
Ընդ որում՝ միջամտությունը պետք է նախատեսված լինի օրենքով, իսկ օրենքը պետք է լինի հասանելի, ինչպես նաև բավարար չափով պարզ ձևակերպված, որպեսզի հնարավորություն տրվի անհատին ոչ միայն գործելու օրենքին համապատասխան, այլ նաև կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող են վրա հասնել իր, այդ թվում՝ օրենքի պահանջները չկատարելու, գործողությունների հետևանքով[11]: Միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ (բնակչության առողջության պաշտպանությունը և հանրային անվտանգության ապահովումը և այլն) և լինի անհրաժեշտ[12]։
Վերոշարադրյալից բխում է, որ միջամտությունն արդարացված է, եթե այն հիմնված է համապատասխան իրավական հիմքի վրա, հետապնդում է օրինական նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։
Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է նկատել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, թեև չի արգելում պարտադիր պատվաստումների իրականացումը, սակայն պարտավորեցնում է պետություններին միջոցներ ձեռնարկել կյանքին սպառնացող ռիսկերը կանխելու համար։ Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո պաշտպանվող իրավունքներին միջամտությանը, ապա այն ենթակա է գնահատման անհատի և հասարակության շահերի հարաբերակցության, ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության, ինչպես նաև պատվաստումների որակի և մարդկանց կյանքի և առողջության վրա դրանց հնարավոր ազդեցության համատեքստում։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությանը (ՀՀ)՝ պետք է նկատել, որ բացակայում են պարտադիր պատվաստմանն ուղղված իրավական կարգավորումները։ Միաժամանակ բավականին շատ են առանց նման իրավական հիմքերի պարտադիր պատվաստման անցնելու մասին տեղեկությունները, մասնավորապես՝ գործատուների կողմից աշխատակիցներին պատվաստումների հարկադրելու, դրանով պայմանավորված աշխատանքային իրավունքների սահմանափակումների կամ առավելությունների սահմանման շուրջ ծավալվող քննարկումները։
ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք»:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության՝ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:
ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»:
«Բժշկական օգնություն և սպասարկում» հասկացության բովանդակությունը բացահայտվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ըստ որի՝ «Բժշկական օգնություն և սպասարկում» հասկացությունը ներառում է բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումը»։
Օրենքի 24-րդ հոդվածով՝ առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության՝ բժշկական օգնության և սպասարկման իրականացում նախատեսվում է երկու դեպքերում․
1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում՝ Կառավարության սահմանած կարգով․
2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով»:
Ինչպես պարզ է դառնում վերոնշյալից` առանց մարդու/օրինական ներկայացուցչի համաձայնության` բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում է նաև այն դեպքում, երբ մարդու մոտ առկա է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն: Վերջիններիս ցանկը սահմանված է «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ, որում ՀՀ Կառավարության 2020 թվականի փետրվարի 1-ի թիվ 96-Ն որոշմամբ ներառվել է նաև նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV): Ցանկի սահմանված լինելու պայմաններում, այդուհանդերձ, Օրենքի 24-րդ հոդվածի իրավակարգավորման կիրառումը հնարավոր չէ այնքանով, որքանով Օրենքով նախատեսված չէ առանց մարդու համաձայնության բժշկական օգնության և սպասարկման իրականացման կարգը:
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանով նախատեսվում է, որ կանխարգելիչ պատվաստումներից հրաժարման դեպքում յուրաքանչյուր անձ կամ նրա օրինական ներկայացուցիչ ձեռագիր գրում է հրաժարական՝ նախապես ստանալով հրաժարումների վերաբերյալ խորհրդատվություն և իրազեկում։
Վերոգրյալից բխում է, որ ՀՀ օրենսդրությունում բացակայում է նոր կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) պատվաստման պարտադիրության վերաբերյալ որևէ իրավակարգավորում, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ գործատուների կողմից աշխատանքային հարաբերություններում որևէ գործողության կամ անգործության դրսևորում, որն ուղղված է աշխատակցին՝ նոր կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պատվաստվելուն հարկադրելուն, անհիմն է և ոչ իրավաչափ. վերջինս խախտում է մարդու՝ ինչպես որպես աշխատողի, այնպես էլ որպես բարձրագույն արժեքի, ՀՀ օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները:
Այսպիսով` պարտադիր պատվաստման քաղաքականություն մշակելիս անհրաժեշտ է, որ պետությունը, մինչ հարկադիր պատվաստման մեխանիզմի ներդրումը, բարձրացնի հասարակության տեղեկացվածության աստիճանը՝ պատվաստման վերաբերյալ՝ ներկայացնելով կիրառվելիք պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն, պատվաստման անցնելու կամ չանցնելու հետևանքով հնարավոր ռիսկերն ու ոչ ցանկալի հետևանքները, պատվաստման կանխարգելիչ նշանակությունն ու դերը, պատվաստվելու արդյունքում պատճառվող հնարավոր վնասների հատուցման կարգը, այլ կերպ ասած՝
պարտադիր պատվաստումը պետք է սահմանել օրենքով՝ համաչափության և անհրաժեշտության սկզբունքների պահպանմամբ,
ներդնել պատվաստանյութերի կիրառման արդյունքում պատճառվող հնարավոր վնասների հատուցման մեխանիզմ,
բնակչության համար ապահովել պատվաստման վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն և մատչելիություն,
բնակչությանը ապահովել անվճար և բավարար քանակով պատվաստանյութով,
ապահովել պատվաստումների վերաբերյալ որոշումների կայացման թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն։
[1] https://www.reuters.com/world/countries-make-covid-19-vaccines-mandatory-2021-07-13/
[2] Տե՛ս COVID-19 and mandatory vaccination: Ethical considerations and caveats Policy brief https://apps.who.int/iris/handle/10665/340841
[3] Տե՛ս, Մակարացիսն ընդդեմ Հունաստանի (գանգատ թիվ 50385/99 ) գործովՄԻԵԴ-ի 20․12․2004 թ․ որոշում, կետ 55)
[4] Տե՛ս, Բոսոն ընդդեմ Իտալիայի (գանգատ թիվ 50490/99) գորոծով ՄԻԵԴ-ի 05․09․2002 թ․ որոշում։
[5] Տե՛ս, Արմանի Դա Սիլվան ընդդեմ Միացյալ Թագավորության (գանգատ թիվ 5878/08) գործով ՄԻԵԴ-ի 30․03․2016 թ․ որոշում, կետ 229։
[6] Տե՛ս,Կալվելին և Չիլյոն ընդդեմ Իտալիայի (գանգատ թիվ 32967/96) գործով ՄԻԵԴ-ի 17․01․2002 թ․ որոշում։
[7] Տե՛ս, Բոֆֆան և այլ ընդդեմ Սան Մարինոյի (գանգատ թիվ 26536/95) գործով ՄԻԵԴ-ի 15․01․1998 թ․ որոշում։
[8] Տե՛ս, Լոպես դե Սուսա Ֆերնանդեսն ընդդեմ Պորտուգալիայի (գանգատ թիվ 56080/13) գործով ՄԻԵԴ-ի 19․12․2017 թ․ որոշում, կետ 165։
[9] Տե՛ս, Կրունը և այլք ընդդեմ Նիդեռլանդների (գանգատ թիվ 18535/91) գործով ՄԻԵԴ 27․10․1994 թ․ որոշում։
[10] Տե՛ս Վավրիչկան և մյուսներն ընդդեմ Չեխական Հանրապետության (գանգատ թիվ 47621/13 ) գործով ՄԻԵԴ 08․04․2021 թ․ որոշում:
[11] Տե՛ս Դուբսկան և Կրեժովան ընդդեմ Չեխական Հանրապետության (գանգատ թիվ 28859/11 և 28473/12 ) գործով ՄԻԵԴ 15.11.2016 թ․ որոշում:
[12] Տե՛ս, Սոլոմախին ընդդեմ Ուկրաինայի (գանգատ թիվ 24429/03) գործով ՄԻԵԴ 15․03․2012 թ․ որոշում, կետ 35-36։
Leave a Reply