Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱԳՆ-ի անգործությունը Դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ

November 2, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Նորություններ | Պետական կառույցներ | Ռազմավարական գործեր

2021թ․-ի օգոստոսից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է ուսանող Ս․Ք․-ի իրավունքների պաշտպանությունը, ով Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպանության եւ հյուպատոսարանի անգործության պատճառով ամիսներ շարունակ չուներ անձը հաստատող փաստաթուղթ։ ՀՔԱՎ-ի փաստաբան Սամսոն Գալստյանը դատական հայց է ներկայացրել Դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից Ս․Ք․-ին օրենքով սահմանված ժամկետում նոր անձնագիր չտրամադրելուն ուղղված անգործությունը: Երկու տարի անց՝ 2023-ի հոկտեմբերին Դատարանը վճռել է ամբողջությամբ բավարարել ՀՔԱՎ-ի  կողմից ներկայացված պահանջը։

 

Ուսման նպատակով Ս․Ք․-ն 2019-ից բնակվում է Եվրոպայում։ Քանի որ 2021թ. մայիսի 1-ին պիտի լրանար վերջինիս  անձնագրի վավերականության ժամկետը, նոր անձնագիր ստանալու համար 2021թ. հունվարին դիմել է Գերմանիայում ՀՀ հյուպատոսին, փետրվարի սկզբին կատարել պահանջվող 146 եվրո վճարումը եւ ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։

 

Չնայած Գերմանիայում ՀՀ դեսպանությունը եւ հյուպատոսարանը հավաստիացրել են, որ անձնագիրը Ս․ Ք․-ին է ուղարկվել DHL Express  փոստային ծառայության միջոցով, այնուամենայնիվ, անգամ DHL Express-ն է գրավոր կարգով վերջինիս տեղեկացրել, որ առաքում չի կատարվել։

 

Արդյունքում, 2021թ.-ի հոկտեմբերի 6-ի դրությամբ, Ս․ Ք․-ն, սովորելով լավագույն համալսարաններից մեկում, չի ունեցել վավերական անձնագիր եւ օտար երկրում է գտնվել առանց համապատասխան փաստաթղթերի, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել եւ շարունակում է առաջացնել վերջինիս համար, իսկ իր պետության՝ ՀՀ-ի ներկայացուցչական մարմինները, հանձին ԳԴՀ-ում ՀՀ արտաքին եւ լիազոր դեսպանի եւ հյուպատոսի, անարձագանք են թողել օրենքով սահմանված օգնություն տրամադրելու իր բոլոր խնդրանքները։

 

Այսպիսով, քանի որ ԳԴՀ-ում անձնագիր ստանալու գործընթացում որեւէ կերպ հաջողության չի հասել, Ս․Ք․-ն ստիպված է եղել առաջին իսկ հնարավորության դեպքում, համապատասխան չվերթով վերադառնալ Հայաստան եւ տեղում, սեղմ ժամկետներում կազմակերպել նոր անձնագիր ստանալու գործընթացը։ Միաժամանակ, ԳԴՀ-ից Հայաստան գալու եւ այստեղ անձնագիր ստանալու համար վերջինիս անհրաժեշտ է եղել ստանալ վերադարձի համար օրենքով սահմանված փաստաթուղթը՝ ՀՀ վերադարձի վկայականը, որը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է և հնարավորություն է տալիս օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստան` սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում: Ս․Ք․-ն վերադարձի վկայականը պետք է ստանար ՀՀ դեսպանությունից, որը գտնվողում է Բեռլինում, մինչդեռ ինքը բնակվում էր Գերմանիայի այլ քաղաքում։ Քանի որ Ս․Ք․-ն չուներ վավերական անձը հաստատող փաստաթուղթ՝ Գերմանիայում անխոչընդոտ տեղաշարժվելու համար,  ուստի վերադարձի վկայական ստանալու միակ տարբերակը մնում էր օրենքով սահմանված կարգով տեսակապով դիմելը, փաստաթղթերը էլեկտրոնային ներկայացնելը եւ փոստային ծառայության միջոցով վերադարձի վկայական ստանալը։

 

ՀՔԱՎ-ը նախ գրությամբ դիմել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որպեսզի լինեն հետեւողական ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության եւ հյուպատոսարանի կողմից Ս․Ք․-ին վերադարձի վկայականի տրամադրման եւ այդ գործընթացը անխափան կազմակերպելու ընթացքին, որպեսզի օտար երկրում գտնվող  ՀՀ քաղաքացին ևս մեկ անգամ արհեստական խոչընդոտների պատճառով  չբախվի իր պետություն վերադառնալու անկարողության խնդրին։ 

 

Այդպես էլ չստանալով իրեն տրամադրման ենթակա նոր անձնագիրը, ամիսներ շարունակ առանց վավերական փաստաթղթերի ապրելով Գերմանիայում, ստիպված մի շարք չնախատեսված ծախսեր կատարելով, ուսումը որոշ ժամանակ ընդհատելով՝ Ս․Ք․-ն 2021թ․ նոյեմբերին եկել է Հայաստան՝ տեղում իր անձնագրի հետ կապված հարցերը կարգավորելու և անձը հաստատող փաստաթղթով նորից Գերմանիա վերադառնալու և ուսումը շարունակելու համար։

 

2021-ին ՀՔԱՎ-ը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ խնդրելով դատարանից ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից Ս․Ք․-ին օրենքով սահմանված ժամկետում նոր անձնագիր չտրամադրելուն ուղղված անգործությունը: Կայացած վեց դատական նիստերի արդյունքում, երկու տարի անց՝ 2023-ի հոկտեմբերին Դատարանը կայացրել է վճիռ՝ ոչ իրավաչափ ճանաչելով ԱԳՆ-ի դրսևորած անգործությունը։ 

 

Վճիռը ունի նախադեպային նշանակություն, քանի որ Արտաքին գործերի նախարարության անգործությունը առաջին անգամ է Դատարանը ճանաչում ոչ իրավաչափ։ 

Դիտումներ՝ 385

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????