Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ամբողջությամբ փոխվում է ոստիկանության համակարգը

February 17, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, հրապարակվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության նախագիծը, ըստ որի՝ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, Պարեկային ծառայության ստեղծում ճանապարհային ոստիկանության և ՊՊԾ փոխարեն: Ինչպե՞ս եք գնահատում ներկայացված նախագիծը, որքանո՞վ է սա բարեփոխելու մեր ոստիկանության համակարգը։

 

Սրանով ամբողջությամբ փոխվում է ոստիկանության համակարգը և նոր ոստիկանության ուղղված ռազմավարություն է։ Սա այն է, ինչ մենք տարիներ շարունակ պահանջում էինք։ Ռազմավարության մեջ այդ ամենը նշված է, բայց ինչպես ենք դրան հասնելու` շատ կարևոր է այդ գործողությունների համարժեք իրականացումը։ Դա լուրջ ռեսուրսներ է ենթադրում կրթական համակարգում, տեխնիկական համակարգում, սոցիալական համակարգում։ Բայց պետք է ասեմ, որ սա շատ կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման արդյունքում, եթե մենք բոլոր ջանքերը գործադրենք, ապա կունենանք որակապես այլ, ժողովրդավարական և իրավական պետությանը համապատասխանող ոստիկանություն։

 

Հեղափոխությունից հետո ամենաշատ դժգոհությունները հենց ոստիկանությունից են, որ հանիրավի մարդկանց բռնում, ապա ազատ են արձակում։ Ձեր դիտարկումներն այս իմաստով ինչպիսի՞ն են։

 

Ես համաձայն չեմ, որ միայն ոստիկանության հետ են կապված դժգոհությունները՝ Զինված ուժեր, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, կրթական համակարգ։ Բոլոր այն ինստիտուտները, որտեղ բովանդակային և արմատական փոփոխություններ չեն կատարվել այդ ճահճային իրավիճակից հանելու ուղղությամբ, որ տարիներ շարունակ ընկղմված էին, բոլորից էլ դժգոհություն կա։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ դրանք դուրս են մղվում։ Իհարկե, առանձին-առանձին պետք է փոխել և փոփոխություններ մտցնել, բայց շատ կարևոր է, որ նման ռազմավարություններ մշակվեն։ Մենք առայժմ Զինված ուժերի վերաբերյալ չունենք ռազմավարություն, քննչական մարմինների, դատախազության, ԱԱԾ-ի, կրթական համակարգի վերաբերյալ։ Եկեք արձանագրենք, ու այս շարքում միայն ոստիկանությունը չի։

 

Վերջին օրերին մեկ տասնյակից ավելի զոհ ունենք բանակում, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից։ Արդյոք նոր ռազմավարության դեպքում մենք այլ պատկեր կունենայինք։ Ի վերջո, ո՞րն է այսքան շատ դեպքերի բուն պատճառը։

 

Պատճառների մասին բազմիցս խոսել ենք, դա զինված ուժերի կառավարումն է, որը մնացել է նույնը։ Կրթվածությունը, պատրաստվածությունը, սոցիալական, տնտեսական ապահովվածությունը, կոռուպցիան։ Այս բոլոր ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմները չեն կիրառված։ Թե զինված ուժերում, թե իմ նշած բոլոր մարմիններում որևէ բան չի փոխվել։ Եթե ղեկավարները փոխվել են, դա դեռ երաշխիք չէ, որ համակարգային փոփոխություններ են եղել։ Ոստիկանության դեպքում տեսանելի է, թե ինչ պետք է արվի, տեսանելի է նաև, թե ինչ ոստիկանություն ենք ունենալու, բայց նույնը չես կարող ասել մնացած մարմինների վերաբերյալ։ Օրինակ, ինձ համար հասկանալի չէ, թե ենթադրենք մի 5-10 տարի հետո ինչ դպրոց ենք ունենալու, ինչ բուհ ենք ունենալու, ինչ զինված ուժեր ենք ունենալու։ Ինչպիսին պետք է լինի ԱԱԾ-ի տեսանելի պատկերը տարիներ անց։ Առայժմ բոլորը գործում են նախկին ձևերով՝ թե կադրային, թե կարգավորումների, թե օրենսդրական, թե ապահովվածության առումներով։ Այո, որոշ մարմիններում աշխատավարձերն ավելացել են, բայց դա բովանդակային փոփոխություն չէ։ Բոլոր ինստիտուտները պետք է համապատասխանեցնել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին։

 

Զինված ուժերում որո՞նք են այն խնդիրները, որոնք օր առաջ լուծում են պահանջում։

 

Ընդհանրապես զինված ուժերի հիմքում պետք է դրվի զինծառայողի և զինվորի, սպայի, նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Նրանք ռեալ մարդիկ են, որոնք ունեն կարիքներ, որոնք ունեն պահանջներ, իրավունքներ։ Այդ ամենը պետք է պահպանվի, և ծառայությունն այնպես կազմակերպվի, որ լինի գրավիչ։ Սպաների արտահոսքը զինված ուժերից հենց դրանով է պայմանավորված։

 

Սպա-զինվոր հարաբերությունները որքանո՞վ պետք է փոփոխության ենթարկվեն։ Շատերը նշում են, որ այս ընթացքում սպայի լիազորությունները շատ են նվազել։

 

Դրանք արմատական փոփոխության պետք է ենթարկվեն։ Խնդիրն այստեղ լիազորությունները կրճատելու կամ ավելացնելու մասին չի. ինչպիսի՞ սպա ենք մենք ուզում տեսնել՝ խորհրդային համակարգի սպա՞, որը պետք է կատարի միայն հրամաններ և չունենա որևէ ապահովվածություն, դա չի կարող աշխատել 21-րդ դարում։ Սպայի մասնագիտություն ընտրած մարդու համար պետք է հասկանալի լինի, թե ինչ տիպի, ինչ բնույթի ծառայության դեպքում ինչ հաջողություններ կամ առաջխաղացում կարող է ունենալ։ Վերահսկողության օբյեկտիվ գնահատման գործիքներն այստեղ շատ կարևոր են։ Պետք է լինեն աջակցության համակարգեր, վարքագծի վերահսկողության պայմանների ապահովման, բողոքարկման պատշաճ մեխանիզմներ։ Ի վերջո, անմիջական խնդիր ունեցող զինվորին չպետք է տանել բանակ։ Կամ տեխնիկական միջոցները պատշաճ պետք է զննվեն, քանի որ դրանք չապահովելու հետևանքով մահացությունների թիվը զգալի է։ Սա խայտառակություն է։

 

Այս ամենի պատասխանատուն ո՞վ է։ Վարչապետը հայտարարում էր, որ բանակում զոհերի թվով պատմական մինիմումի ենք հասել։

 

Պետությունն է պատասխանատուն։ Խնդիրն այն է, որ պատճառները, որոնց հետևանքով այս վիճակը կա, չեն վերացել։ Ոչ պաշտպանության նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը, ոչ ռազմական ոստիկանության պետը հարկ չեն համարում հանդես գալ, հաշվետվություն ներկայացնել, պարզաբանումներ տալ ստեղծված վիճակի համար, որ զգաս, որ իրենք իրենց պատասխանատու են զգում։ Սա հենց կառավարման համակարգով է պայմանավորված։ Մարդը պետք է հասկանա, որ եթե նման բաներ են լինում, ապա դա կարող է իր համար պաշտոն արժենալ։ Սա է իրավիճակի ախտորոշումը։

 

lragir.am

Դիտումներ՝ 625

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????