0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

2018 -2020 թթ. ռազմավարական պլան

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեսլականն է՝ մարդու արժանապատվության, ժողովրդավարության և խաղաղության գերակա արժեքների վրա հիմնված Հայաստան:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաքելությունն է` Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվության, ժողովրդավարության, խաղաղության նկատմամբ սպառնալիքների և ոտնձգությունների բացահայտում, կանխում և դիմագրավում:

 

Ով ենք մենք

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը /այսուհետ` ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին որպես ՀՔԱ Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ, գրանցվել է 2001 թվականին և վերագրանցվել է 2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Կազմակերպությունն ունի ներկայացուցչություններ Սպիտակ և Երևան քաղաքներում: Կազմակերպության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է ինչպես Լոռու մարզը, այնպես էլ հանրապետության ողջ տարածքը:    

 

Կազմակերպության գերագույն ղեկավար մարմինը Ընդհանուր ժողովն է, որը Կազմակերպության կառավարման և գործունեության վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելու իրավասություն ունի: Ընդհանուր ժողովը բաղկացած է Կազմակերպության անդամներից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ունի 14 անդամ:

 

Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում Կազմակերպության ընթացիկ գործունեությունը վերահսկվում է Կազմակերպության խորհրդի կողմից: Խորհուրդը ներկայացուցչական մարմին է, որն ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խորհուրդը պաշտոնապես ընտրվել է 2012 թ. մարտին և բաղկացած է 5 անդամից:

 

Կազմակերպության գործունեության հիմնական բնագավառներն են՝ մարդու իրավունքների, շահերի պաշտպանություն և խաղաղասիրություն: Իր գործունեությունն իրականացնելիս կազմակերպությունը ելնում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի, նորմերի տեղայնացման և պաշտպանության անհրաժեշտությունից:

 

Հայաստանի Հանրապետությունը Միացյալ ազգերի կազմակերպությանը անդամագրվել է 1992 թ. մարտի 22-ին, իսկ Եվրոպայի խորհրդին՝ 2001 թվականի հունվարի 25-ին: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է միջազգային եւ տարածաշրջանային մի շարք կոնվենցիաներ եւ փաստաթղթեր՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ կից արձանագրությունը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին կոնվենցիան (1993 թվական), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, կից արձանագրությունը (2002 թվական), Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան (2001 թվական), Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան (2001 թվական), Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիան (2001 թվական):

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակի փոփոխությունները 2018թ.-ի ապրիլից հետո

 

2018թ. ապրիլի 23-ին մոտ մեկ ամիս տևած ոչ բռնի, խաղաղ և ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության, լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում հարկադրված հրաժարական տվեց երկու անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած և երրորդ անգամ երկիրը ղեկավարելու հայտ ներկայացրած Սերժ Սարգսյանը: Մինչև նախագահական երկրորդ ժամկետի լրանալը Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կառավարման կարգը սահմանադրական հանրաքվեի միջոցով կիսանախագահականից փոխվեց խորհրդարանականի: Ընդ որում, սահմանադրական փոփոխությունների գործընթացը մասնակցային չի եղել, և փոփոխությունների նախագիծը հրապարակվել է միայն հանրաքվեից երեք ամիս առաջ: Ինքնին հանրաքվեն ընթացել է բազմաթիվ խախտումներով, այդ թվում՝ քվեարկության արդյունքների կեղծմամբ:  

 

Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ակնհայտ հետընթաց ունեցավ ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառներում, նույնիսկ այն բանից հետո, երբ անդամագրվեց Եվրոպայի խորհրդին (2001թ. հունվար), իրականացվեցին օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական 2005 և 2015 թվականների փոփոխությունները: Ազգային և տեղական մակարդակներում ընտրությունները ոչ ազատ էին և ոչ արդար: Մարդիկ հետապնդվում էին իրենց քաղաքական հայացքների, ընդդիմադիր քաղաքական գործունեության և քաղաքացիական ակտիվ գործողությունների համար: Սահմանափակվում էին խոսքի ազատությունը և բազմակարծությունը։ Լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում ենթարկվում էին բռնությունների։ Ոստիկանության բաժանմունքներում և քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև զինված ուժերում խոշտանգումները շարունակական բնույթ ունեին։ Ի վերջո շարունակական և համակարգային բնույթ ունեին մարդու իրավունքների խախտումներն ընդհանուր առմամբ: Եվ այս բոլոր խախտումների համար պաշտոնատար անձինք, իրավապահ մարմինների ներկայացուցիչները պատասխանատվության չէին ենթարկվում, քանի որ նշված դեպքերով արդյունավետ քննություն չէր իրականացվում:  

 

Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատկերը ամբողջական դարձնելու համար պետք է նշել նաև կոռուպցիայի տարածման ծավալները, որոնք միջազգային և տեղական փորձագետների կողմից արդեն գնահատվում էին որպես ազգային անվտանգության սպառնալիք: Հայաստանում այլևս չէին գործում օրենքի առջև բոլորի պատասխանատվության և իրավունքի գերակայության սկզբունքները, տիրում էր անպատժելիությունը։ Դատական իշխանությունը ամբողջովին ենթարկվում էր գործադիր իշխանությանը, և արդարադատությունն իր բնույթով ընտրողական էր: Կառավարման բնագավառում մասնակցային գործընթացը կրում էր իմիտացիոն բնույթ։ Կուսակցությունները, զրկվելով սոցիալական բազայից, իշխանության կողմից տնտեսության մոնոպոլացման հետևանքով դարձել էին իշխող Հանրապետական կուսակցության կողմից ղեկավարվող քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը:

 

Այս ամենին զուգահեռ քաղաքացիական հասարակությունը և նրա ինստիտուտները՝ հանձինս իրավապաշտպան կազմակերպությունների, փորձագիտական վերլուծական կենտրոնների, հետաքննող լրագրության, բնապահպանական շարժումների, որոնք գործում էին ամենատարբեր բնագավառներում (խոսքի ազատություն, հավաքների ազատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու հիմնարար իրավունքներ և այլն), կարողացան զարգացնել իրենց կարողությունները, հմտությունները, մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն ռիսկերի և դրսևորումների, տնտեսական հանցագործությունների փաստաթղթավորման, դրանց հրապարակայնացման, առանձին դեպքերով ռազմավարական դատավարությունների իրականացման,  իշխանությունների կողմից միջազգային պարտավորությունների իրականացման մշտադիտարկման և շահերի պաշտպանության բնագավառներում:

 

Կազմակերպվում էին ամենատարբեր խնդիրներին ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ քաղաքացիական բողոքի ցույցեր, շարժումներ՝ էկոլոգիական հարցերի (օրԹեղուտի պղնձի հանքի շահագործման, Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման, Մաշտոցի կանաչ պուրակում ապօրինի շինարարության դեմ պայքարող նախաձեռնություններ), զինված ուժերում (օր«Բանակն իրականում», «Սևազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնություններ), կանանց (այդ թվում՝ ընտանեկան բռնության), ԼԳԲՏ անձանց, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների և այլ խնդիրների վերաբերյալ:

 

Տեղին է նշել, որ հասարակական կազմակերպությունները ընտրությունից ընտրություն ավելի պրոֆեսիոնալ կերպով էին իրականացնում իրենց դիտորդական առաքելությունները, որոնց շրջանակներում ձեռք բերված տվյալները և կազմված զեկույցները արժանանում էին նաև միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությանը և նրանց կողմից ընկալվում էին որպես անաչառ, օբյեկտիվ և հիմնավոր տվյալներ: Քաղաքացիական հասարակության դաշտում զարգացել է առանձին ինստիտուտների միջև համագործակցությունը՝ միավորումների, կոալիցիաների, համատեղ մշտադիտարկումների և զեկույցների միջոցով: Նրանք բավական ակտիվ գործունեություն էին իրականացնում նաև միջազգային հարթակներում (ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ)՝ ներկայացնելով ստվերային զեկույցներ, հայտարարություններ, դիմումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների տարբեր կառույցներին (Խոշտանգումների դեմ կոմիտե, Մարդու իրավունքների կոմիտե) և այլն:

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ գործունեությունը զուգահեռվում էր իշխանությունների և նրանց թելադրանքով գործող ԶԼՄ-ների կողմից թիրախավորմամբ՝ նրանց ներկայացնելով որպես օտարերկրյա գործակալներ, գրանտակերներ, դավաճաններ, ապազգային տարրեր, որն արտահայտվում էր ոչ միայն խոսքով, այլ նաև սպառնալիքներով, քրեական հետապնդումներով, թեկուզ՝ կարճաժամկետ, սակայն նաև՝ ազատազրկումներով: Այսինքն՝ իշխանությունների կողմից ամենևին չէր ողջունվում քաղաքացիական հասարակության ակտիվությունը: Իշխանությունները հետևողական ջանքեր էին գործադրում նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ կամ որպես հակակշիռ «ներմուծվում էին» ֆեյք հասարակական կազմակերպություններ (Գոնգոներ)՝ փորձելով նվազեցնել անկախ ՀԿ-ների դերը, նշանակությունը և ազդեցությունը, կասկածի տակ դնել վերջիններիս կողմից տրվող գնահատականների օբյեկտիվությունը կեղծ դիտորդների, փաստաբանների, իրավապաշտպանների միջոցով: Այս ամենի հետևանքով երբեմն անջրպետ էր առաջանում հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների միջև:

 

Պետք է նկատել, որ չի եղել որևէ համապետական իրադարձություն, մարդու իրավունքների աղաղակող խախտում, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունն իր դիրքորոշումն արտահայտած չլինի հայտարարությունների, հանրային քննարկումների, զեկույցների, դատական գործընթացների նախաձեռնման միջոցով: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների ջանքերով հանրային ընկալումներում վերացվեց պետական ինստիտուտների թվացյալ անձեռնմխելիությունը։ Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը, որը երկար ժամանակ համարվում էր անքննելի, անձեռնմխելի մարմին, հատկապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ հանրային բողոքների, քրեական գործերի հարուցման պահանջով նախաձեռնությունների, դատական պաշտպանության միջոցով ձեռք բերված լրացուցիչ տվյալների և հատկապես միջազգային ատյաններում այս ամենի ներկայացման ճնշման տակ ստիպված էր դուրս գալ ամբողջական փակ, ռեժիմային վիճակից և հաշվի նստել հանրային կարծիքի հետ:

 

Ինչպես նշել էինք վերևում, իշխանությունների կողմից ընդունվող որոշումներում քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցությունը կրում էր ձևական բնույթ։ Այդուհանդերձ, նույնիսկ այդ արհամարհական վերաբերմունքի պայմաններում քաղաքացիական հասարակությունը երկխոսության այդ սահմանափակ հարթակներն օգտագործում էր իր դիրքորոշումները ներկայացնելու, հանրությանը իրազեկելու նպատակով՝ միաժամանակ ցույց տալով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իշխանության գիտակցված անգործությունը կամ կոռուպցիոն շահագրգռվածությունը:  

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեության համար կարևոր նշանակություն ունեցան ԵԱՀԿ-ի Սիվիլ սոլիդարիթի պլատֆորմը, ԵՄ-ի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումները, իրավապաշտպանների պաշտպանության մեխանիզմները: Պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների գնահատականների նկատմամբ միջազգային կառույցների վերաբերմունքը միշտ չէ, որ ցանկալի բնույթ է կրել։ Վերջիններս շատ դեպքերում քաղաքացիական հասարակության գնահատականներին, տեղեկություններին կամ զեկույցներին վերաբերում էին՝ գործող իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Իհարկե բացառություն են կազմում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Հյուման Րայթս Վոչը, Ամնեսթի Ինթերնեշնլը, Թրանսփարենսի Ինթերնեշնլը, Ֆրիդմ Հաուսը և այլն, որոնք ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը միջազգային հարթակներում ներկայացնելու համար հաճախ միակ միջոցն էին հանդիսանում։

 

Այսպիսով՝ Թավշա հեղափոխությանը նախորդել էր անբարենպաստ պայմաններում քաղաքացիական հասարակության, բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ աշխատանքը, որոնք, ունենալով գործունեության սահմանափակ տարածք, արժանանալով իշխանություների, մեղմ ասած, անբարեհաճ վերաբերմունքին, այնուամենայնիվ կարողանում էին հանրությանը ներկայացնել օբյեկտիվ տեղեկատվություն և ցույց տալ ամենատարբեր խնդիրների լուծման ուղղությամբ վարքագծային նախադեպեր, պայքարի և համագործակցության օրինակներ, իրավիճակի փոփոխության հնարավորություններ: Իր գործունեության մեջ հանրությանը շարունակաբար ներգրավելու, բազմաբնույթ կրթական ծրագրերի միջոցով քաղաքացիական հասարակությունը նպաստում էր հանրության շրջանում իրավագիտակցության բարձրացմանը և պահանջատիրական կեցվածքի ձևավորմանը։ Հատկանշական է, որ Ապրիլյան համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած էին նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ գործիչներ և այդ կառույցների ու նախաձեռնությունների հետ առնչվող քաղաքացիներ։

 

Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ նաև ինստիտուցիոնալ աջակցություն էին ցուցաբերում Հայաստանում ընթացող քաղաքացիական պայքարին՝ ոստիկանական բաժիններում, դատական ատյաններում այդ պայքարում ներգրավված քաղաքացիների իրավունքների պաշտպանություն իրականացնելով և այլ դեպքերում իրավական օգնություն տրամադրելով։ Ապրիլյան շարժման ընթացքում այդ աջակցությունը եղել է առավել համակարգված՝ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունները միասնական թեժ գծի միջոցով շարժման մասնակիցներին իրավախորհրդատվություն էին տրամադրում և արագ արձագանքում իրականացնում։

 

Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության համար ստեղծվել է գործունեության լայն դաշտ Հայաստանում ամենատարբեր բնագավառներում մարդու իրավունքների վիճակի և պաշտպանության բարելավման, իշխանությունների հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակի բարձրացման,  կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և այլ ոլորտներում տարիներ շարունակ ամբարած առաջարկությունները, նախագծերը իրացնելու համար: Իհարկե մենք ներկայումս գտնվում ենք անցումային ժամանակահատվածում, դեռևս ունենք ինստիտուցիոնալ սահմանափակումներ՝ նոր Ազգային ժողով չի ձևավորվել, դատական իշխանությունը չի բարեփոխվել, նոր կառավարությունը դեռևս ամբողջությամբ  չի տիրապետում իրավիճակին։ Ուստի՝ այժմ գտնվում ենք ազատության պայմաններում ապրելուն և գործելուն սովորելու գործընթացում:

 

Ինչ ենք մենք անում

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որդեգրել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ համալիր մոտեցում, որն ուղղված է ինչպես իրավունքների խախտման կանխարգելմանը, այնպես էլ խախտված իրավունքների վերականգնմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնում է հետևյալ տրամաբանությամբ` անհատ -> խումբ-> հասարակություն և պետական ​​հաստատություններ:

  • Իրավական աջակցություն
  • Անվճար իրավական աջակցություն (գրավոր և բանավոր)
  • Դատական պաշտպանություն, ներկայացուցչություն
  • Արագ արձագանքում/թեժ գիծ

 

  • Մարդու իրավունքների մշտադիտարկում/քաղաքացիական վերահսկողություն (այցելությունների, պաշտոնական գրությունների, հասարակական հարցումների, զանգվածային լրատվամիջոցների և այլ միջոցներով) 
    • Փակ և կիսափակ հաստատություններում
    • Ընտրական գործընթացների նկատմամբ
    • Դատաքննության նկատմամբ
    • Թիրախային ոլորտներում պետական ծախսերի նկատմամբ
    • Թիրախային ոլորտներում պետական ​​ծրագրերի իրականացման նկատմամբ
    • Տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման նկատմամբ

 

  • Քաղաքացիական նախաձեռնություն և շահերի պաշտպանություն
    • Իրազեկության բարձրացում (արշավներ, հրապարակումներ, հանրային միջոցառումներ/ մամլո ասուլիսներ, քննարկումներ, շնորհանդեսներ, հրատապ հայտարարություններ, բողոքի ակցիաներ)
    • Օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրություն ու վերլուծություն, օրենսդրական նախաձեռնություններ
    • Ռազմավարական դատավարություններ
    • ՀՀ միջազգային պարտավորությունների վերաբերյալ ստվերային զեկույցների պատրաստում և ներկայացում
    • Հայաստանում մարդու իրավունքների  իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացում միջազգային կազմակերպություններին /հրատապ հայտարարություններ, զեկույցներ/

 

Անհատական ​​մակարդակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քաղաքացիներին տրամադրում են անվճար իրավաբանական օգնություն մի շարք հարցերի շուրջ, իսկ նրանց իրավունքների խախտման դեպքերում ներկայացնում են նրանց շահերը դատարանում կամ աջակցում են նրանց պաշտոնական հարցումներ, հանցագործության մասին հաղորդումներ, հայցեր և բողոքներ կազմելու և ներկայացնելու հարցում: Մենք ոչ միայն ընդունում ենք քաղաքացիներին մեր գրասենյակում, այլև ինքներս ենք այցելում նրանց (տանը, կալանավայրում, բանտում կամ այլ հաստատությունում) և իրավաբանական խորհրդատվություն ենք տրամադրում Հայաստանի տարածքում գործող թեժ գծի միջոցով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը յուրաքանչյուր տարի անվճար իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում մոտ հազար քաղաքացու: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ամեն տարի մոտ 50 սոցիալապես անապահով անձի շահեր է ներկայացնում դատարանում: Բացի այդ կազմակերպությունը տաեկան վարում է մոտ երեսուն ռազմավարական գործ: Ռազմավարական գործերն ընտրվում են ըստ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության կամ իրավակիրառ պրակտիկայի վրա իրենց պոտենցիալ ազդեցության հիման վրա:   

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է մշտադիտարկում (մոնիթորինգ) և տվյալների հավաքագրում (այցելությունների, պաշտոնական հարցումների, սոցիալական ուսումնասիրությունների, զանգվածային լրատվամիջոցների և այլ աղբյուրների միջոցով)` փակ և կիսափակ հաստատություններում, դատարաններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու համար: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացնում է նաև դիտորդական առաքելություն համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչպես նաև պետական ​​ծախսերի և թիրախ ոլորտներում պետական ​​ծրագրերի իրականացման մշտադիտարկում, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալ ծրագրերով` բարեփոխումներ ՀՀ ոստիկանության և դատական մարմինների գործունեության ոլորտում, հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական և այլ օգնության տրամադրում և այլն:

 

Իրավաբանական խորհրդատվության և մշտադիտարկման արդյունքում ստացվող տվյալները օրենսդրական վերլուծության հետ մեկտեղ գործածվում են իրավական նորմերի և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխման առաջարկություններ և զեկույցներ կազմելու համար:

 

Ում հետ ենք մենք աշխատում

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն օրենսդրական առաջարկություններ է ներկայացնում որոշում կայացնողներին և օրենսդիրներին, իրականացնում է և (կամ) մասնակցում է իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներին (ինչպիսիք են` իրազեկման բարձրացման արշավները, հրապարակումները, հանրային լսումները, մամլո ասուլիսները, քննարկումները, շնորհանդեսները, հրատապ հաշվետվությունները, զեկույցները և բողոքի ակցիաները), հայցեր է ներկայացնում ՀՀ Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):  

 

Այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ Կազմակերպությունը պատրաստում և ներկայացնում է ստվերային զեկույցներ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեությունը նվիրված է հետևյալ թիրախ խմբերի իրավունքների պաշտպանությանը



  • Զինծառայողներ, զորակոչիկներ և նրանց ընտանիքներ
  • Ռազմագերիներ, անհայտ կորածներ, հակամարտություններից տուժածներ և նրանց ընտանիքներ
  • Հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքներ
  • Դատապարտյալներ, կալանավորներ և նրանց ընտանիքներ
  • Թմրամիջոց գործածռողներ և նրանց ընտանիքներ
  • Քրեական գործերում ներգրավված վկաներ, տուժածներ, կասկածյալներ, մեղադրյալներ և նրանց ընտանիքներ
  • Քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ
  • Ընտրողներ, դիտորդներ
  • Կրոնական փոքրամասնություններ
  • Սոցիալապես խոցելի խմբեր
  • Երիտասարդներ



Կազմակերպության գործողությունների, զեկույցների, նախաձեռնությունների և առաջարկությունների համար թիրախ լսարան են հանդիսանում հետևյալ կառույցները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն որոշումների կայացման վրա.



  • Դատական ատյանները
    • ՀՀ ընդհանուր իրավասության դատարան
    • ՀՀ առաջին ատյանի վարչական դատարան
    • ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
    • ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և վարչական դատարան
    • ՀՀ վճռաբեկ դատարան
    • ՀՀ սահմանադրական դատարան
    • Մարդու իրավունքների եվրոպական դատարան

 

  • ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ
    • Ավագանի
    • Քաղաքապետարան

 

  • ՀՀ մարզային իշխանություններ

 

  • ՀՀ կառավարություն
    • ՀՀ արդարադատության նախարարություն (Քրեակատարողական վարչություն)
    • ՀՀ պաշտպանության նախարարություն
    • ՀՀ առողջապահության նախարարություն
    • ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
    • ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
    • ՀՀ արտաքին գործերի նախարարություն
    • ՀՀ դատախազություն
    • ՀՀ ոստիկանություն
    • ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
    • ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

  • ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

  • ՀՀ ազգային ժողով
    • Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
    • Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով
    • Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
    • Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով
    • Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
    • Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
    • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

 

  • Զանգվածային լրատվամիջոցներ

 

  • Միջպետական և միջազգային կառույցներ
    • ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
    • ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ
    • ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե
    • ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտե
    • Ովրոպայի խորհուրդ
    • Մարդու իրավունքների եվրոպական դատարան
    • Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե
    • ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
    • Եվրոպական միություն
    • Եվրոպայի արտաքին գործունեության ծառայություն
    • դրամաշնորհատու կառույցներ

 

  • Հասարակությունն ընդհանուր առմամբ



ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ 2018-2020ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԸ

(Նպատակներ, խնդիրներ)

 

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ 2018-2020թթ.-ի  ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԸ (նպատակներ, խնդիրներ)

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 1

Նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և խախտված իրավունքների վերականգնմանը

ԽՆԴԻՐ 1.1

Ապահովել թիրախ խմբերի ներկայացուցիչների իրավական աջակցությունը

ԽՆԴԻՐ 1.2

Բարելավել մարդու խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ կազմակերպության կողմից կիրառվող մեթոդները և մեխանիզմները

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 2

Նպաստել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության բարեփոխմանը, մեխանիզմների արդյունավետությանը և քաղաքացիական վերահսկողության զարգացմանը ՀՀ-ում

ԽՆԴԻՐ 2.1

Գնահատել թիրախ ոլորտներում պետական ծրագրերի իրականացումը

ԽՆԴԻՐ 2.2

Բացահայտել մարդու իրավունքների վիճակը թիրախ ոլորտներում

ԽՆԴԻՐ 2.3

Բացահայտել մասնակցային ժողովրդավարության վիճակը ընտրական գործընթացների և Տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ/ գործունեության մշտադիտարկման միջոցով

ԽՆԴԻՐ 2.4

Գնահատել և խթանել  ՀՀ-ի` որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհդրդի, ԵԱՀԿ-ի անդամ երկրի, ՄԻ բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանց կատարումը

ԽՆԴԻՐ 2.5

Խթանել օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի փոփոխությունը՝ բացահայտված խնդիրների լուծման նպատակով

ԽՆԴԻՐ 2.6

Աջակցել մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտի ձևավորմանը և զարգացմանը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 3

Նպաստել մարդու իրավունքների գաղափարի տարածմանը, մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը,  իրավապաշտպանական և խաղաղասիրական շարժման ընդլայնմանը ՀՀ-ում և տարածաշրջանում

ԽՆԴԻՐ 3.1

Բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների, իրավապաշտպանական և խաղաղասիրական գործունեության վերաբերյալ

ԽՆԴԻՐ 3.2

Համագործակցել ակտիվ քաղաքացիների և իրավապաշտպան կառույցների հետ ՝ազգային և միջազգային մակարդակներում

ԽՆԴԻՐ 3.3

Նախաձեռնել և աջակցել տարածաշրջանում խաղաղասիրական նախաձեռնություններին և խթանել մեկուսացված հասարակությունների միջև փոխվստահության և երկխոսության զարգացումը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 4

Զարգացնել կազմակերպության ենթակառուցվածքային հենքը, կազմակերպական մշակույթը և ինստիտուցիոնալ կարողությունները

ԽՆԴԻՐ 4.1

Զարգացնել և արդիականացնել կազմակերպության կառավարման մեխանիզմները և ենթակառուցվածքային հենքը,

ԽՆԴԻՐ 4.2

Ապահովել և շարունակաբար զարգացնել աշխատակիցների մասնագիտական  և օժանդակ կարողությունները կազմակերպության գործունեությունը իրականացնելու ընթացքում

ԽՆԴԻՐ 4.3

Մասնագիտական և աշխատանքային հատուկ պայմաններից ելնելով աշխատակիցների համար ապահովել անվտանգության և առողջապահական  հավելյալ միջոցներ

 

Ընթացիկ հայտարարություններ

contact
  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը