Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հարցն այլևս քաղաքական իշխանության տիրույթում է. վարչապետը պետք է Ռազգիլդեևի հարցը բարձրացնի ռուսական կողմի առաջ

May 1, 2020

Լրատվամիջոցները մեր մասին | Ջուլիետա Ղուկասյան

«Այս հարցն այլևս իրավական հարթությունից տեղափոխվել է քաղաքական հարթություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործի քննությանը։

 
 

Հիշեցնենք, որ այս գործով տևական ժամանակ է՝ դատական նիստեր չեն կայանում։ Նախօրեին նշանակված դատական նիստը ևս չէր կայացել՝ այն պատճառաբանությամբ, որ ոստիկանությունը չէր կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք ամբաստանյալին դատարան բերելու համար։ Ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը գործուղման մեջ է եղել, իսկ ոստիկանության ուղեկցող դասակին թույլ չեն տվել մուտք գործել ռազմաբազայի տարածք։ Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ․Ենգոյանի փոխանցմամբ՝ 102-րդ ռազմաբազայի հսկիչ անցագրային կետի հերթապահն է ոստիկաններին հայտնել, որ ռազմաբազայի հրամանատարը գործուղման մեջ է։ Իսկ թե ով է փոխարինում հրամանատարին և ով է իրավասու այդ հարցում, փաստորեն ոստիկաններին չեն հայտնել։ Ավելի վաղ՝ մարտի 19-ին, Ն․ Մարտինյուկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին գրությամբ հայտնել էր, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել ամբաստանյալին դատարան ներկայացնելու հարցում, իսկ դատարանի պահանջի կատարումը չի մտնում ռազմաբազայի հրամանատարի իրավասությունների մեջ։

 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերին ամբաստանյալին դատարան չէին բերում, քանի որ ռազմաբազայի ղեկավարությունը անվտանգության երաշխիքներ էր պահանջում Ռազգիլդեևի համար։

 
 

Արթուր Սաքունցն ասաց, որ իրենք հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է և պահանջել են քրեական գործ հարուցել ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ՝ ՀՀ արդարադատությանը խոչընդոտելու հիմնավորմամբ։ Սակայն դրա վերաբերյալ պատշաճ պատասխան չի տրվել, և հիմա իրավապաշտպանն ու իր թիմը դատախազության անգործությունը բողոքարկում են դատարանում. «Ես երեկ դատական նիստի ժամանակ նորից այս հարցը բարձրացրի, որ դատավորը ինքը պետք է որոշում կայացնի ռուսական բազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ արդարադատությանը խոչընդոտելու հիմնավորմամբ։ Դատավորը դեռ կանդրադառնա իմ միջնորդությանը, և քրեական գործ հարուցելը կդիտարկվի որպես վերջին միջոց։ Բայց այստեղ մի ուրիշ հարց կա. Ես առիթ ունեցել եմ արձանագրելու, որ, ի տարբերություն Պերմյակովի դատավարության, երբ որ ՀՀ դատարանը հանձնվեց ռուսական կողմի տնօրինությանը, և դատական նիստերը անց էին կացվում ռազմաբազայի տարածքում, հիմա մի տարբերություն կա, որ ՀՀ դատարանը չի հանձնվել, և դատական նիստերը նշանակվում են Շիրակի մարզի դատարանի շենքում։ Բայց խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունը չի կարողանում ապահովել, որ անձը՝ ՌԴ ռազմաբազայի զինծառայողը, որը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, չեն կարողանում նրան բերել դատարան։

 

Սա արդեն ոչ միայն դատարանի ու դատախազության խնդիրն է, այլև քաղաքական իշխանության խնդիրն է՝ սահմանադրական մարմինների բնականոն աշխատանքն ապահովելու մասով։ Քաղաքական իշխանության տիրույթում է արդեն գտնվում հարցի բարձրացումը ռուսական կողմի առաջ»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում անպատժելիությունը կարող է մնալ առանց հետևանք. ՌԴ քաղաքացին ՀՀ քաղաքացուն կարող է զրկել կյանքից և չենթարկվել պատասխանատվության։ «Այն իրավիճակը, որում մենք հիմա գտնվում ենք, ամենևին չի տեղավորվում ՀՀ քաղաքացու օրինական շահերի ու նրա իրավունքների պաշտպանության պարտավորության շրջանակներում։ ՀՀ քաղաքական իշխանությունը պետք է այս հարցը շատ լուրջ դնի։ Եթե պարոն Լավրովը գտնում է, որ իրենք ՀՀ տարածքում ունեն ամեն ինչ անելու, հակաօրինական գործողություններ կատարելու և չպատժվելու անսահմանափակ իրավունք, բայց դա չի կարող ենթադրել ռուս զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացուն կյանքից զրկել և անպատիժ մնալ»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այս հարցն այլևս թիվ մեկ հարցն է ՀՀ քաղաքական իշխանության առջև, քանի որ այս հարցի դիմաց, երկաթուղու հետ կապված խնդիրներն ուղղակի առոչինչ են։

 

Մեր դիտարկմանը՝ սպասելիք ունի՞, որ ՀՀ իրավապահ մարմինները, դատարանը կարող է քրեական գործ հարուցել ռազմաբազայի հրամանատարի վերաբերյալ, իրավապաշտպանը նկատեց. «Ես արդեն հարցը տեղափոխել եմ քաղաքական իշխանության դաշտ։ Ես արդեն ունեմ փաստ, թե ինչպես է իրեն պահում դատախազությունը։ Այն ժամանակ, երբ պահանջում էինք, որ Ռազգիլդեևը իր խափանման միջոց կալանքը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, դա պատահական չէր, քանի որ, եթե դու մեկ անգամ զիջում ես կատարում քո ինքնիշխանության հարցում, հաջորդիվ գալիս են նման փակուղային իրավիճակներ։ Բայց քանի որ այս իրավիճակն է, արդեն պետք է արձանագրել, որ հարցն այլևս իրավական դաշտում չէ, այն տեղափոխվել է միջպետական հարթություն, որի կրողն այս դեպքում հանդիսանում է ՀՀ վարչապետը»։

 

1in.am

Դիտումներ՝ 345

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????