Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական. Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն է

March 3, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը և երկրի կառավարման մոդելի փոփոխությանը։ Վարչապետը նշեց, որ դիտարկում են անցումը կիսանախագահական կառավարման մոդելի։ «Ի վերջո պետք է խոստովանել, որ 2015-ին գրված և 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունն ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Ի վերջո՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք ԱԺ-ի, կառավարության, նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Մինչ այդ, կան հոդվածներ Սահմանադրության մեջ, որոնց փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե, և դրանք կարելի է փոխել ԱԺ-ի քվեարկության միջոցով»,- այս մասին հրապարակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։

 

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարին էր Հայ ազգային կոնգրեսը կոչ անում սահմանադրական փոփոխություններ իրականացել և անցում կատարել կիսանախագահական կառավարման։ Ըստ ՀԱԿ-ի՝ կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը պետք է սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը դառնա։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ցավով է արձանագրում, որ իշխանությունները նոր են գիտակցում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, նոր են հասկանում, որ գործող Սահմանադրությունը ճգնաժամեր առաջացնող Սահմանադրություն էր։ «Այս Սահմանադրությունը ստեղծվել և պարտադրվել էր միակուսակցական կառավարման համակարգի համար, և այդ տրամաբանության մեջ Սերժ Սարգսյանը գնաց երրորդ անգամ իշխանության ղեկավար դառնալու ճանապարհով՝ ընտրվելով վարչապետ։ Մենք նաև հեղափոխությունից հետո ասացինք, որ օրակարգային թիվ մեկ հարցը պետք է լինի Սահմանադրությունը փոփոխելը, քանի որ այս Սահմանադրությունը չէր կարող երաշխավորել ժողովրդավարական, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության վերականգնումը։ Այս Սահմանադրությունը չունի նման նպատակ։ Այս Սահմանադրության միակ նպատակը միանձնյա կառավարում ապահովելն է։ Ցավալի է, որ դեռևս հեղափոխությունից հետո իշխանությունը չլսեց մեզ ու չգնաց սահմանադրական փոփոխությունների ճանապարհով»,- ասաց Սաքունցը։

 

Մեր զրուցակցի խոսքերով՝ բազմիցս է ապացուցվել, որ այս Սահմանադրությունը խոչընդոտ է նաև բարեփոխումների իրականացման հարցում։ Դատաիրավական բարեփոխումներ, վեթինգ իրականացնելիս բախվեցինք այդ խնդրին, որ Սահմանադրությունը խոչընդոտներ է պարունակում, Սահմանադրական դատարանի խնդրի ժամանակ նույնպես, օրերս Գլխավոր շտաբի հետ կապված խնդրի ժամանակ նույն պատկերն է։ «Այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս Սահմանադրությունը բացառապես ճգնաժամեր է առաջացնում։ Ճգնաժամ սահմանադրական ինստիտուտների միջև, և որևէ լուծում նույն Սահմանադրությամբ չի առաջարկվում։ Ես հարց եմ տալիս՝ է՞լ քանի խնդրի պետք է բախվեր իշխանությունը, որ հասկանար, որ այս Սահմանադրությունը պիտանի չէ։ Ցավոք սրտի, չի գիտակցվել, չի հասկացվել Սահմանադրության անհրաժեշտությունը»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ անցած տարի ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն էլ փակուղու առաջ կանգնեց այն պատճառով, որ ի սկզբանե ձևակերպված չէր խնդիրը։ Պետք էր խնդիր դնել ունենալ իշխանությունների տարանջատման և փոխզսպման մեխանիզմներ, խնդիր պետք է լիներ ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը կապահովեր և կերաշխավորեր իրավունքի գերակայության սկզբունքը, և դրան համապատասխան սահմանադրական մարմինների գործառույթները լուծումներ կտային սահմանադրական մարմինների հարաբերությունների ձևավորմանը»,- ասաց իրավապաշտպանը։

 

Ինչ վերաբերում է կիսանախագահական կառավարման համակարգին, ապա Սաքունցի խոսքերով, կարևոր չէ՝ նախագահն ուղղակի է ընտրվում, թե անուղղակի, այլ կարևոր է, որ երաշխավորված է իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքը, երաշխավորված է պառլամենտական արդյունավետ վերահսկողությունը, երաշխավորված է դատական իշխանության անկախությունը։ «Առաջնահերթ այս խնդիրները պետք է ձևակերպվեն որպես Սահմանադրության մակարդակով լուծվելիք խնդիրներ, և ոչ թե պետք է առաջ մղվի կառավարման մոդելի հարցը՝ նախագահական, կիսանախագահական, թե պառլամենտական։ Կարևոր է ոչ թե անվանումը, այլ բովանդակությունը»,- եզրափակեց իրավապաշտպանը։

 

1in.am

Դիտումներ՝ 131

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????