Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Սա բնորոշ է ավտորիտար կառավարումներին»․ Գլխավոր Շտաբը ՊՆ-ին ենթարկեցնելը իրավապաշտպանները խնդրահարույց են համարում

June 9, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում բանակում, որոնց արդյունքում գլխավոր շտաբի պետը կենթարկվի պաշտպանության նախարարին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․«Մենք ունենալու ենք նոր մոդել, որով գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Զինված ուժերը զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Այսինքն՝ այն գործով, ինչով պիտի զբաղվի», – ասել է Պապիկյանը։

 

Մինչ այդ, ըստ Պապիկյանի, նախաձեռնել են օրենսդրական փոփոխություն, որն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով։ Թե կոնկրետ երբ, նախարարը չի նշել։

 

Հարցին, թե արդյոք սպասվող այս փոփոխությունն է պատճառը, որ Հայաստանը մինչև օրս չունի գլխավոր շտաբի պետ, ինչի համար արժանանում է և՛ խորհրդարանական ընդդիմադիրների, և՛ այլ ուժերի քննադատությանը, պաշտպանության նախարարը պատասխանել է․«Պատճառը դա չէր, պատճառը նաև ճիշտ որոշում կայացնելն է իհարկե, բայց նաև այսօրվա շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորությունները, ես ուզում եմ հասկանալ՝ խնդիրն ինչի՞ մեջ է»։

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին պետը Արտակ Դավթյանն էր, նա ազատվել է այս տարվա փետրվարին։ Դրանից հետո գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է դարձել առաջին տեղակալ Կամո Քոչունցը, ով հիմա էլ շարունակում է պաշտոնավարել։

Դրանից մեկ տարի առաջ էլ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ էր արվել, երբ նա և ևս 40 բարձրաստիճան զինվորականներ պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ սա զինված հեղաշրջման փորձ էր համարել։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս որոշումը ճիշտ չի համարում։ Մեր զրուցակիցը գտնում է, որ զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական սպառազինությունների ապահովման պատվերների, զինվորական կարգապահության հարցերը միանշանակ պետք է տարանջատվեն պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակվող պաշտպանական գերատեսչությունից․ «Պաշտպանության բնագավառում քաղաքականության իրականացումը և պաշտպանության ապահովումը պետք է գործառույթային առումով տարանջատված լինեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Թե ինչ նպատակով է նման քայլ իրականացվում, Սաքունցը գտնում է, որ հարցը պետք է ուղղել նախաձեռնողներին։ Դիտարկմանը, գուցե նախկին փորձերի հիման վրա է սա արվում, իրավապաշտպանը նշեց․ «Պատերազմի ժամանակվա ռիսկերն այս ամենի հետ կապ չունեն։ Չգիտեմ, թե նախկին փորձն ինչ վերլուծության է ենթարկվել, ովքեր են վերլուծության ենթարկել և ինչով է այս առաջարկությունն ու մոտեցումը տալիս լուծումներ այն խնդիրներին, որոնք այդ վերլուծության արդյունքում արձանագրվել են»։

 

Դիտարկմանը, թե ՊՆ նախարար-ԳՇ պետ խնդիր կար դեռ Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի օրոք, նաև պատերազմից հետո Օնիկ Գասպարյանի ԳՇ պետ եղած ժամանակ և գուցե կա անվստահության խնդիր, Սաքունցը նշեց՝ այդ խնդիրներն ավելի շատ քաղաքական ղեկավարության հետ են կապված եղել․ «Նման քայլն ավելի շատ հատուկ է ավտորիտար պետության կառավարմանը։Սա այն ճանապարհը չէ, որ կարող է լուծումներ տալ։Կոնկրետ այս նախաձեռնությունը, կրկնում եմ, ավտորիտար պետություններին է բնորոշ»,-եզրափակեց նա։

 

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այս որոշումը բացատրում է այն հանգամանքը, թե մենք ինչու տևական ժամանակ չունեինք Գլխավոր շտաբի պետ․ «Սա նոր ու սպոնտան գործընթաց չէ, վաղուց էր ծրագրված նման բան անել։ Ես այլ մտավախություն ունեմ՝ առ այն, որ մեր պաշտպանությունը հանձնվելու է այն ուժերին, որի արդյունքում մեզ գլխավոր շտաբ որպես այդպիսին պետք չի լինելու։ Դա է պատճառը, որ առաջին փուլի համար կորդինացիան են ուզում փոխել, որի արդյունքում մենք հետո կունենանք շատ ավելի բարդ իրավիճակ»։

 

Կարապետյանցը նշում է, որ եթե մենք ամբողջ Զինված ուժերում չունենք գեթ մեկ բարձրաստիճան սպա, որին կարելի է վստահել Գլխավոր շտաբը՝ դա նշանակում է, որ մենք լուրջ խնդրի առաջ ենք․ «Ես առավել քան վստահ եմ, որ մենք ունենք մասնագիտենտեր, գուցե բավարար փորձառություն չունենան, բայց իրենց հմություններով ու գիտելիքներով կարող են նշանակվել այդ պաշտոնում։ Այլ խնդիր է, թե քաղաքականապես ինչ ծրագիր է նախատեսվում իրականացնել և գուցե դրա համար կարիք կա այդ կառույցն առհասարակ լուծարել։ Որքան ես եմ տեղյակ՝ երկար ժամանակ գլխավոր շտաբի պետ պաշտոնակատար է նշանակված եղել։ Եթե այդպես է, ուրեմն նպատակահարմար են գտել նրան նշանակել, ուստի ի՞նչն էր խանգարում նշանակել ԳՇ պետի պաշտոնում։ Պարզապես այդ կառույցի կարիքը չկա, հետևաբար արդեն իսկ հստակ քայլերով գնում ենք դեպի սուվերենության կորուստ։ Դա այն է, ինչ կանխատեսում էինք, բայց շատերը չտեսնելու էին տալիս»,-եզրափակեց նա։

1in.am

Դիտումներ՝ 32

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????