Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պե՞տք է սահմանափակել բանակի մասին հրապարակումները. Իրավապաշտպանը դա ճգնաժամի աղբյուր է համարում

January 12, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ պետք է գոնե ժամանակավորապես արգելել լրատվամիջոցներին գրել բանակի թեմայով: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

 

Նրա խոսքով՝ ընդհանրապես նման ճգնաժամային իրավիճակներում գայթակղիչ են թվում իրավունքների ոչ միայն անտեսման, այլև մարդու հիմնարար արժեքները անտեսելու, արժեզրկելու միտումները՝ մոռանալով, որ այդ ճգնաժամերը հետևանք են հենց այդ մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների շարունակական անպատժելի անտեսման։

 

«Առավել ևս ճգնաժամային իրավիճակներում ճգնաժամի հաղթահարման երաշխիքը հենց կարող է հանդիսանալ այդ արժեքների հիման վրա մոտեցումները, որի դրսևորումներից են հաշվետու և թափանցիկ կառավարումը, մասնակցայնությունը որոշումների կայացմանը և մարդու իրավունքների մեխանիզմների հզորացումը, որովհետև ճգնաժամը հենց մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների չգործելու, ոտնատակ տալու հետևանք է: Հենց այդ տեսակետից պետք է մոտեցումները ձևավորվեն, և խոսքի, կարծիքի արտահայտման առումով որքան քննարկումներ լինեն, կարծիքներ արտահայտվեն, այնքան ճգնաժամի հաղթահարման ելքերը հնարավոր կլինի գտնել»,- ասաց Սաքունցը:

 

Նա ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, տվյալ դեպքում՝ կարծիքի արտահայտումը, անհրաժեշտ է նույն անվտանգության ապահովման տեսակետից, հասարակական կարգի, սահմանադրական կարգի պահպանման տեսակետից. «Իսկ սահմանափակումներն անհրաժեշտ են այնպիսի տեղեկությունների նկատմամբ, որոնց հրապարակումը կարող է վտանգել մարդու, պետության անվտանգությունը: Միաժամանակ այդ սահմանափակումները անսահմանափակ չեն կարող լինել, միայն անվտանգային խնդիրների հաղթահարման տեսանկյունից։  Ժողովրդավարական պետության պայմաններում նույնիսկ սահմանափակումների դեպքում խոսքը ոչ թե իրավունքների սահմանափակման, այլ դրանց ապահովման մասին է՝ այն իմաստով, որ չհանգեցնի մարդու իրավունքների վերացման»։

 

Արթուր Սաքունցը համոզված է, որ սահմանափակումների բոլոր նման միտումները ուղղված են ճգնաժամի՝ որպես մշտական ապրելակերպի, հաստատմանը, ինչն անթույլատրելի է։

 

«Երբ արժեքային հիմքը վերացվում է, պարարտ հող է ստեղծվում բռնության, սպառնալիքների, բռնության կոչերի համար, որոնք ճգնաժամը խորացնելու դրսևորումներ են։ Երբ թիրախավորվում են առանձին մարդիկ՝ ըստ իրենց քաղաքական, սոցիալական, կրթական, էթնիկ, ունեցվածքային և այլ հատկանիշների, սա է ճգնաժամի բուն էությունը: Երբ չկա խնդիրների լուծման արժեքային հիմք, մարդու իրավունքների հարգանքի բացակայությունը, դեֆիցիտը ճգնաժամի պատճառ է հանդիսանում: Պատերազմը  հետևանք է ոչ թե մարդու իրավունքների հարգանքի, այլ դրա բացակայության, իսկ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների գաղափարների անունից հանդես գալով՝ այդ արժեքները արժեզրկելը որևէ ընդհանրություն չունի ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ։

 

Եթե խոսում ենք Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների մասին, ապա դա հենց ԶՈՒ-ի նկատմամբ հանրային վստահության ճանապարհն է, հանրային վստահության ապահովման երաշխիքը։ Կոռուպցիայի մասին երբ խոսում էինք տարիներ շարունակ, և շատերն ասում էին, որ դրա բարձրաձայնումը քայքայում է պետության անվտանգությունը, սուտ է:

 

Կան, իհարկե, տվյալներ, որոնք գաղտնիք են, բայց մարդկանց իրավունքներին վերաբերող խնդիրները որևէ սահմանափակման չեն կարող ենթարկվել: Սահմանափակումը ճգնաժամի խրախուսում է, ճգնաժամի խորացման պատճառ, այնպես որ՝ նման խոսակցությունը հենց հակասում է ճգնաժամի հաղթահարման ձգտումներին։ Անվտանգությունը առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի չի կարող լինել արդյունավետ, իրական և երկարաժամկետ»,- հայտարարեց իրավապաշտպանը:

 

1in.am

Դիտումներ՝ 78

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????