Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2018-ի ապրիլյան ցույցերի 8 մասնակցի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը

April 30, 2019

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հավաքների և միավորման ազատության իրավունք | Հրապարակումներ | Նորություններ

2018թ․ ապրիլյան քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի ընթացքում ոստիկանների գործողություններից տուժած 8 քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

 

Նրանց իրավունքների պաշտպանությունն իրականացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Արայիկ Զալյանը, Սյուզաննա Սողոմոնյանն ու Արտուր Հարությունյանը։

 

Ութ քաղաքացիներից երեքի գործով նաև ՀՀ ոստիկանությունից վնասի փոխհատուցման հայց է ներկայացվել դատարան։

 

Իսկ նրանցից Ս․ Պողոսյանի գործով ՀՀ վարչական դատարանն արդեն վճիռ է կայացրել և նրան բերման ենթարկելու ու ոստիկանության բաժնում սահմանված ժամանակից ավել պահելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ է ճանաչել։

 

Ուշագրավ է, որ հարուցված քրեական գործերը, որոնց շրջանակներում հետապնդվում էին ցուցարարները, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կարճվեցին, իսկ բերման ենթարկելու հիմնավորումների ապացույցներ ոստիկանները չկարողացան ներկայացնել և դադարեցրին հետապնդումները։

 

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ քրեական գործերը ցուցարարների շրջանում խուճապ առաջացնելու, վախի մթնոլորտ ստեղծելու և դրա հետևանքով ցուցարարների թիվը նվազեցնելու նպատակ են հետապնդել։

 

Ոստիկանության աշխատակիցները խախտել են ցուցարարների՝ հավաքների ազատության, ազատության և անձնական անձեռնմխելիության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները, ենթարկել անօրինական հետապնդումների։

 

Սարգիս Պողոսյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 2018թ․ ապրիլի 19-ին Երևանի Արշակունյաց փողոցից և ոստիկանության բաժնում պահվել սահմանված 3 ժամից ավելի։ Չնայած ՀՀ ոստիկանության պնդումներին, թե ոստիկանների այդ գործողությունները օրինաչափ են եղել և խախտումներն էլ թույլ են տրվել, ըստ իրենց, օբյեկտիվ պատճառներով, դատարանը արձանագրել է, որ ոչ բերման ենթարկելու, ոչ էլ բաժնում 3 ժամից ավել պահելու օրինական հիմքեր չեն եղել, և 2019թ․ մարտի 21-ի վճռով ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ է ճանաչել։

 

Տիգրան Բալայանը բերման է ենթարկվել 2018թ․ ապրիլի 17-ին Երևանի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկից։ Մինչ բերման ենթարկելը՝ ոստիկանները հարվածներ են հասցրել նրան, երբ մյուս ցուցարարների հեռանալուց հետո Տ․ Բալայանը մնացել է տեղում։ Նրա պահանջին, որ ոստիկանները ներկայանան, վերջիններս պատասխանել են հայհոյանքներով։ Իսկ բաժնում արդեն բացատրել են նրա իրավունքները, այդ թվում՝ բուժօգնության դիմելու։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել են վնասվածքները, իսկ ոստիկանները հեռացել են։ Տ․ Բալայանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, Տ․ Բալայանը տուժող է ճանաչվել։

 

2018թ․ դեկտեմբերի 13-ին ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանը նաև ՀՀ ոստիկանությունից նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայց է ներկայացրել դատարան։ Նա դատարանից պահանջել է ճանաչել Տ․ Բալայանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումն ու անօրինական քրեական հետապնդման ենթարկելու փաստը և փոխհատուցում տրամադրել տուժողին։

 

Ավետիս Քեշիշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է 2018թ․ ապրիլի 22-ին, տեղափոխվել ձերբակալվածներին և կալանավորներին պահելու վայր, որտեղ մնացել է 24-26 ժամ։ ՀՔԱ Վամաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, այն միացվել է արդեն հարուցված քրեական գործին, Ա․ Քեշիշյանը տուժող է ճանաչվել։

 

Նրա գործով ևս վնասի փոխհատուցման հայց է ներկայացվել 2019թ․ հունվարի 10-ին։

 

Մանուշակ Մելքոնյանը բերման է ենթարկվել 2018թ․ ապրիլի 21-ին ավտոերթի մասնակցելուց հետո։ Նրան տեղափոխել են քաղաքացիական հագուստով 4 անձինք՝ առանց պետհամարանիշի ավտոմեքենայի և Ոստիկանության Կենտրոնական բաժնում պահել 7,5 ժամ։ Մ․ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Մինչ քրեական հետապնդումը դադարեցնելը՝ Մ․ Մելքոնյանը եղել է մեղադրյալի կարգավիճակում՝ վախի, տագնապի ու անորոշության մեջ։

 

2018թ․ նոյեմբերի 1-ին ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը  բարոյական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հիմքով,  և ՀՀ ոստիկանությունից պահանջել է 1․ 112․260 ՀՀ դրամ փոխհատուցում։

 

Թամարա Սարգսյանն ու նրա անչափահաս դուստր Արևիկ Վարդանյանը ևս 2018թ․ ապրիլի 21-ին Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել՝ առանց օրինական հիմքերի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով և ոստիկանության Արաբկիրի բաժնում պահվել 3 ժամից ավելի՝ կրկին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։

 

Այս դեպքում ևս իրավախախտում կատարելու փաստը հիմնավորող ապացույցներ ոստիկանությունը չի կարողացել ձեռք բերել և արդեն 2018թ․ հունիսի 5-ին զեկուցագրով հայտարարել է այդ մասին։

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Թամարա Սարգսյանն ու Արևիկ Վարդանյանը տուժող են ճանաչվել։ Նրանց իրավունքների պաշտպանությունն իրականացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանն ու Արտուր Հարությունյանը։ 2019թ․ հունվարի 23-ին նրանք հայցադիմումներ են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՝ Թամարա Սարգսյանի և Արևիկ Վարդանյանի նկատմամբ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով։

 

Անտոն Իվչենկոյին 2018 թվականի ապրիլի 17-ին՝ 10։30-ի սահմաններում, խաղաղ ցույցերի մասնակցելիս ոստիկանները բերման են ենթարկել  Երևան քաղաքի Մաշտոցի բաժին՝ առանց բացատրելու, թե ուր, ինչի համար և ինչ նպատակով են տանում։

 

Ավելին՝ նրա հարցին, թե ինչի համար են իրեն տանում, ոստիկանության ծառայողը պատասխանել է՝  «Կյաժ էս, դրա համար»:

 

Մինչև 12։40 նրա նկատմամբ ոստիկանի օրինական խահանջը չկատարելու համար վարչական վարույթ է իրականացվել, բայց ազատ է արձակվել միայն 17։20-ի սահմաններում։ Մինչ այդ վատացել է նրա ինքնազգացողությունը և հրավիրվել է շտապօգնություն։

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, Անտոն Իվչենկոն ճանաչվել է տուժող։ Նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արտուր Հարությունյանը։

 

Անտոն Իվչենկոյին բերման ենթարկելու և առանց իրավական հիմքի ոստիկանության բաժնում պահելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով էլ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

 

Դավիթ Բուլանիկյանին ոստիկանները բերման են ենթարկել 2018 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում։ Նրան ևս չեն պարզաբանել՝ ինչի համար և ուր են տանում։

 

Ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի բաժնում ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու համար նրա նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է արձանագրություն, որից հետո՝ ժամը 15։30-ի սահմաններում, ազատ է արձակվել։

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Բուլանիկյանը ճանաչվել է տուժող։ Նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արտուր Հարությունյանը։

 

Բուլանիկյանին բերման ենթարկելու և առանց իրավական հիմքի ոստիկանության բաժնում պահելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետևողական է լինելու ոստիկանության կողմից անօրինական հետապնդումների ենթարկված ցուցարարների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման հարցում։

 

Դիտումներ՝ 2056

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????