Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները Հայաստանում՝ անցումային արդարադատության համատեքստում» թեմայով փորձագիտական քննարկում․ խնդիրներ և առաջարկներ

July 26, 2019

Գործունեություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հունիսի 26, 2019

 

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում»  և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրերի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը (Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ) և  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի հետ համատեղ) կազմակերպել էին փորձագիտական քննարկում։

 

Մասնակիցները ներկայացրին խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի դեպքերը Հայաստանում, դրանց կանխարգելման օրենսդրական և գործնական հնարավորությունները, զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները՝ Հայաստանում անցումային արդարադատության լույսի ներքո։ Ներկայում ԱԺ-ը մշակում է Անցումային արդարադատության փաստաթղթային փաթեթը: Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը  պատրաստ է ընդունել փորձագիտական և քաղհասարակության ներկայացուցիչների այն առաջարկությունները, որոնք միտված են հանրային համերաշխության վերականգնմանը, հիմք ընդունելով, որ Անցումային արդարադատության վերջնանպատակը ոչ թե պատժիչ մեխանիզմներ ստեղծելն է, այլ Վերականգնողական արդարադատության սկզբունքներին համահունչ՝ իրավունքի վերականգնման մեխանիզմներ գտնելը։ Այնումենայնիվ, պետության ջանքերն՝ ուղղված հատկապես  Քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների կամ լրացուցիչ զրկանքներ պատճառելու և նվաստացուցիչ բնույթ կրող գործողությունների կանխարգելմանը, դեռևս գնահատվում են անբավարար։ Մասնավորաբար, այդպիսի հատկանիշներ ունեն կալանավորված մարդուն ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցություններից ու կապից զրկելու՝ նախաքննական մարմնի գործողությունները (որոնք արվում են քննության հետ չհամագործակցելու պատճառով)։ Փորձագետները մտահոգիչ են համարում այն փաստը, որ դատարանները հաճախ չեն վերանայում քննիչների որոշումը և անձը տարիներով զրկվում է հաղորդակցությունից։ Այս համատեքստում  օրենսդրության մեջ առաջարկվում են հետևյալ փոփոխությունները․

 

 

  • Տեսակցությունից զրկելու որոշումը սահմանափակել ժամկետներով,
  • կիրառել այն իբրև ինքնուրույն հարկադրանքի միջոց, ենթարկել պարբերական վերանայման,
  • կոնկրետ նշել այն մարդու անունը, ում հետ տեսակցությունը առաջարկվում է արգելափակել։ 

 

 

Հաջորդ խնդիրը, որն ըստ փորձագետների չի նպաստում անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանը, Պրոբացիոն ծառայության ներկա վիճակն է։ Չկա պետության պատշաճ ուշադրությունն այս ծառայության նկատմամբ, ՊԾ աշխատակիցները չեն ընկալում սեփական դերը։ Օրինակ՝ մարզերից մեկում ՊԾ-ը տեղակայված է դատախազության շենքում և ծառայողները ներկայանում են իբրև դատախազներ, որպեսզի շահառուն իրեն ավելի պատշաճ պահի։ Լուրջ խնդիր է խորհրդատվական զեկույցների կազմումը։ 

 

Անմարդկային և վատ վերաբերմունքի բազմաթիվ դրսևորումներ կան  ՔԿԾ համակարգում՝ անկախ բժշկական կենտրոնի կայացած չլինելու պատճառով։  Բժիշկների նկատմամբ վստահությունը շատ ցածր է, բժիշկն ընկալվում է իբրև քրեակատարողական ծառայող և հակառակը՝ բժիշկն ազատությունից զրկված մարդուն չի ընկալում իբրև պացիենտ։ Արձանագրվել են բժշկական գաղտնիքի բացահայտման դեպքեր, դեղերի գնման և պահման հետ կապված լուրջ խնդիրներ։ Ազատությունից զրկված մարդկանց մոտ ևս հայտնաբերվել են ժամկետանց դեղեր, չի իրականացվում պատշաճ հաշվառում և վերահսկողություն։ 2019 թ․-ի տարեսկզբին Նուբարաշեն ՔԿՀ-ում երկար ժամանակ հացադուլի մեջ գտնվող անձի մահից հետո հասարակական վերահսկողություն իրականացնող խումբն արձանագրել է, որ ՔԿՀ-ում բուժսպասարկման ոլորտի ներկայացուցիչ չի եղել, ընդհուպ՝ հերթապահող անձնակազմից։  ՔԿՀ այցելող դիտորդական խմբի մշտադիտարկման արդյունքներով, օրինակ, Նուբարաշեն ՔԿՀ-ում Կոնվենցիայի երրորդ հոդվածի ներքո խախտման համար հիմք են ստեղծում դատապարտյալների պահման պայմանները և վարչական աշխատակազմի համար տարրական սանիտարական պայմանները։ Փորձագետներն առաջարկում են․ 

 

 

  • ՔԿԾ ոլորտում ուժեղացնել հսկող սուբյեկտների վերահսկողությունը, մշակել բժիշկների վերապատրաստման պատշաճ մեխանիզմ։ 
  • Ուշադրություն դարձնել  քրեակատարողական ծառայողների սոցիալական երաշխիքներին, աշխատավարձերին, աշխատանքային պայմաններին՝  ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը արդյունավետ իրականացնելու համար։ 
  • Ունենալ բավարար թվով ծառայողներ՝ ապահովելու համար ազատազրկված մարդկանց զբոսանքի իրավունքը։ 

 

  • Լուծել ՔԿՀ համակարգում բավարար թվով հոգեբաններ ներգրավելու խնդիրը։ 

 

Փորձագիտական քննարկմանը մասնակից իրավապաշտպանների  գնահատմամբ, Կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում է համարվում նաև ազատության հույսից անձի զրկված լինելը, ինչին նպաստում է նաև Պայմանական վաղաժամկետ ազատման ներկա համակարգը։ Խոսքը մասնավորաբար վերաբերում է ցմահ դատապարտվածներին։ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի որոշումներով, ցմահ ազատազրկվածի ազատումը պատժից չի կարող համընկնել նրա կենսաբանական մահվանը, դա համարվում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Պետությունը պարտավոր է ապահովել այնպիսի գործիքակազմ, որ անձը կարողանա օգտվել վաղաժամկետ ազատման իրավունքից։ Վերջին 20 տարվա ընթացքում, Հայաստանում այդ իրավունքից օգտվել է միայն մեկ ցմահ դատապարտյալ։ 2018-ի մայիսին մշակված՝ դատապարտյալների վիճակի բարելավման վերաբերյալ փաթեթում դրական մի շարք փոփոխություններ կան․ վերացվել է ցմահ դատապարտյալների անջատ պահման կանոնը,  հեշտացվել է և շուտով ուժի մեջ կմտնի ցմահ դատապարտյալներին բաց ռեժիմ տեղաբաշխելու հնարավորությունը։ Քրեկատարողական ծառայության ներկայացուցչի խոսքով, չնայած ՔԿԾ և Պրոբացիայի ծառայության դրական զեկույցներին, դատարանը հիմնականում մերժում է պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունները։ Հուսադրող է, որ ազատությանը նախապատրաստելու ճկուն մեխանիզմ կապահովի վերջերս ներդրված՝դատապարտյալների բալային գնահատման նոր համակարգը։

 

 

  • Փորձագիտական հանրույթն  առաջարկում է պատժի կրման ժամանակատվածում հստակ և հետևողականորեն իրականացնել այնպիսի աշխատանք, որը ազատազրկվածին թույլ կտա օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից։ 

 

  • Դրսևորել ազատությունից զրկված անձի նկատմամբ անհատական մոտեցում, իրականացնել վարքագծի ռիսկային գնահատում՝ ղեկավարվելով անձի վարքագծի նկատմամբ վստահության կանխավարկածով։ 

 

  • Վերացնել այն գործոնները, որոնք օբյեկտիվորեն մարդուն զրկում են ազատ արձակվելուց հետո հասարակությունում ինտեգրվելու հնարավորությունից։ 

 

  • Ուժեղացնել դատական հսկողության մեխանիզմները՝ ի հաշիվ դատախազական հսկողության (քանի որ դատախազության՝  մեղադրանքը պաշտպանելու և պատժի կրման նկատմամբ հսկողություն ունենալու միաժամանակյա գործառույթը հանգեցնում է շահերի բախման)։ 

 

 

Փորձագիտական քննարկման ընթացքում նշվեց, որ Հատուկ քննչական ծառայության և գլխավոր դատախազության  տվյալներով, 2015 թ.-ից (երբ քրեական օրենսգիրքը համալրվել է խոշտանգումը քրեականացնող՝ 309.1 հոդվածով) մինչև 2019 թ.-ի սկիզբը, պաշտոնատար անձի կողմից խոշտանգման վերաբերյալ հոդվածով քննվել է 113 գործ, որից 84-ը կարճվել է, 7-ը  կասեցվել։ Եվ միայն երկու գործ է ուղարկվել դատարան։ Փորձագետները եզրակացնում են, որ 309.1 հոդվածը չի ծառայում իր նպատակին, բազմաթիվ են դեպքերը, երբ արարքը որակվում է ոչ թե խոշտանգում՝ իրավապահ մարմինների կողմից, այլ պաշտոնական լիազորությունների չարաշահում՝ զուգորդված բռնությամբ։ Այսինքն՝ խոշտանգման տարատեսակ դրսևորումների մասին հստակ պատկերացում չկա, մարդիկ այն ասոցացնում են միայն բռնության հետ։ Ավելին, եթե նույնիսկ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի փաստը դատարանն  արձանագրել է, բազմաթիվ դեպքերում իրավունքի վերականգնումը դառնում է անհնար, որովհետև հղում է արվում հանցանքի մեջ պաշտոնատար անձի դիտավորության հատկանիշի բացակայության դրույթին։ (Օրինակ` անձին կենսական նշանակության դեղորայքը չի տրամադրվել ոչ թե դիտավորությամբ՝ խոշտանգելու նպատակով, այլ պետության կողմից գնումների գործընթացով այդ դեղորայքը չի գնվել)։  

 

 

  • Այսինքն` ոչ նյութական վնասի փոխհատուցումը օրենսդրությամբ դառնում է ձևական, ըստ էության բացակայում են փոխհատուցման, վերակագնման այն մեխանիզմները, որոնք  նախատեսում է ՄԱԿ-ի խոշտագումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածը։ 

 

  • Խոշտանգումների կանխարգելման համար անհրաժեշտ է ապահովել  դեպքերի արդյունավետ քննությունը, ճշմարտության բացահայտումը և մեղավորների համարժեք պատժի սահմանումը։ 

 

 

Հայաստանում դաժան և անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դրսևորումներ են  արձանագրվել հոգեբուժական հաստատություններում (հարուցվել է վեց քրեական գործ)։ Ըստ փորձագետների` ակնհայտ անմարդկային վերաբերմունքի դրսևորում է հոգեբուժարաններում մարդկանց անձնական տարածքի բացակայությունը։ Մյուս ակնառու խնդիրը վերաբերում է  հոժարակամ կամ հարադիր բուժմանը։ Իրազեկման պակասի պատճառով, հաճախ մարդիկ պատահականորեն հայտնվում են այս հաստատություններում և ենթարկվում հարկադիր բուժման։ Հատկապես խոցելի են անչափահասները, որոնք դառնում են գույքային վեճերի զոհ։ Խնդրահարույց է հարկադիր բուժման գործող ընթացակարգը, որը վարույթային ժամկետներ առհասարակ չունի։ Շատ հաճախ անձինք ենթարկվում են հարկադիր բուժման՝ առանց դատական ակտի և վերահսկողության։ (Արձանագրվել է դեպք, երբ անձը հարկադիր բուժվել է արտահիվանդանոցային պայմաններում, վիճակի սրմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամբուլատորը փոխարինել ստացիոնար բուժմամբ, բայց անձը 11 ամիս ապրում է հոգեբուժարանում՝ առանց դատական ակտի)։ Առաջարկվում է՝

 

 

  • Անգործունակ կամ անչափահաս անձինք՝ անկախ խնամակալի կամ ծնողի համաձայնությունից, պետք է իրենց բուժման վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունք ունենան և պետք է լինի դատական ընթացիկ վերահսկողության հստակ մեխանիզմ։ 

 

 

Առողջապահության նախարարության  իրավաբանական վարչությունը մշակել և արդեն շրջանառում է հոգեբուժական օգնության մասին օրենքի նոր փաթեթ՝ նոր խմբագրությամբ, որում հաշվի կառնվեն ՄԻՊ առաջարկները հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց կամարտահայտության վերաբերյալ։ Այս պահին ակտիվ քննարկվում է նաև ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման կարգը նույն օրենքով սահմանելու հարցը։ Նախագծի ձևակերպումները միտված են մարդու իրավունքի խախտման բոլոր դրսևումների կանխարգելմանը։ Նախագիծը շուտով կներկայացվի Կառավարությանը։

 

Փորձագետներն անդրադարձան նաև ՀՀ Զինված ուժերում խոշտանգումների, բռնարարքների, մարդու կյանքին կամ առողջությանը հասցված վնասների կանխարգելման խնդիրներին։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն ներկայացրեց մտավոր թույլ խանգարմամբ զորակոչված եզդի զինծառայողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատմությունը։ Ըստ ՀԿ տվյալների, մեկ այլ դեպքով, Վճռաբեկ դատարանը ճանաչել է զինծառայողի խոշտանգման փաստը, գործն ուղարկվել է վերաքննության, սակայն նոր գործը հարուցվել է արդեն ոչ խոշտանգման հիմքով և կարճվել։ Անհրաժեշտ է ապահովել․

 

 

  • Քրեական գործերի ճիշտ կամ ամբողջական վարումը, պատշաճ քննությունը, ճշմարտության բացահայտումը։

 

  • Վարույթ իրականացնող մարմնի,  ՊՆ և զորամասերի ղեկավարության կողմից կանխարգելիչ գործունեության իրականացումը։ 

 

 

Երեխաների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքի դրսևորման լրջագույն խնդիրներ կան տարբեր հաստատություններում՝ ոստիկանական բաժանմունքներից սկսած մինչև խնամքի հաստատություններ։ (Հատուկ դպրոցներից մեկն իբրև պատիժ երեխաներին զրկել էր ճաշից)։ Շատ հաստատություններում չկա մատյանների վարման մեխանիզմ, բացակայում է պետական համակարգված և միասնական մոտեցումը, ամեն ինչ թողնված է առանձին մասնագետների անձնական բարեխղճության հույսին։ 

 

 

Փորձագետներն անդրադարձան խոշտանգումներից պաշտպանված լինելու երաշխիքներին, որոնցից կարևորեցին հետևյալները․

 

  • Անպատժելիության մթնոլորտի հաղթահարումը երկրում,

 

  • Ավտորիտար անպատժելի կառավարման օրոք խոշտանգման ենթարկված անձանց իրավունքների վերականգնումը․ խախտված իրավունքի ճանաչման փաստը, զոհի հոգեբանական և ֆիզիկական վերականգնումը, նյութական ու բարոյական փոխհատուցումը։ 

 

  • Անցումային արդարադատության շրջանակում անցյալին գնահատական տալը,   հանրային հաշտեցման հասնելը

 

  • Կառավարման այնպիսի համակարգեր ստեղծելը, որոնք կբացառեն խոշտանգումները և դրանց դսևորումները։  
  • Փորձագետներն արձանագրեցին, որ թեև մշակվում են տարբեր ռազմավարություններ և փաստաթղթեր, այնուամենայնիվ դեռևս տեսանելի չէ հանրային անհանդուժողականությունը խոշտանգումների նկատմամբ։    

 

 

Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնը, որը բացվել է վեց ամիս առաջ (տրամադրում է բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցություն), նշեց, որ ունեն այցելությունների ցածր մակարդակ՝  պայմանավորված այն հանգամանքով, որ մարդիկ չեն իդենտիֆիկացնում ՝ ինչ է խոշտանգումը կամ անմարդկային, դաժան վերաբերմունքը։ Դա իր հերթին պայմանավորված է ագրեսիայի նկատմամբ մեծ հանդուրժողականությամբ։ (Հանրությունն այս երևույթները նորմալիզացնում է)։

 

Կենտրոնն առաջարկում է խիստ ուշադրություն դարձնել  նաև խոշտանգողի ռեաբիլիտացիային, նրա արժեքային համակարգի առողջացմանը, որպեսզի կանխվի ագրեսիայի ցիկլը։ Սա կարևոր է նաև անցումային արդարադատության մարդակենտրոն մոտեցման ապահովման տեսանկունից։ Փորձագետները կարծում են, որ պետության պարտավորությունն է՝ հոգ տանել այս դեպքերի բացահայտման, ուղղորդման,  կանխարգելման և իրազեկման համար։ 



Ամփոփագրի համար հիմք է հանդիսացել 2019 թվականի հունիսի 26-ին կազմակերպված «Խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները Հայաստանում՝ անցումային արդարադատության համատեքստում» թեմայով կազմակերպված հանրային փորձագիտական-քննարկումը:

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում Հանրային լրագրության ակումբը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետները:

 

    
Դիտումներ՝ 1406

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????