Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2 ամսում՝ 4 մահ. Հայաստանն առաջինն է ազատազրկման վայրերում մահացության ցուցանիշով

September 20, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

2 ինքնասպանություն նույն օրը, նույն տեղում

Նախորդ 2 ամիսներին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից երկուսում՝ «Նուբարաշեն»-ում և «Արմավիր»-ում գրանցվել է կալանավորների մահվան միանգամից չորս դեպք, որոնցից երկուսը՝ ինքնասպանություն:

«2018թ. օգոստոսի 11-ին, ժամը 04:40-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ կորպուսի խցերից մեկում հայտնաբերվել է նույն ՔԿՀ-ի կալանավոր, Մոլդովայի հանրապետության քաղաքացի Վ. Գրույանի դին՝ ծնված 1976թ.՝ խցի պատուհանի ճաղավանդակին կախված: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դիակի ձախ քունքի շրջանում և որովայնի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ կալանավորի մահվան և նրա մարմնի վրա վնասվածքների առաջացած հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել:) Առգրավվել են ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի միջանցքի տեսախցիկների տեսագրությունը և դարձել քննության առարկա»,- Forrights-ի գրավոր հարցմանը պատասխանեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Դեռևս կալանավորի մահվան օրը, Forrights-ը նշել էր՝ տեղեկություններ կան այն մասին, որ քաղաքացին եղել է պատժախցում, իսկ մինչ այդ բողոքել է իր նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Այս հարցը պարզելու համար, Forrights-ը կապ հաստատեց ՔԿ վարչության հետ, սակայն վերջիններս հերքեցին լուրը. «Կալանավորը խցում է եղել»,- նշեցին Հանրային կապերի բաժնից:

Քննչական կոմիտեն իր հերթին հավելեց, որ կատարված մի շարք փորձաքննությունենրից այս պահին պարզվել է, որ դատամատնադրոշմային փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ խցի պատուհանի վրայից հայտնաբերված մատնահետքը թողնվել է տուժողի կողմից:
Գրույանի մայրը, սակայն չի հավատում, որ իր որդին ինքնասպան է եղել: Նա նշում է, որ որդին ունակ չէր ինքնասպանության և նրան սպանել են.

«Վասիլեն այն մարդը չէր, որ այդ քայլին դիմեր: Մենք ունենք կասկածներ, որ «Արմավիր» ՔԿՀ-ում նրա և մի քանի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ու իմ տղային սպանել են, հետո ՔԿՀ-ի 5-րդ կորպուսի թիվ 514 բանտախցում կախել ու անունը դրել, թե ինքնասպան է եղել: Նա ինչո՞ւ պետք է ինքասպան լիներ, երբ թե՛ գործը քննող քննիչը, թե՛ փաստաբանը նրան ասել էին, որ 2 օրից ստորագրությամբ ազատ է արձակվելու: Մինչ դեպքը, ինձ հետ տեսակցության ժամանակ արդեն ասում էր, որ իրեն ուզում են սպանել: Խնդրել էի, որ նրան տանեն այլ խուց կամ վերցնեն բժիշկների հսկողության տակ, սակայն բերդի ղեկավարությունը, չգիտես ինչու, թե՛ իմ, թե՛ տղայիս խնդրանքներն անտեսել էր»,- հայտարարում էր նա:

Հատկանշական է, նույն օրը երկրորդ ինքնասպանության դեպքն է գրանցել «Արմավիր» ՔԿՀ-ում՝ կրկին 5-րդ մասնաշենքում: Այս անգամ սավանի միջոցով կախվել էր Համլետ Հ.: Վերջինս պարբերաբար ինքնավնասման էր գնում, քանի որ դժգոհ էր դատարանի վճռից և գործի վերանայում էր պահանջում: Ազատազրկվածը 13 տարի ազատազրկման էր դատապարտվել՝ անչափահասի հետ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

Կալանավորներին ինքնասպանության կարող է հասցնել բանտային պայմանները, ներխցային կյանքը, խցակիցների հետ կոնֆլիկները

Այս դեպքերը մատնանշելով, նկատենք՝ ՔԿՀ-ներում ինքնավնասման և ինքնասպանությունների թիվը տարեցտարի աճ է գրանցում: ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ուսումնասիրություններն արձանագրել են, որ 2011-2016թթ. ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնասպանության 25 դեպք: Ընդ որում, հատկանշական է, որ եթե 2012 թ.-ին ինքնասպանությունների թիվը 2.3 անգամ կրճատվել էր, ապա 2016 թ.-ին այդ թիվը նույնքան աճել է։

Կալանավորներին ինքնասպանության կարող է հասցնել բանտային պայմանները, ներխցային կյանքը, խցակիցների հետ կոնֆլիկները և այլն:

«ՔԿՀ-ներոււմ կալանավորների կողմից ինքնասպանության դեպքերի դրդապատճառները տարբեր են, սակայն, եթե հիմնվենք տարիների փորձին, ապա կարող ենք մատնանշել՝ եթե ժամանակին պատշաճ հոգեբանական օգնություն տրամադրվի կալանավորներից շատերին, հնարավոր է նվազեն կամ կանխեն ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը: Կալանավորների մեջ լինում են մարդիկ, որոնք առաջին անգամ են ոտք դնում ՔԿՀ, նրանց մեջ կա ներքին հոգեկան ճնշված վիճակ, միջանձնային հարաբերություններ՝ ազատազրկված այլ անձանց հետ:

Նկատենք, որ քաղաքացիական կյանքում այլ կյանք է, կալանավայրում՝ լրիվ այլ և այսպես շարունակ: ՔԿՀ-ներում աշխատող հոգեբաններն այս դեպքերում լուրջ անելիքներ ունեն, որոնց գործունեության բացը կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների»,- Forrights-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը:
Եթե ՀՀ ՔԿՀ-ներում հոգեբան-կալանավոր շփումն առաջնային է, որը պետք է պատշաճ կերպով ապահովվի ՔԿ կողմից, ապա այստեղ ևս բախվում ենք խնդրի. ՔԿՀ-ներում այս պահին առկա է հոգեբանների թափուր հաստիքներ: Կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ աշխատում և կալանավորների հետ հոգեբանական աշխատանք է կատարում ընդամենը 1 հոգեբան, այնինչ՝ հիմնարկում ազատազրկվածների թիվը կարող է հասնել մինչև մի քանի հարյուրի.

«Առկա թափուր հաստիքների պատճառը ոչ միայն ծանր աշխատանքն է, այլև ցածր աշխատավարձը, որն էլ քչացնում է ՔԿՀ-ներում աշխատանքի անցնելու շահագրգռվածությունը: Բացի դրանից, մեր կողմից անցկացված ուսումմասիրությունների արդյունքները վկայում են, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում բուժմասերը տեղակայված են հին ոչ տիպային, անբարեկարգ կառույցներում ու համալրված չեն անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով։ Մինչդեռ, պատշաճ բուժսպասարկման կարևորագույն նախապայմաններից է տեխնիկական հագեցվածությունը»,- հավելեց Հասմիկը:

«Կալանավայրերում կան «քրեական մշակույթի չգրված օրենքներ», որոնք նշանակություն են ունենում անձի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը»

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով նախորդող երկու ամիսներին ՔԿՀ-ներում տեղի ունեցած մահացության դեպքերին, նշեց, որ ինքնասպանության դիմած անձանց հանդեպ առկա է եղել նվաստացնող վերաբերմունք.

«Ինքնասպանություն գործած և՛ կալանավորը, և՛ դատապարտյալն ունեցել են ներքին խնդիրներ: Նրանք առաջին առաջին հերթին առնչվում են սոցիալ-հոգեբանական խնդրին. առաջ է գալիս ՔԿՀ-ում նրանց ադապտացման հարցը: Մեզ բոլորիս համար էլ պարզ է, որ կալանավայրերում կան, այսպես ասած, «քրեական մշակույթի չգրված օրենքներ», որոնք էլ նշանակություն են ունենում անձի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը: Այստեղ արդեն անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք նախարարության և ՔԿՀ անձնակազմի կողմից ջանք է գործադրվում, որ նման դրսևորումները և արժեքային համակարգն անձի նկատմամբ լրացուցիչ նոր հետապնդում չառաջացնեն: Կան լուրջ հարցեր, որոնց վերացման համար ղեկավարությունն այս պահին որևէ ջանք չի գործադրում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Սաքունցը:

«Մենք պետք է ձգտենք, որ մեր ՔԿՀ-ներում և բանտերում ինքնասպանության և ինքնավնասման ցուցանիշը լինի նվազագույնը»

Անդրադառնալով, նախորդող 2 ամիսների ընթացքում մահվան մյուս 2 դեպքերին, որոնք գրանցել են կենսաբանական մահ, այստեղ ևս կարող ենք պատշաճ բուժօգնության բացակայության «մեղավորությունը գտնել»: Նրանցից ցմահ ազատազրկման դատապարտված Արտաշես Հովհաննիսյանը դեռ չէր բոլորել 43-ամյակը, վերջինս մահացել էր սրտի կաթվածից: Մասնավորապետ, մահացած կալանավորների միջին տարիքը 50-ն է եղել, ինչից կարող ենք ենթադրություն անել, որ ծերունական մահն այս դեպքում քիչ հավանական է:

Եթե նայենք ՔԿՀ-ների բուժմասերի անբարեկարգ վիճակը, դեղորայքային անբավարար ապահովվածությունը, բուժսպասարկման ոչ պատշաճ մակարդակը, ապա կարող ենք արձանագրել, որ կալանավայրերում մահացության դեպքերը, եթե ոչ ամբողջությամբ ինֆարկտային կամ անբուժելի հիվանդության հետևանքն է, ապա ոչ պատշաճ բուժօգնությունը ևս անմասն չի մնում:

«Դիտարկումները ցույց են տալիս նաև, որ ՔԿՀ-ներում մեծ թիվ են կազմում սրտի իշեմիկ հիվանդությամբ և շաքարային դիաբետով հիվանդ անձինք, որոնք պատշաճ չեն ապահովվում դեղորայքով, բացակայում են հիվանդությունների հայտնաբերման և վերահսկման համար անհրաժեշտ սարքավորումները, օպերատիվ բժշկական միջամտությունը նույնպես երաշխավորված չէ: Խնդրի կարևորության մասին են վկայում նաև թվերը։ Համաձայն ՀՀ ԱՆ պաշտոնական տվյալների` 2014-2016 թթ. ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրվել է սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված մահվան 38 դեպք»,- ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ներկայացրած զեկույցում:

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, օրեր առաջ անդրադառնալով ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերին, շեշտեց, որ պետք է ամեն հնարավորն անել, որպեսզի անձը չդիմի նման ծայրահեղ քայլի.

«Իմ ձեռքի տակ կան մեզ պես համադրելի երկրների ցուցանիշները, իհարկե համամետելի չէ, մահացությունները ցածր են, բայց դա ոգևորության առիթ չէ: Անկախ նրանից, թե անձն ինչի համար է դատապարտված, ինչի մեջ է մեղադրվել, ինչ հանցանք է կատարել մենք պիտի ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի անձը չդիմի նման քայլի: Բնականաբար, հնարավոր չէ հասնել իդեալական տարբերակի, բայց մենք պետք է ձգտենք, որ մեր ՔԿՀ-ներում և բանտերում ինքնասպանության և ինքնավնասման ցուցանիշը լինի նվազագույնը: Իմ կողմից արդեն տրվել է հանձնարարական՝ վերացնել օրենսդրական այն արգելքը, որ ցմահ դատապարտյալը կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածն իրավունք չունի կարճատև մեկնումների: Վերջական որոշողն իհարկե ազգային ժողովն է, բայց մենք հույս ենք հայտնում, որ այն կընդունի»,- նշել էր նա:

Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Նկատենք, որ ՔԿՀ-ները շատ հաճախ խախտում են նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի` քաղաքացիական բժշկական հիմնարկում հետազոտվելու անհրաժեշտության դեպքում բժշկական հաստատությունն ընտրելու իրավունքը, մասնավորապես այն դեպքում, երբ ազատությունից զրկված անձն ինքն է հոգում հետազոտության ծախսերը։ Այս պարագայում ևս կալանավորը ստիպված է իր բուժումը շարունակել բանտային վատ բուժսպասարկման պայմաններում:

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում յուրաքանչյուր 10 հազար կալանավորից 70-ը մահանում է պատժաչափը չավարտած, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է մյուս երկրներում արձանագրված միջին ցուցանիշը:

Դիտումներ՝ 1103

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????