Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ալիեւի այդ հայտարարությունը հետեւանք է մեր իշխանությունների անգործության

January 5, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում Ալիևի հայտարարությունը, թե իրենց մոտ գտնվող հայ զինծառայողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ: Սրանով Բաքուն այդ գործընթացը արհեստականորեն ձգձգո՞ւմ  է, ընդհուպ որ ընդհանրապես չի հանձնի գերիներին:

 

Ինձ արդեն ոչ էլ հետաքրքրում է, թե ինչ են ասել Ալիեւը, կամ Էրդողանը, կամ Պուտինը: Ես իրենցից այլ խոսք այլեւս չեմ ակնկալում, քան նման բնույթի հայտարարությունները: Որովհետեւ գտնվում են, այսպես կոչված, հաղթողի հոգեբանության մեջ եւ տարբեր հարցերում ճնշումներ են բանեցնում՝ սկսած սահմանազատումից, մինչեւ ռազմագերիների հետ կապված հարցեր: Առավել մտահոգիչ է ՀՀ իշխանությունների անգործությունը, որովհետեւ Ալիեւի այդ հայտարարությունը հենց հետեւանք է մեր իշխանությունների անգործության: Առաջին հերթին այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ սկզբունքներ, ժամանակացույց չէր արձանագրված ռազմագերիների փոխանակման, զոհվածների, մահացածների փոխանակման աշխատանքների, նաեւ անհետ կորածների մասին տվյալների հավաքագրման, վերադաձնելու վերաբերյալ:

 

Լավ, ասենք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված չի եղել իմ նշած խնդիրների լուծման ժամանակացույցը, բայց դա չի նշանակում, որ չպետք է քայլեր կատարվեին առնվազն գոնե Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, կամ միջազգային հանրության հետ, կամ հենց Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ աշխատանքներ տարվեին, որ զուտ այդ մարդասիրական խնդիրները լուծվեին: Հիմա, կարծես թե, այդ ամենը թողնված է ռուսական խաղաղապահներին, որոնք պետք է զբաղվեն հայ գերիների հետ կապված հարցերով: Դրա հետեւանքով կարծես այդ եռակողմ համաձայնագիրը ունի երկու կողմ՝ Ռուսաստան եւ Ադրբեջան, իսկ հայկական կողմը որպես այդպիսին ընդհանրապես գոյություն չունի որպես կողմ, որը կարող է հարցեր բարձրացնել իր քաղաքացիների շահերի պաշտպանության ուղղությամբ:

 

Տեսակետ կա, որ հայկական կողմը նախքան այս եռակողմ հայտարարությունը ստորագրելը շատ հստակ պետք է դներ գերիների հարցը: Այսինք պետք է կոնկրետ մեխանիզմներ պայմանավորվեին, Ադրբեջանից երաշխիքներ պահանջվեին: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

 

Պատերազմական գործողությունների դադարեցման տրամաբանությունը թելադրում է, որ զոհվածների, գերի ընկածների, անհետ կորածների խնդիրները լուծվեն: Այսինքն այնպես չէ, որ պատերազմական գործողություններն ավարտվում են, եւ ամեն ինչ վերջանում է: Հիմա մենք տեսնում ենք, որ ինչ-որ հատվածային աշխատանքներ կատարվում են դիակների հայտանբերման, փոխանակման ուղղությամբ: Որոշ քայլեր կատարվել են նաեւ գերիների ուղղությամբ, անհետ կորածների դեպքում դեռեւս հայտնի չէ, թե ինչ մեխանիզմ է գործում: Բայց խնդիրն այն է, որ այդ եռակողմ հայտարարության բուն տրամաբանությունը թելադրում էր հենց այս հարցերի լուծումը:

 

Բայց ինձ հետաքրքրում է նաեւ այն, թե ինչպես է հնարավոր, որ մինչեւ հիմա չլինի հստակ ցուցակը, որովհետեւ մարդիկ զորակոչվել են, կամ եթե մարդիկ կամավորագրվել են, նրանց ցուցակները հայտնի են, հիմա պետք էր պարզապես ներկա-բացակա անել եւ դրա միջոցով ցուցակ կազմվեր առնվազն բոլոր այն մարդկանց, որոնց ճակատագրի կամ գտնվելու մասին տեղեկություններ չկան: Հետո այդ ցուցակը պետք կլիներ մաքրել: Այդ ցուցակ կազմելը ՊՆ-ի կողմից մի քանի ժամվա գործ պետք է լիներ: Անվանակոչումով, ներկա-բացակա անելով, իմանալ, թե ով կա, ով չկա, ով է բացակա, ով է ողջ, ով է վիրավոր, ով է գտնվում հոսպիտալներում եւ այլն: Այդ ցուցակից պետք է հանել ժամանակի ընթացքում հայտնաբերվածների անունները, եւ ցուցակը մաքրելով առաջ գնալ: Այդ ցուցակը պետք է դառնար այն մեխանիզմը, որը պետք է դրվեր եռակողմ հայտարարության մեջ որպես կարեւոր մաս: Նմանատիպ ցուցակ կարող էր կազմել նաեւ ադրբեջանական կողմը, բայց դա էլ չկա: Հիմա դուրս է գալիս, որ այն երկու անձինք, որոնք ազատազրկվել էին սպանություն կատարելու համար, նրանք հիմա ռազմագերի՞ էին, որ հանձնվեցին: Եթե մշակված սկզբունք չկա, դու հանձնում ես մարդկանց, որոնք մեղադրվել ու ազատարզկվել էին խաղաղ ժամանակ մարդկանց սպանելու համար, բայց ադրբեջանական կողմն այդ սկզբունքը չի պահպանում:

 

Շատ տարօրինակ է, թե ինչու մեր իշխանությունը այդ հարցը չի բարձրացնում: Կամ եթե գործում է բոլորին բոլորի հետ փոխանակելու սկզբունքը, հիմա ստացվում է, որ այդ սկզբունքը չի պահպանվում: Այսինքն գործընթացի ընթացքում սկզբունք է փոխվում: Սրանով Ադրբեջանն, իհարկե, լրացուցիչ ճնշում է գործադրում Հայաստանում իրավիճակի վրա, որը շատ հեշտությամբ դառնում է մանիպուլյացիայի կամ ներքաղաքական հարաբերությունների թեմա: Դրա համար թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որն իր անգործությամբ նպաստում է նման հնարավորությանը: Այնպես որ, այստեղ ես չեմ կարող Ադրբեջանին մեղադրել այն իմաստով, որ Ադրբեջանի բովանդակությունը՝ հանձինս իր ղեկավարության, վաղուց հայտնի է՝ հակամարդկային, ավտորիտար, հումանիտար խնդիրների վրա թքած ունենալով: Մենք դա բազմիցս տեսել ենք Ռամիլ Սաֆարովին արդարացնելու, ընդհանրապես էթնիկ հիմքով ատելության խոսք, քաղաքականություն որդեգրելու առումներով: Բայց ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում՝ ագրեսոր կողմին Թուրքիայի աջակցելու քաղաքականության, ահաբեկիչների ներգրավման, չթույլատրված զենքերի կիրառման, պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման ուղղություններով: Սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ հայկական կողմը պետք է գործ անի, որպեսզի Ալիեւը նախքան նման հայտարարություն անելը մտածի, որ ինքը վատ վիճակում կարող է հայտնվել: Բայց երբ դու գործ չես անում, նա ուղղակի երես է առնում:

 

lragir.am

Դիտումներ՝ 81

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????