Կոտրելովշղթան․ բուժում, կանխարգելում, վերականգնում բոլորի համար
Կարգախոս, որը մեկ անգամ ևս շեշտադրում է, որ թմրամիջոցներից կախվածությունն առաջին հերթին առողջական խնդիր է։
2025 թ․ հունիսի 5-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվեց Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը, որի համակարգման պատասխանատուն Ներքին գործերի նախարարությունն է։ Մինչդեռ անձին աջակցելու և վերաինտեգրելու ճանապարհը պետք է առաջնորդեն դրա անմիջական պատասխանատու՝ Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները։
Սա ամենևին չի նշանակում չպայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Կարևոր է համալիր ու հետևողական քաղաքականություն մշակել և իրականացնել թմրամիջոցների ապօրինի առքուվաճառքի, մատակարարման ու կազմակերպված հանցավոր ցանցերի դեմ պայքարի նպատակով։
Հաշվի առնելով թմրամիջոցների տարածմամբ զբաղվող օրեցօր ավելացող սոցիալական ալիքների թիվը, խիստ կարևոր է աշխատել դրանց պահանջարկի նվազման ուղղությամբ։ Ըստ այդմ, ընդգծում ենք թմրամիջոցների գործածման հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը հանրության և հատկապես #դեռահասների, #երիտասարդների շրջանում՝ ոչ միայն և իրավական, այլ առողջական և սոցիալական հետևանքների շեշտադրմամբ։
Կազմակերպությունը ևս մեկ անգամ ընդգծում է`
Իրավապահ մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, գործառույթը թմրամիջոցի շրջանառության, վաճառքի և մատակարարման դեմ համակարգված պայքարում
Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների գործառույթը թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժմանն ու վերականգնմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման և դրանց շարունակականության ապահովման և հետագա ընդլայնման գործում
Կրթական և իրազեկման շարունակական և հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը թմրամիջոցների օգտագործման հետևանքների մասին։