Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին. հայտարարություն

April 9, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով ամրագրվեց պարզ համամասնական ընտրակարգի դրույթը, որի պահանջը տարիներ շարունակ արտահայտվել էր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, և որը համահունչ է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին և ՏԻՄ ընտրակարգի՝ արդեն իսկ ընդունված փոփոխություններին։

 

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթից այս դրույթի առանձնացումը և ավելի վաղ ընդունումն արդարացված է նրանով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական համաձայնության մասին հայտարարվել էր փաթեթի շրջանառությունից հետո, և հրատապ էր նախատեսվող ընտրություններից օր առաջ վերահաստատել համամասնական ընտրակարգի ընդունման հանձնառությունը՝ հաշվի առնելով, որ այս փոփոխությունը տարիներ շարունակ քննարկվել էր և հավանության էր արժանացել թե՛ քաղաքական, թե՛ միջազգային և թե՛ քաղաքացիական լայն հանրույթի կողմից։ 

 

Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կստեղծի այնպիսի մրցակցային միջավայր, որը կօգնի կայացնել և զարգացնել կուսակցական համակարգը Հայաստանում՝ վերջապես խթանելով քաղաքացիների կամարտահայտման հնարավորությունը նախընտրելի քաղաքական գաղափարախոսությունների ու ծրագրերի օգտին՝ ընտրողին հնարավորինս զերծ պահելով օլիգարխների, լոկալ ֆեոդալների և քրեական հեղինակությունների ազդեցությունից ու վերահսկողությունից։ 

 

Այս համատեքստում հատկապես կարևորում ենք արդեն ընդունված փաթեթի հնարավորինս սեղմ ժամկետում վավերացումը Հանրապետության նախագահի կողմից:   

 

Միաժամանակ կարևորում ենք, որ ընտրական բարեփոխումների գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցվի մինչև նախատեսվող խորհրդարանական ընտրությունները, ներառյալ՝ վարչական ու քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները, հնարավորինս կանխարգելելու վարչական ռեսուրսի օգտագործումը և նախընտրական ծախսերի ապօրինի ֆինանսավորումը, առավել թափանցիկ և հաշվետու դարձնելու ընտրարշավի ֆինանսավորումը, ապահովելու կանանց ներկայացվածությունը, բացառելու նախընտրական հավաքներին ու քարոզչական միջոցառումներին մասնակցելու պարտադրանքը, երաշխավորելու նախընտրական ծրագրերի առկայությունը, բանավեճերի կայացումը, նվազեցնելու ընտրական գրավը, իջեցնելու կուսակցությունների անցողիկ շեմը՝ հնարավորություն տալով նորաստեղծ կուսակցություններին խորհրդարանում հայտնվելու, հանելու մանդատների բաշխման բոնուսային համակարգը և վերացնելու կոալիցիաների ձևավորման սահմանափակումները։ Նշված դրույթները միտված են ավելի ազնիվ ու հավասար դարձնելու ընտրական գործընթացները։

 

Ըստ այդմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու և կյանքի կոչելու գործում դերակատարում ունեցող բոլոր իրավասու կառույցներին և պաշտոնյաներին կոչ ենք անում առավելագույն ջանք գործադրել՝ օր առաջ նպաստելու վարկաբեկված քաղաքական դաշտի կայացման, մաքրման ու զարգացման հիմքերի ձևավորմանը, ինչը կարևորագույն խնդիր է հատկապես ներկայիս ճգնաժամային իրավիճակում։ 

 

Հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունների կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից նախատեսվող առաջարկությունների քննարկման անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ շահագրգիռ կողմերի կարծիքները լսելի դարձնելու և հնարավորինս կյանքի կոչելու համար։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Դիտումներ՝ 245

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????