Մայիսի 11-ին Margarita Garcia (Մարգարիտա Գարսիա) անունով ֆեյսբուքյան կեղծ՝ ֆեյք օգտատերը սքրինշոթեր հրապարակեց՝ պնդելով, որ դա «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Անտոն Իվչենկոյի անձնական նամակագրությունն է ոմն ադրբեջանցու հետ։
Ֆեյքի պնդմամբ՝ նրանք իբր քննարկում են հայերի կողմից ադրբեջանցի զինծառայողների խոշտանգումներ կամ սպանություններ պատկերող տեսանյութեր վաճառելու հարցը:
Այս հրապարակումը ֆեյսբուքյան իր էջում անմիջապես տարածեց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, որի գրառումն էլ այնուհետև արտատպվեց Analitik.am, Meganews.am, Zham.am, Hayeli.am, blog.168.am, Blognews.am կայքերի կողմից:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տարածված սքրինշոթերը, ինչպես նաև այս թեմային անդրադարձած տարբեր մասնագետների կարծիքները և պարզել, որ հրապարակված նամակագրությունը կեղծիք է և ֆոտոմոնտաժի արդյունք։
Ինչպես նշեցինք, այս սքրինշոթերն առաջինը տարածել է ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր Margarita Garcia-ն: Օգտատերերի հարցին, թե ինչպե՞ս է վերջինիս հաջողվել ձեռք բերել այս սքրինշոթերը, Garcia-ն պատասխանել էր, որ դրանք վերցրել է ադրբեջանական Patriot TV տելեգրամյան ալիքից։
Այս տելեգրամյան ալիքի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ նման սքրինշոթեր այնտեղ պարզապես գոյություն չունեն։
Օգտատերը նաև բավական հաճախ կոչ էր անում տարածել ոչ թե իր գրառումը, այլ ներբեռնել սքրինշոթերը և տարածել այդ կերպ։ Հավանաբար, դա է պատճառը, որ գրառումից ժամեր անց Margarita Garcia օգտահաշիվը ջնջվել է։
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր տարածված սքրինշոթերին և ցույց տվել դրանցում առկա փաստական անճշտություններն ու սխալները։
«Էդ տարածվող սքրիններում առնվազն մի շատ փնթի սխալ կա, որը ուշադրությունս գրավեց։ Գրված է 11.06.20 çrş, այն է՝ çarşamba այսինքն՝ չորեքշաբթի։ Հունիսի 11-ը հինգշաբթի է եղել։ Պետք է լիներ prş — perşembe (հինգշաբթի): Եթե անգամ խառնած է ամսաթվերի տեղը ու նոյեմբերի 6-ի մասին է խոսքը, ապա էլի չի բռնում։ Այդ օրն էլ ուրբաթ է եղել։ Cuma պետք է լիներ։ Նույնը հաջորդ ամսաթվի դեպքում՝ 11.07.20, եղել է շաբաթ և՛ հունիսի 11-ը, և՛ նոյեմբերի 7-ը։ Ոչ մեկը չորեքշաբթի չի եղել»,- գրել էր Հովհաննիսյանը։
Տարածվող սքրինշոթերում, բացի փաստական սխալներից, կային նաև ֆոտոմոնտաժի մասին վկայող փաստեր։
Օրինակ՝ «երկխոսության» սքրիններից մեկում Անտոն Իվչենկոյի զրուցակցի նամակները շարված են ոչ նույն գծով, սակայն Ֆեյսբուքի մեսինջերում, որտեղ իբրև տեղի է ունեցել խոսակցությունը, նամակների շարվածքը լինում է իրար հավասար։ Օրինակը՝ ստորև։
Հատկանշական է նաև, որ նամակագրության սքրինշոթերում ադրբեջանցու և Անտոն Իվչենկոյի գլխավոր լուսանկարները նույնն են։
Նույն նամակագրության շարունակությունում Իվչենկոյի զրուցակցի լուսանկարը պատկերված է երկու անգամ, մինչդեռ մեսինջերում, երբ բացում ես նամակը, գլխավոր նկար երևում է մեկ տեղում՝ վերջին տեքստի տակ։ Օրինակը՝ ստորև։
Fip.am-ի հետ զրույցում «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Անտոն Իվչենկոն ևս հաստատեց տարածված սքրինշոթերի կեղծ լինելը և պնդեց, որ սա կազմակերպված ստի արշավ է ոչ թե իր, այլ «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ, որը առաջիկա ընտրություններում իրականացնելու է դիտորդական առաքելություն։
Այսպիսով, փաստենք, որ հաշվի առնելով բազմաթիվ փաստական սխալները, մոնտաժի հետքերը և տրամաբանական հակասությունները՝ կարող ենք վստահաբար պնդել, որ տարածված «նամակագրությունը» պարզապես ֆոտոմոնտաժի արդյունք է։