Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
ՀՔԱՎ-ի և գործընկերների առաջարկի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքի ապահովման վերաբերյալ կետ է ներառվել։ ՀՔԱՎ-ն այս խնդիրն անդրադառնում է շուրջ 10 տարի։
ՀՀ Կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1030-Լ որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, ի թիվս այլնի, լրացվել է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքի ապահովման վերաբերյալ նոր՝ 47.1 կետով։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում արդեն շուրջ 10 տարի անդրադառնում է Հայաստանում գործող անգործունակության ինստիտուտի՝ որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային հակասող իրավակարգավորման վերացման խնդրին։
Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անձը կարող է ճանաչվել անգործունակ՝ զրկվելով իր հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, մինչդեռ Կոնվենցիայի 12-րդ հոդվածը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով գործունակության իրավունքը՝ կյանքի բոլոր ոլորտներում:
Դեռ 2014 թվականից ՀՔԱՎ-ի ջանքերի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրերում ներառվել է անգործունակության համակարգին վերաբերող գործողություն, սակայն դա ամբողջությամբ չի արտացոլել ՀՔԱՎ-ի մոտեցումը՝ հարցի շուրջ, և նաև գործուն քայլեր չեն կատարվել՝ ոլորտի բարեփոխման կամ որոշումների կայացման համակարգի ներդրման հարցում։
2021 թվականի մարտի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ արդարադատության նախարարություն կրկին ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է ամբողջությամբ և ձևակերպվել 47․1 կետում։
Կազմակերպությունը ողջունում է ՀՀ Կառավարության՝ հունիսի 24-ի նիստում ընդունված փոփոխությունը, որով հստակ ձևակերպվել է աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրումը՝ որպես ակնկալվող անմիջական արդյունք և հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձի՝ իր վերաբերյալ որոշումներն անձամբ կայացնելու հնարավորությունը՝ որպես ակնկալվող ազդեցություն՝ հուսալով, որ գործողությունը կիրականացվի ամբողջությամբ, ժամանակին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի մոտեցումներից անշեղորեն։