«Հոդված 3» ակումբի՝ «ՓԱՍՏԱՑԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ» թեմայով քննարկմանը ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ հայ-ադրբեջանկան սահմանին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սահմանին ապրող մարդկանց ու նրանց իրավունքների տեսանկյունից թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, և այս ելակետից պետք է դիտարկել հնարավոր լուծումները։
ՀՀ իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն երաշխավորելու մարդկանց՝ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և պետք է քայլեր ձեռնարկի, որ կանխի կամ կասեցնի մարդու իրավունքների մարտահրավերները։
Սա հայ-վրացական սահմանը չի, որ տարիներ շարունակ հանգիստ միջավայրում քննարկես խնդիրները։ Ա․ Սաքունցի կարծիքով՝ իշխանությունը պետք է իսկզբանե կանխատեսեր այն խնդիրները, որոնք պիտի առաջանային պատերազմում պարտությունից հետո, և կանխարգելող մեխանիզմներ ներդներ։
«Երբ դու մասնակից չես մի գործընթացի, որը ուղիղ նշանակություն ունի քո քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ինչպիսին սահմանազատումն ու սահմանանշումն է, նշանակում է, դու չես կատարում քո պարտավորությունները քո քաղաքացիների առջև»։
Նա նշում է, որ մեր ԱԳՆ-ն պետք է միջազգային հարթակներում ներկայացնի ոչ միայն մարդու իրավունքների խախտումները, այլև մարդու իրավունքների մարտահրավերները, որոնք առաջացել են այս իրավիճակում։ Քաղաքացիական հասարակությունը տարբեր հարթակներում ներկայացնում է իրավիճակը, բայց երբ չկա պետության պատշաճ մասնակցությունը, անհասկանալի իրավիճակ է ստեղծվում։ Անպաշտպանվածության և անորոշության մթնոլորտը հետևանք է իշխանության անգործության։
Մանրամասները՝ այստեղ