Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն
ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ որոշմամբ հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում առաջացած խնդիրներ
1․ Իրավական ակտով կարգավորվող հարաբերությունները, նպատակը
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) հաստատված միջոցառման նպատակն է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրումը։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է այն հանգամանքով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները փաստացի գտնվում են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում, որպես հետևանք՝ նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։ Ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով նախատեսվել է սոցիալական աջակցության ձևով, 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար:
Որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ «Սույն միջոցառման շրջանակում շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, ով չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ»:
Որոշման հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ «Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500 000 դրամի չափով»։
Որոշման հավելածի 5-րդ կետի համաձայն՝ «Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը»:
ՀՀ կառավարության 15 ապրիլի 2021 թվականի N 579-Լ որոշմամբ Որոշման 5-րդ կետում կատարվել է փոփոխություն և միջոցառման շրջանակում դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի մայիսի 15-ը։
2․Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կազմակերպություն դիմած անձը նշել է, որ, բավարարելով ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ որոշմամբ սահմանված պահանջերին, նախատեսված ժամկետում՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թ․ մայիսի 15-ը, չի կարողացել ստանալ նախատեսված աջակցությունը՝ իր առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան բժշկական փաստաթղթերի բացակայության և վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած զինծառայողների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող ցուցակում իր տվյալները չներառելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն չփոխանցելու պատճառով։
Առողջական վիճակի վերաբերյալ տեղեկության ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նաև ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ և ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում իր կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությամբ, որպիսի պայմաններում վերջինս դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել առողջական վիճակի վերաբերյալ իրականացված համապատասխան հետազոտությունների պատճենները։ Պահանջվող փաստաթղթերի տրամադրումը մերժվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից այդպիսի փաստաթղթերի տրամադրումն իր գործառույթների շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ։ 2021 թվականի օգոստոսի 06-ին կրկնակի հարցման հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել են պահանջվող փաստաթղթերը, այդ թվում նաև՝ կազմակերպություն դիմած անձի էպիկրիզը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկակական զինվորական հոսպիտալի, Հոսպիտալային ռազմաբժշկական և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների եզրակացությունները։
Առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը ձեռքբերելուց, այդ թվում նաև՝ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո, վերջինս փորձել է էլեկտրոնային դիմում ներկայացնել, սակայն չի կարողացել՝ «http://online.ssa.am/» կայքի համապատասխան էջում դիմումի մուտքագրման դաշտի բացակայության պատճառով։ Ի հայտ եկած խնդրի վերաբերյալ կազմակերպություն դիմած անձի անունից դիմում է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, որին, ի պատասխան, ստացվել է տեղեկություն այն մասին, որ դիմումների ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2021 թվականի մայիսի 15-ը և գործող օրենսդրությամբ բացառություն նախատեսված չէ, միաժամանակ կազմակերպություն դիմած անձը տեղեկացվել է, որ իր տվյալները բացակայում են նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցանկում։
3․ Խնդրին վերաբերելի իրավական կարգավորումները
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորվում է յուրաքանչյուրի պատշաճ վարչարարության իրավունքը, որը ներառում է վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, տվյալ անձի՝ իրեն վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը, ինչպես նաև անձի համար միջամտող անհատական ակտ ընդունելուց առաջ անձի լսված լինելու իրավունքը։
ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք»:
ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածը նախատեսում է, որ «Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, ներառյալ սոցիալական ապահովագրության յուրաքանչյուր մարդու իրավունքը»:
«Անհատի պաշտպանությունը վարչական մարմինների ակտերի առնչությամբ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1977 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված (77) 31 բանաձևի 1-ին սկզբունքի համաձայն՝ անձն իրավունք ունի ներկայացնելու իր ապացույցները և փաստարկները «(...) ցանկացած վարչական ակտի առնչությամբ, որը կարող է անբարենպաստ կերպով ազդել վերջինիս իրավունքների, ազատությունների կամ շահերի վրա»:
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սոցիալական ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացվող միջոցառումներ են՝ ուղղված՝
1) անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների կամ դրանցից ցանկացածի բավարարմանը և (կամ)
2) անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) բնականոն կենսագործունեության ապահովմանը և (կամ)
3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն»:
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքներն են`
1)մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվությունը հարգելը.
2)հասցեականությունը` սոցիալական ծառայությունների տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին.
3)մատչելիությունը` տրամադրվող սոցիալական ծառայություններին հասանելիության ապահովումը.
4)համաչափությունը՝ հետապնդված նպատակներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրումը.
5)խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անձնական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.
6)օրինականությունը՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան»:
4․ Հետևություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ և դրանով հաստատված միջոցառման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 08-ի թիվ 148-Լ որոշումները չեն ապահովում ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված անձի պատշաճ վարչարարության իրավունքն այնքանով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) սոցիալական ապահովության ծառայությունը կայացնում է աջակցության համար դիմած անձի իրավունքների և օրինական շահերի վրա ազդող որոշում առանց վերջինիս լսված լինելու իրավունքի պահպանման։
ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ և 2021 թվականի փետրվարի 08-ի թիվ 148-Լ որոշումները խախտում են անձի՝ սոցիալական ապահովության իրավունքը (ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդված), հակասում են «Սոցիալական աջակցության մասի» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքներին և նպատակներին, մասնավորապես՝
-չի ապահովում սոցիալական ծառայությունների հասցեականությունը
ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում նախատեսվել է ֆինանսական օգնություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին, որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում և բժշկական հաստատություններում ստացել են կամ շարունակում են ստանալ բժշկական օգնություն և սպասարկում։
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 08-ի թիվ 148-Լ որոշման հավելվածի 7-րդ կետով աջակցություն ստանալու համար դիմած անձի դիմումի մերժման հիմք է նախատեսվում, ի թիվս այլնի, շահառուի տվյալները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցուցակներում ներառված չլինելը։
Պետության համար գաղտնիք չի եղել նշված կարգավիճակն ունեցող և բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձանց տվյալները հատկապես այն պայմաններում, որ նույն որոշումներով ՀՀ պաշտպանության նախարարության վրա դրվել է պարտավորություն՝ վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած զինծառայողների տվյալները ներառել իր կողմից վարվող ցուցակում և փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի հիման վրա ստացված տվյալները Որոշմամբ նախատեսված այլ մարմինների կողմից ստացված տվյալների հետ համադրելու արդյունքում կազմվելու էր միջոցառման շահառու հանդիսացող անձանց ցանկը։ Այսինքն, միջոցառման շահառուների ցանկն ունենալու պայմաններում միջոցառումից օգտվելու համար միջոցառման շահառուների վրա դրվում է էլեկտրոնային դիմում ներկայացնելու լրացուցիչ բեռ։ Ավելին, ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90 Լ որոշման հավելվածի 2-րդ կետով նախատեսված անձանց սոցիալական աջակցության տրամադրմանը (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 148-Լ որոշմամբ չի նախատեսվում նաև իրեն նշված միջոցառման շահառու համարող անձի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող ցուցակում ներառվելու համար դիմելու (միջոցառման շահառու լինելը հավաստող տեղեկություն ներկայացնելու) հնարավորություն։
Հետևաբար, միջոցառման շահառուների հնարավոր շրջանակի վերաբերյալ բավարար տեղեկություն ունենալու պայմաններում միջոցառումից օգտվելը պայմանավորվել է շահառուի կողմից էլեկտրոնային դիմում ներկայացնելով՝ նախատեսելով նաև ժամկետային սահմանափակում, իսկ այն անձինք, ովքեր էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ միջոցներ (համացանցի հասանելիություն ունեցող հեռախոսի, համակարգչի կամ այլ տեխնիկական միջոցի առկայություն), փաստաթղթեր չեն ունեցել և/կամ ի հայտ են եկել սահմանված ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ այլ հիմքեր, զրկվել են իրենց համար նախատեսված սոցիալական աջակցությունից։
-Հստակ չէ, թե ինչ կարգով է կազմվել ՀՀ ԱՍՀՆ-ին տրամադրման ենթակա ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող ցուցակները։
Միջոցառումից օգտվելու հարցի որոշման գործընթացում վճռորոշ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող ցուցակների դերը, սակայն հստակեցված չի՝ ինչ կարգով է կազմվել ցանկը և արդյոք ցանկում ներառվել են ենթադրյալ շահառու հանդիսացող բորոր զինծառայողները։ Հատկանշական է, որ դեռևս ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 27-ի նիստի օրակարգում ներառված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագծի վերաբերյալ արված դիտարկումներում ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մտավախություն էր հայտնել, որ իրենց տրամադրության տակ եղած վիճակագրական տվյալներում հնարավոր է բացակայեն որոշ անձանց վերաբերյալ տեղեկությունները:
-չի ապահովում սոցիալական ծառայությունների մատչելիությունը
Միջոցառման շրջանակում նախատեսված դրամական աջակցություն ստանալու անհրաժեշտ պայման է սահմանվել էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացումը կոնկրետ ժամկետների սահմանափակմամբ, ինչը լրացուցիչ բեռ է անձի համար այն պայմաններում, երբ աջակցություն տրամադրող իրավասու մարմինը, նախքան անձի կողմից էլեկտրոնային դիմումի ներկայացումը, ունի նախապես որոշված շահառուների ցանկը։
-չի ապահովում համաչափությունը
Միջոցառումից օգտվելու համար նախատեսված պայմանները չեն հանգեցնում հետապնդած նպատակի իրականացմանը։ Միջոցառման նպատակը սահմանվել է սոցիալական աջակցության ձևով, 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար։ Մինչդեռ, օբյեկտիվ հիմքերով էլեկտրոնային դիմումներ չներկայացրած անձինք զրկվել են դրամական օգնություն ստանալու հնարավորությունից։
-չի տարածվում ռազմական գործողությունների հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ռազմագերիների վրա
ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) հաշմանդամության առաջին և երկրորդ խումբ չունեցող զինծառայողները:
Կառավարության նշված որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու հնարավորություն է տրվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած միայն այն զինծառայողներին, որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում և բժշկական հաստատություններում ստացել են բժշկական օգնություն և սպասարկում։ Կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելը ռազմական գործողությունների հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած զինծառայողի մոտ ախտանիշներն ի հայտ գալու և բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետային սահմանափակմամբ պայմանավորելը նշված միջոցառումից օգվելու իրավունքից զրկում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներին, ովքեր գերեվարվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից և Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել (վերադարձվելու) որոշակի ժամանակ հետո։
Այսինքն, ռազմական գործողությունների հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ռազմագերիները ՀՀ վերադառնալուց հետո չեն կարողացել օգտվել նշված միջոցառումից ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90-Լ որոշմամբ մատնանշված ժամանակահատվածում բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում չստանալու և նույն ժամանակահատվածում դեպքը չվարելու պատճառաբանությամբ, ինչը չի ապահովում ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ միատեսակ մոտեցում։
5․ Առկա խնդրի առաջարկվող լուծումը
-Հանել Որոշման հավելվածի հետևյալ ձևակերպմամբ 5-րդ կետը․ «Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի մայիսի 15-ը»:
- Հանել Որոշման հավելվածի 2-րդ կետից հետևյալ ձևակերպումը․ «(որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)»՝ այդպիսով միջոցառումից օգտվելու հնարավորություն տալով ռազմական գործողությունների հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ռազմագերիներին։
-Սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումից օգտվելու պարզեցված ընթացակարգ․ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միջոցով կազմակերպել միջոցառմամբ նախատեսված դրամական վճարումներն այն շահառուների համար, ովքեր ներառվել են ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 90 Լ որոշմամբ նախատեսված մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա կազմված աջակցության տրամադրման ենթակա շահառուների վերջնական ցուցակում, սակայն չեն ներկայացրել էլեկտրոնային դիմումներ։
-Սահմանել ՀՀ ԱՍՀՆ-ին տրամադրման ենթակա վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած զինծառայողների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող ցուցակում ներառվելու համար անձի կողմից դիմելու հնարավորություն։