Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Սուլթանյանը չի ասել «գնդակահարել», ասել է «կրակել»․ հրապարակվեց եզդի իրավապաշտպանի հարցազրույցը

January 27, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրող-դատախազ Արտակ Կարապետյանը հրապարակեց Սաշիկ Սուլթանյանի՝ իրաքյան «Եզդի Նյուզ» լրատվամիջոցին տրված հարցազրույցի թարգմանությունը։ Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հ/կ ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Հարցազրույցում, ըստ եզդիերեն-հայերեն թարգմանության, Սուլթանյանն այդ թվում նման արտահայտություններ է արել․(մեջբերումները մասնակի են, մանրամասները՝ դատական նիստի տեսագրությունում․-հեղ․)

-Երբ ասում են, որ եզդիների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են, այդքան էլ այդպես չէ։

-Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները։ Օլիգարխների հետ եմ, որոնք ծանոթներ ունեն կառավարությունում եւ ոստիկանությունում։ Հայերը ծիծաղում են եզդիների վրա եւ թույլ չեն տալիս մշակույթ զարգացնել։

-Ղարաբաղի պատերազմի ժամանակ, շովինիստական շարժման ժամանակ, հայերից կոչեր են հնչել, որ եզդիները ՀՀ-ում չպետք է ապրեն, եւ այդ ժամանակ եզդիներ գնդակահարվեցին։

-Երեսուն տարում եզդիներին հնարավորություն չի տրվել համոզվելու, որ ՀՀ-ում ապագա ունեն․․․

-Գյուղերից մեկում ջուր չկա։ Հայկական գյուղերն ավելի լավ վիճակում են, քան եզդիականները։

Հրապարակված ձայնագրության առնչությամբ Սաշիկ Սուլթանյանի պաշտպաններից Արա Ղազարյանը նախ շեշտեց․ «Սա լրագրողի հետ եղել է անձնական զրույց, իսկ լրագրողն ասել է, որ ռեպորտաժ է պատրաստելու, ցանկանում է զրուցել՝ ռեպորտաժի համար։ Սուլթանյանը չի իմացել, որ ողջ հարցազրույցը հեռարձակվելու է լրագրողի կողմից։ Նա ուղիղ եթերով չի հանդես եկել, որպեսզի իր խոսքերը համարվեն ԶԼՄ-ով արտահայտված ատելության խոսքեր, ինչպես օրենքն է սահմանում։ Լրագրողի անբարեխղճության պատճառով ողջ զրույցը եթեր է գնացել։ Սա հիմք է, որ նրա խոսքերը ԶԼՄ-ով ասված խոսքեր չեն կարող համարվել։ Այն, ինչ դատախազը ներկայացրեց, կապ չունի ապրիլից սեպտեմբեր ստացված փաստական տվյալների, ԱԱԾ-ի գաղտնալսումների հետ։ Հարցազրույցն արվել է գաղտնալսումից հետո»։

Ապա Ղազարյանը հերքեց թարգմանության մեջ առկա որոշակի տվյալներ․ «Սուլթանյանը չի խոսել գնդակահարելու մասին։ Նրա խոսքը քննադատություն է ՀՀ-ի հանդեպ, ոչ թե հայերի։ Ես էլ ունեմ քննադատություն գյուղերի հետ կապված։ Խոշորացնում են, ու երեխաները տասը կմ հեռու են մնում դպրոցից։ Հիմա եթե քննադատեմ, դա կհամարվի ատելության խո՞սք։ Երբ մեքենայով անցնում եմ գյուղերով, ակնհայտ է տարբերությունը հայկական եւ եզդիական գյուղերի միջեւ։ Դա ճշմարտություն է։ Դա թշնամանքի խո՞սք է։ Մեր պատմաբանները նշում են, որ թուրքերը խլեցին հայերի խոսքերը, եւ ի՞նչ, դա ռասի՞զմ է, նրանց պետք է դատե՞ն ատելության խոսքի համար։ Սուլթանյանի բառերն իր անձնական կարծիքն են եւ սուր քննադատություն են կառավարության հասցեին։ Դրանք չեն կարող համարվել ատելության խոսքեր։ Նա երբեք չի ասել, թե հայերը վատն են։ Ասել է, որ կառավարությունն է վատը։ Նա չի ասել խոսք, որն ատելություն է հրահրել հայերի հանդեպ զուտ նրա համար, որ նրանք հայ են»։

Պաշտպանը շարունակեց․ «Թարգմանության մեջ կան անճշտություններ, որոնք առանցքային են։ Մի տեղ նա քննադատել է մարդկանց, որոնք խլել են եզդիների հողերը, մինչդեռ թարգմանության մեջ գրված է «հայերը», եւ տպավորություն է ստեղծվում, որ թե բոլոր հայերն են խլել հողերը»։

Սուլթանյանի մեկ այլ պաշտպան Սամսոն Գալստյաննն էլ ընդգծեց, որ հարցազրույցի թարգմանիչը Հասան Թամոյանն է, որը մի շարք ելույթներով բացասական կարծիք է հայտնել Սուլթանյանի գործունեության մասին, այսինքն՝ թարգմանել է մի անձ, որն ի սկզբանե բացասական վերաբերմունք է ունեցել, բացի այդ՝ չի ունեցել թարգմանության համար անհրաժեշտ որակավորման ապացույց․ «Նա քննիչին չի ներկայացրել լիցենզիա։ Նա, ունենալով անձնական վատ վերաբերմունք, ակնհայտ անճշտություններով է թարգմանություն արել։ Օրինակ, Սուլթանյանը չի ասել, թե հայերը գնդակահարել են եզդիներին։ Նման արտահայտություն չի եղել։ Չի ասել նաեւ, որ հայերը չեն թույլատրել մշակութային միջոցառման կազմակերպումը։ Բացի այդ, Սուլթանյանը ոչ թե ասել է, որ հայերը չեն թույլ տալիս ինչ-ինչ գործողություններ, այլ ասել է, որ ՀՀ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, որ եզդիները պահպանեն իրենց ինքնությունը։ Սուլթանյանը ՀՀ իշխանության վարքագիծն է քննադատել։ Նա չի ասել նաեւ, թե ՀՀ-ում եզդիները հող ունենալու իրավունք չունեն»։

Արա Ղազարյանն իր հերթին հավելեց․ «Նա ասել է, որ ՀՀ-ում տնտեսական կյանքն այնքան էլ լավը չէ, բայց աշխատանք կա, եւ ՀՀ-ից արտագաղթող եզդիները ՀՀ-ում առաջ գնալու հնարավորություն ունեն։ Նա եզդիների տեսակետներին է անդրադարձել։ Նա անգամ քննադատել է եզդիական տաճարի ղեկավարությանը»։

Գնդակահարման առնչությամբ էլ Արա Ղազարյանը պարզաբանեց․ «Նա ասել է, որ երբ ՀՀ-ում շովինիստական շարժում առաջ եկավ, որի ներկայացուցիչներն ասում էին, որ միայն հայերը պետք է ՀՀ-ում ապրեն, որ մյուս ազգերը չպետք է ապրեն․․․Նա չի ասել «գնդակահարել», այլ ասել է կրակել։ Բացի այդ, նա ոչ թե ասել է, թե հայերն են կրակել, այլ ասել է, որ շովինիստները՝ ռասիստներն են ասել, թե ՀՀ-ն միայն հայերի համար է։ Այսինքն, ոչ թե բոլոր հայերն են նման կերպ վարվել, այլ մարդկանց մի խումբ։ Նա ասել է, որ մինչեւ 2005-06 թթ․ եզդիները վախի մեջ են ապրել, իսկ հիմա այդ շարժումը չկա։ Այսինքն, Սուլթանյանի խոսքերը խեղաթյուրել են։ Նրա խոսքերը չեն կարող ազգային թշնամանք պարունակել»։

Մեղադրող-դատախազը պարզաբանեց, որ թարգմանչական գրասենյակի կողմից է լիազորագիր տրվել, որ թարգմանիչը լիազորվել է եզդիերեն-հայերեն թարգմանություն անել․ «Իսկ թարգմանություններին յուրահատուկ մեկնաբանություն տրվեց։ Երբ թարգմանչին հրավիրենք, հարցերի պատասխանները կստանանք։ Բայց կրկնում եմ, որ թարգմանությամբ ձեռքբերված տվյալները պետք է գնահատվեն։ Կոնկրետ էթնիկ խմբին ուղղված գնահատականներ են եղել։ Իսկ Սուլթանյանը քաջ գիտակցել է, որ հարցազրույց է տալիս, որը հրապարակվելու է եւ հասանելի է դառնալու լսարանին»։

aravot.am

Դիտումներ՝ 22

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????