Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քոչարյանը չէ այն անձը, որը կարող է խոսել իրավունքի գերակայության, դատարանի անկախության մասին, որոնք իրեն «միակ տղամարդը» հորջորջած անձի կողմից ուղղակի ոտնատակ են արվել․ իրավապաշտպան

February 9, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Կան գործիչներ, որոնք շուրջօրյա հորդորի կարիք ունեն՝ վերհիշել իրենց կառավարման տարիների որակն ու բնույթը եւ չխոսել այնպիսի թեմաների մասին, որոնք,մեղմ ասած, հակացուցված են իրենց։ Օրինակ, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատականներ է տալիս երկրի իրավական ներկայիս վիճակին, խոսում է «ընդդիմադիր գործիչներին հետապնդելու,խոշտանգելու,ամեն գնով կալանավորելու մասին» եւ ի հավելումն այս ամենի՝ գուժում «իրավական պետության քայքայման» մասին, իրեն դնում է անհարմար վիճակի մեջ, հասարակությանն էլ՝ «կոգնիտիվ դիսոնանսի», ստիպելով վերհիշել հիշելին, ընդհուպ՝ անհիշելին։ 



Քոչարյանի այսօրվա հայտարարության շուրջ, որում նախկին նախագահը «ախտորոշել» է ՀՀ իրավական ներկայիս վիճակը եւ վերջում էլ սպառնացել իշխանությանը՝ «շուտով գալու է պատասխան տալու ժամանակը», Civic.am-ը զրուցել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ։ «Ռոբերտ Քոչարյանը չէ այն անձը, որը կարող է խոսել իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության եւ ընդհանրապես՝ այնպիսի հասկացությունների մասին, որոնք որպես իրեն միակ տղամարդը հորջորջած անձի կողմից ուղղակի ոտնատակ են արվել։ Քոչարյանը չէ, որ պետք է խոսի դատական իշխանության մասին, երբ իր թիկնապահները ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին եւ նրանք դատարանի կողմից պայմանական պատժվեցին՝ 1 տարի ժամկետով։ Քոչարյանը չէ, որ կարող է խոսել իրավունքի մասին, երբ ՍԴ 2003 թ․որոշումը՝ որպես բարձրագույն սահմանադրական մարմնի որոշում, ըստ որի պետք է մեկ տարի հետո վստահության հանրաքվե անցկացվեր, այդպես էլ չիրագործեց, ավելին՝ մեկ տարի հետո ՍԴ որոշման կատարման պահանջով բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ Բաղրամյան պողոտայում կիրառեց «կոլցո» օպերացիան եւ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց։ Քոչարյանը չէ, որ պետք է խոսի իրավունքի եւ դատական իշխանության մասին, երբ դատավորները պետական կարիքների համար ունեզրկված, բնազրկված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը չէին ապահովում, այլեւ հրավիրվելով Բաղրամյան 26՝ նախագահական, ուղղակի կապտում էին, սարսափած էին։



Խոսքը վերաբերում է այն գործերին, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից ընդունվել են որոշումներ իրավունքների խախտման մասին։ Դրանք ի՛ր դատավրներն էին։ Քոչարյանը չէ, որ պետք է հոլովի իրավունք ու դատական իշխանություն տերմինները, երբ 2008թ․ մարտի 1-ին եւ դրան նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածում հարյուրավոր քաղաքական հետապնդման զոհեր, բանտարկյալներ ունեցանք, որոնց նկատմամբ զանգվածաբար կիրառվում էր խափանման միջոց կալանքը։ Մարդ, որը պետության անկախությունը «գույք պարտքի դիմաց» եւ տարբեր էներգետիկ եւ տնտեսական բնույթի որոշումներով ՀՀ-նն ուղղակի կախվածության մեջ դրեց ՌԴ-ից։ Մարդ, որը հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը համարեց «ուչաստկովիի մակարդակի գործ»՝ արդեն իսկ կանխորոշելով նախաքննության հետագա ընթացքը։ Մարդ, որը մինչեւ 2008թ․ մարտի 1-ը ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ վերդիկտով հանդես եկավ, թե՝ շատ-շատերը երկար ժամանակ նստելու են բանտերում։ Մարդ, որն ամբողջ պետական համակարգը նստեցրեց կոռուպցիոն ասեղի վրա։ Հիմա այս մարդը, որը իր մտածելակերպով ու գործելակերպով ոչ մի կապ չունի իրավունքի եւ դատական իշխանության ակախության հետ,խոսում է այդ նույն դատական իշխանության անկախության մասին, որը եթե իր ժամանակ ոտնատակ արված չլիներ ու անկախ լիներ, մենք չէին ունենա ներկայիս վիճակը»,-Քոչարյանի պաշտոնավարման շրջանի իրավական ախտորոշումն այսպես ամփոփեց Ա․ Սաքունցը։



Նա նաեւ նշեց իր դիտարկմամբ խորքային նշանակություն ունեցող մի երեւույթ, որը ընդդիմության որակն է։  «ՀՀ քաղաքական պատմության մեջ առաջին անգամ ընդդդիմության դաշտում որպես առաջնային մանդատ ունեցող քաղաքական գործիչներ հանդես են գալիս կրիմինալ կառավարման ներկայացուցիչները։ Դիսոնանս է առաջանում, երբ մարդիկ, որոնք անպատիժ, համակարգային կոռուպցիայի կառավարման, մարդու իրավունքների շարունակական ու անպատիժ խախտումների համար պատասխանատու են, սակայն, ցավոք սրտի, պատասխանատվություն չեն կրել, ներկայանում են որպես քաղաքական ընդդիմադիր գործիչներ։ Ցավոք սրտի քաղաքական համակարգը չձերբազատվեց, չազատագրվեց քրեական արժեհամակարգից ու տարրերից։ Եւ այն անպատժելիությունը, որը գոյություն ուներ եւ հեղափոխությունից հետո էլ այդ անպատժելիները մնացին անպատիժ, ավելին՝ հանդես եկան որպես քաղաքական միավոր, մեծագույն մարտահրավեր է։ Եւ մեզ՝ իրավապաշտպաններիս համար, շատ դժվար է, քանի որ մինչ այս մենք չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ գործ ունենանք իր էությամբ կրիմինալ ընդդիմության հետ՝ փոքր բացառությունները հանած։ Հակաիրավական, հակաքաղաքակրթական, հակաժողովրդավարական արժեքների հետեւորդ այս ընդդիմությունը, երբ հանդես է գալիս որպես քաղաքական գործոն, բարոյազրկում է ամբողջ քաղաքական դաշտը։ Եւ այս առումով ներկա իշխանությունն ունի առաջնային պարտավորություն՝ իրականացնել քաղաքական լյուստրացիա, ակտիվ ջանքեր գործադրել քաղաքական դաշտի ապաքրեականացման ուղղությամբ»։



Իրավապաշտպանը հավելեց նաեւ, որ իշխանության համար օրակարգային է դատական ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելը։ «Իշխանությունն իր չարածների եւ չիրականացրած գործողությունների պատճառով ստեղծում է հիմքեր՝ նման մարդկանց բարբաջանքների համար, նման մարդկանց խոսելու հնարավորություն տալով, որոնք իրենց եւ իշխանությանը դիտարկում են նույն հարթակում, իշխանությանը հավասարեցնում են իրենց։ Սա է այսօրվա ողջ ողբերգությունը։ Թե չէ՝ Քոչարյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր՝ իր բոլոր գործողությունների համար, մարդու իրավունքների խախտումների, իր օրոք զինված ուժերում մահացությունների համար, որոնք կատաստրոֆիկ մակարդակի էին հասել, միջպետական այնպիսի գործարքների ու որոշումների համար, որոնք պետության զարգացումն են կասեցրել, անկախությունն ու ինքնիշխանությունն են նվազեցրել»։



Նկատեցինք՝ Քոչարյանը համարում է, որ «կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ»,ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․ «Միջազգային կառույցներին հղում է անում մի մարդ, որը հայտնի է իր այն արտահայտությամբ, թե Եվրախորհուրդը հո պոլիտբյուրո չէ՞։ Մարդ, որը պետության միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների բնագավառում գետնով է հավասարեցնում, նսեմացնում։ Մարդ, որը 2008թ․ մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների դեմ իրականացրած ահաբեկչության պատճառով պետությանը դուրս թողեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից ու դրանից հետո հայտարարեց, թե մենք մեր 120 միլիոն դոլարը կգտնենք այլ տեղից։ Եւ դեռ մինչեւ հիմա գտնում է։ Մարդ, որը իր քաղաքացիների հանդեպ ստանձնած պարտավորություններն էր ոտնատակ տալիս, իսկ հիմա հղում է կատարում այն մարմիններին, որոնք իր համար պոլիտբյուրո էին, բայց իրականում իր համար պոլիտբյուրոն Կրեմլն է, Պուտինը։ Մոռանում եք մի բան, որ իր հետ քիմիական կապի մեջ գտնվող այդ մարդը քաղաքակիրթ աշխարհի կողմից ենթարկվեց խստագույն քննադատության։ Քիմիական կապը հիմք չի տալի՞ս աջակցել նրան։ 



էդքան դուխ չունե՞ս, բա միակ տղամարդը չե՞ս, տղամարդավարի հանդես արի Վլադիմիր Վլադիմիրովիչին, նրա քաղաքականությանն ուղղված աջակցությամբ, քաղաքականություն, որը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ՀՀ-ի նկատմամբ է կիրառվում»։ Սաքունցը հարց հղեց՝ հիմա ո՞ւմ կողմնակիցն է Քոչարյանը՝ ՀՀ-ի՞, որպես ժողովրդավարական պետության, «թե՞ այդ ամենը ոչնչացնող պուտինիզմի»։  «Ունենք խնդիրներ»,-նասում է Սաքունցը՝ հավելելով, բայց դրանց մասին Քոչարյանը չէ, որ պետք է խոսի՝ աղավաղելով իրավական ոլորտի օրակարգային հարցերը։ «Ինքը բոլորովին այլ տեքստ ունի ասելու, որի մասին ինքը ժամանակին հիմնավորումներ ներկայացրել է եւ այդ հիմնավորումներից ելնելով՝ չի համարձակվում, դուխը չի հերիքում, որ խոսի»,-եզրափակեց Սաքունցը։   

 

civic.am

Դիտումներ՝ 42

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????