Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարտական գործողություններին մասնակցած, բայց զինգրքույկում համապատասխան գրառում չունեցող զինծառողները կարող են դիմել ՀՔԱՎ

June 7, 2022

Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱՎ-ը շարունակում է զորակոչիկների, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, իրազեկումը, նրանց խախտված իրավունքների վերականգնումը։ 

 

Ի թիվս այլ խնդիրների, մտահոգիչ է 2020 թ․ 44-օրյա պատերազմին մասնակցած, շատ դեպքերում վիրավորում ստացած պարտադիր ժամկետային, պահեստազորային զինծառայողների, ինչպես նաև կամավորագրված անձանց զինվորական գրքույկներում սահմանված կարգով նախատեսված գրառումների բացակայությունը:

 

Պահեստազորի մայոր Ա․Հ․-ն 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է և ապաքինվելուց հետո՝ 2020 թ․ դեկտեմբերին, ներկայացել զորամաս՝ զինգրքույկում մարտական գործողությունների մասին նշում կատարելու։ Ավելի քան 6 ամիս որևէ տեղեկություն չստանալուց հետո նա նախ դիմել է մարզային ստորաբաժանում, որտեղից տեղեկացել է, որ իր անձնական գործը դեռևս ստորաբաժանում չի վերադարձվել։ Դրանից հետո իր իրավունքների պաշտպանության համար դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Միայն ՀՔԱՎ-ի գրությունից հետո՝ 2021-ի հունիսին, ՊՆ-ն պատասխանել է, որ Ա․ Հ․-ի զինգրքույկում համապատասխան նշումն արվել է։

 

2020 թ․ 44-օրյա պատերազմական գործողություններին  մասնակցած մի շարք զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողությունների վերաբերյալ նշումներ կատարվել են միայն ՀՔԱՎ-ի ցուցաբերած իրավական աջակցությունից հետո, երբ նրանք դիմել են Կազմակերպություն և հայտնել, որ մասնակցել են  մարտական գործողություններին, ստացել են բեկորային կամ այլ տեսակի վիրավորում, սակայն իրենց զինվորական գրքույկներում այդ մասին համապատախան գրառում չէր կատարվել։

 

Թ․Թ․-ն ժամկետային զինծառայության մեջ է եղել, երբ սկսվել է պատերազմը։ 2020 թ․-ի հոկտեմբերին վիրավորում է ստացել։ Զորամասը, որտեղ նա ծառայում էր, ըստ ՊՆ-ի տեղեկությունների՝ կազմալուծվել է, և դրանով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ճշտել այդ զորամասից ուղարկված փաստաթղթերի իսկությունը, ինչի պատճառով էլ մարտական գործողություններին զինծառայողի մասնակցության եւ վիրավորում ստանալու մասին զինգրքույկում նշում չի կատարվել։ Միայն ՀՔԱՎ գրությունից հետո ՊՆ-ից տեղեկացրել են, որ 2022 թ․ ապրիլին մարզային ստորաբաժանում են ուղարկվել զինծառայողի մարտական գործողություններին մասնակցելու և վիրավորում ստանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկանքները՝ զինգրքույկում գրառում կատարելու համար։

 

Կազմակերպության կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը  համապատասխան ցուցումներ է տվել իր ենթակայության տակ գտնվող տարբեր մարմինների, և մարտական գործողությունների ավարտից 1-2 տարի հետո միայն կատարվել են համապատասխան գրառումները։  

 

Հ․Մ․-ն ևս ժամկետային զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Նա ևս վիրավորվել է և ըստ նրա՝ զինգրքույկում որեւէ նշում չեն կատարել մարտական գործողությունների մասնակցելու վերաբերյալ, բացի այդ, ինչպես ինքն է տեղեկացրել, հրամանատարական կազմից հայտնել են, թե մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում չեն կատարելու զինգրքույկում։ Իր իրավունքները պաշտպանելու նպատակով Հ․ Մ․-ն դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ 2021 թ․ նոյեմբերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավական աջակցության տրամադրումից հետո միայն մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում է կատարվել նրա զինգրքույկում։

Ի դեպ, նշված գրառումների առկայության դեպքում մարտական գործողությունների մասնակիցներն ունեն որոշակի արտոնություններ, մասնավորապես՝ բժշկական ցուցումների առկայության դեպքում անվճար առողջարանային բուժման իրավունք` ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով, ՀՀ տարածքում քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունք:

 

Լ․Մ․-ն ժամկետային զինծառայության ընթացքում մասնակկցել է 44-օրյա պատերազմական գործողություններին, որի հետեւանքով վիրավորում է ստացել։ 2021-ի փետրվարին նա զորացրվել է՝ առանց զինգրքույկում մարտական գործողությունների մասնակցության մասին նշման։ Նա այդ հարցով նախ անձամբ է դիմել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալլրման տարածքային ստորաբաժանում, ապա արդյունքի չհասնելուց հետո դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՔԱՎ գրությունից հետո միայն՝ 2021 թ․ հուլիսի 28-ին համապատասխան ստորաբաժանում են ուղարկվել Լ․Մ․-ի մարտական գործողություններին մասնակցելու և վիրավորում ստանալու մասին տեղեկանքներ՝ զինվորական գրքույկում նշումներ կատարելու համար։

 

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող մարտական գործողությունների մասնակիցը, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը)՝ ՀՀ գործող հավատարմագրված բարձրագույն, պետական ու հավատարմագրված, ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելություն և ուսումնառություն ստանալու իրավունք ունեն՝ ՀՀ  պետական բյուջեի միջոցների հաշվին՝  ՀՀ կառավարության սահմանած կարգով։

 

Բացի դրանից՝ մարտական գործողությունների մասնակցելու ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած խեղման կամ վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներն ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

 

Ռ․Ս․-ն որպես ժամկետային զինծառայող մասնացել է 44-օրյա պատերազմին և վիրավորում ստացել, սակայն մինչև զորացրվելը վերջինիս զինվորական գքրույկում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում չի կատարվել։ Միայն ՀՔԱՎ գրությունից հետո՝ 2021 թ․ հոկտեմբերին Ռ. Ս. -ի զինգրքույկում կատարվել է համապատասխան գրառումը։ Ավելին՝ նա չէր ստացել նաև զինվորական ծառայության մեջ գտնվելու որոշ ժամանակահատվածի համար զինծառայողի ամսական դրամական բավարարումը և զորացրվելիս տուն վերադառնալու տրանսպորտային ծախսերը։ ՀՔԱՎ գրությունից հետո նա ստացել է նաև այդ գումարները։

 

 

 

Դիտումներ՝ 1264

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????