Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այսօր վերադարձնում են միլիոնները, վաղը կարող են ասել՝ մեզ ստիպել են, ունեզրկել են

December 17, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, մի քանի օր է քննարկվում է ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից գյումրեցի կնոջը ծեծելով սպանելու թեման։ Ինչո՞ւ իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին տեղի ունեցածին։

 

Ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ ՀՀ տարածքում բռնության և սպանության փաստով հարուցված քրեական գործի հետ կապված արձանագրում ենք հետևյալը. հերթական անգամ ռուսական բազայի զինծառայողը, որի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից կայացվել էր ձերբակալելու որոշում, այնուհետև դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, գտնվում է ոչ թե ՀՀ կալանավորների պահման վայրում, այլ ռուսական բազմաբազայի  վերահսկողության ներքո։ Սա հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթների կոպիտ խախտում է։

 

Երկրորդ՝ հերթական անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ իշխանությունը հետամուտ չի լինում, կամ ընդհանրապես որևէ արձագանք չենք լսում ՌԴ-ի կողմից կատարվող խախտման մասին։ Ավելին, անհասկանալի է, թե ինչպես է ռուսական բազայի զինծառայողը հայտնվում ՌԴ հսկողության ներքո։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ նա գտնվել է բազայի տարածքում, ապա մեր դատարանի կողմից  խափանման միջոց կալանքն ընտրելուց հետո հայկական կողմը չի կարողանում հասնել նրան, որ այդ զինծառայողը հայտնաբերվի և ռուսական ռազմաբազայի տարածքից տեղափոխվի ՀՀ քրեակատարողական հիմնարկ։ Հերթական անգամ կասկածի տակ է դրվում այդ սպանության գործով քրեական գործի օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունը, որովհետև ակնհայտ է, որ ռուսական կողմը կունենա ազդեցություն գործի վրա, քանի որ անձը գտնվում է իրենց հսկողության տակ։ Պետք է արձանագրել, որ թեև Հայաստանում իշխանություն է փոխվել, նոր Ազգային ժողով է ընտրվել, ունենք բացարձակ լեգիտիմություն ունեցող իշխանություն, սակայն նույն մոտեցումն ունեն, ինչը կար նախորդ իշխանության ժամանակ։

 

Երրորդ՝ ՌԴ դեսպանատունը բացառիկ ցինիկ կերպով գնահատականներ տվեց այս դեպքի հետ կապված մամուլի տեղեկատվությանը, որում նշվում էր, որ ամենայն հավանականությամբ, գնահատեց դա որպես սադրանք։ Սա ոչ միայն ցինիկ վերաբերմունք է, այլև արհամարհական վերաբերմունք է թե Հայաստանի, թե նրա քաղաքացիների նկատմամբ։ Ավելին, Ռուսաստանը հերթական անգամ անվստահություն է հայտնում ՀՀ պետական մարմիններին այն իմաստով, որ ռուս զինծառայողին, ով կասկածվում է ծանր հանցագործության մեջ, չի հանձնում ՀՀ պետական մարմիններին, որոնց հսկողության տակ պետք է գտնվի։

 

Կարո՞ղ ենք արձանագրել, որ ունենք խնդիր, որը ոչ մի կերպ չի լուծվում, և նախկինից դեռ ոչինչ չի փոխվել այս առումով։

 

Մենք արձանագրում ենք հերթական անգամ, որ բուն խնդիրը ռուսական բազայում զինծառայության նկատմամբ հայկական կողմի որևէ հսկողության բացակայությամբ է պայմանավորված։ Այսինքն՝ մենք այս տարածքում ունենք օտար պետության զինվորական ստորաբաժանում, որը որևէ հսկողության կամ մշտադիտարկման չի ենթարկվում ՀՀ իշխանությունների կողմից։ Նման պայմաններում ռուսական կողմը որևէ պատասխանատվություն չի վերցնում ռուսական ռազմաբազայի զինծառայողներով համալրման, որակի ապահովման առումով։ Այսինքն՝ չկա հսկողություն, թե ռուսական կողմն ում է ուղարկում այստեղ ծառայության։ Ընդհանրապես զինծառայողները գիտակցո՞ւմ են, որ այլ երկրի տարածքում են  ծառայությունն անցկացնում և ունեն անհրաժեշտ վարքագծի նորմերի պահպանման խնդիր՝ ինչպես պահել իրենց բազայի տարածքից դուրս և օտար երկրի քաղաքացիների նկատմամբ։ Սրանք հարցեր են, որոնք որևէ կերպ լուծված չեն, որոնց լուծման վերաբերյալ որևէ մեխանիզմ չկա հայ-ռուսական պայմանագրում։ Այսինքն՝ ռազմակայանը շարունակում է մնալ բացարձակապես անվերահսկելի կառույց։ Եթե վաղը կամ մյուս օրը ռուսական բազան որոշի, որ ենթադրենք, իր ստորաբաժանումները կամ իր զինծառայողներն ինչպես և ուր շարժվեն, ըստ էության, կարող են ազատորեն շարժվել, և հայկական կողմը չունի որևէ լծակ կանխելու կամ կանխարգելելու դա։

 

Նախ Սաշիկ Սարգսյանը, հիմա էլ Վաչագան Ղազարյանը և էլի ուրիշներ պատրաստակամություն են հայտնել միլիոնավոր դոլարներ նվիրաբերել պետությանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս պրոցեսը, սա կարո՞ղ է մեղմել նրանց նկատմամբ հնարավոր պատիժը։

 

Նման մոտեցումը, երբ ակնհայտ կոռումպացված համակարգի արդյունքում ահռելի միջոցներ կուտակածներն իբրև թե սեփական կամքով որոշում են իրենց ունեցվածքի մի մասը որպես նվեր վերադարձնել կամ հանձնել պետությանը, դա շատ նման է միջնադարում ինդուլգենցիայի մեխանիզմին։ Իմ համոզմամբ՝ ՀՀ-ն եկեղեցի չէ, որը պետք է ինդուլգենցիայի մեխանիզմով վերաբերի կոռուպցիոն, համակարգային հանցագործությունների մեջ ուղղակի պատասխանատու անձնանց, որովհետև ՀՀ սոցիալական այս խայտառակ անապահովության պայմաններում նման աստղաբաշխական ռեսուրսներ դիզած մարդիկ պետք է նախևառաջ պատասխան տան, թե քանի հոգու ունեզրկման արդյունքում են դիզել այսքան գումար, որը հանգեցրել է նրանց թե առողջության, թե աշխատանքի, թե սեփականության կորստին, այսինքն՝ ի վերջո սա ձեռք է բերվել ծանր հանցագործությունների արդյունքում։ Եվ այս ամենի դիմաց վճարելով ազատվել հնարավոր ծանր հանցագործությունների համար պատասխանատվությունից, կրկնում եմ, պետությունը միջնադարյան կաթոլիկ եկեղեցու վերածելու մոդել է։

 

Պետք է տեղի ունենա արդարադատություն, և բացահայտվեն այդ ենթադրյալ հանցագործությունների կատարման մեխանիզմները և հնարավոր տույժերը։ Սա մյուս կողմից ցույց է տալիս, թե կոռուպցիան ինչ աստիճանի է հասել, և պետք է արդարադատություն իրականացնել, այլապես այդ մարդիկ կարող են ասել՝ մեզ ստիպել են, որպեսզի մենք վերադարձնենք։ Չունենք դատարանի որոշում կամ իրավական ակտ, որով ճանաչված է, որ իրենք հանցագործություններ են կատարել։ Վաղը չէ մյուս օրն էլ կասեն՝ մեզ ունեզրկել են։ Եվ սա տեղիք է տալիս հնարավոր տարբեր շահարկումների, այսինքն՝ պետք է գործի արդարադատությունը։

 

Ազատ և արդար ընտրություններ արդեն ունենք, իսկ ազատ և արդար դատական համակարգ ե՞րբ կունենանք։

 

Ընտրությունները մեկանգամյա ակցիա են, նախընտրական քարոզչություն, գովազդներ, ելույթներ և քվեարկություն, ժամանակի մեջ դա շատ կարճ պրոցես է, որը կարող ես ապահովել, եթե ունես քաղաքական կամք, բայց դատական իշխանության անկախության ապահովման համար շատ լուրջ աշխատանք պետք է կատարել և, իհարկե, շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Այս տեսակետից շատ կարևոր է մեկ հարց. առաջին՝ նոր ԱԺ-ն, բացի ընթացակարգային խնդիրներից, պետք է մեկ որոշում ընդունի՝ քաղաքական գնահատական պետք է տրվի նախորդած ժամանակահատվածում ավտորիտար կառավարմանը, այսինքն՝ հստակ ջրբաժան անցկացնի, թե ինչպիսին այլևս չպետք է լինի ՀՀ-ում կառավարումը, ինչպիսին չպետք է լինի իշխանության բնույթը, վարչարարությունը։ Երկրորդ՝ շատ լուրջ պետք է օրենսդրական փաթեթ պատրաստել անցումային արդարադատության իրականացման համար, որի բուն նպատակը պետք է լինի նախորդ ավտորիտար կառավարման ժամանակահատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնումը, նրանց նյութական և բարոյական  վնասների փոխհատուցմանը։ Սրանք ամենաանհրաժեշտ քայլերն են, առանց որի որևէ հույս ունենալ, որ մեզանում դատական իշխանությունը կառողջանա, չեմ պատկերացնում։

 

Պետք է սահմանադրական լրջագույն փոփոխություններ տեղի ունենան, որը կապահովի իշխանությունների տարանջատման և փոխզսպման մեխանիզմը, առանց որի անկախ դատական իշխանություն բարի կամքով չի կարող լինել։ Պետք է լինի հակակոռուպցիոն ունիվերսալ մոդել, որի համար անհրաժեշտ են շահերի բախումը կանխարգելող օրենսդրություն, լուծումների վերահսկելի մեխանիզմներ, հանրային ռեսուրսների տիրապետման, կառավարման հստակ թափանցիկ և հաշվետու մեխանիզմներ։ Եվ սրանցից որևէ մեկը չլուծելու դեպքում բարի կամքով շատ առաջ չենք կարող գնալ։

 

lragir.am

Դիտումներ՝ 888

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????