Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հավաքներն անընդհատ պետք է իրականացվեն, և անհեթեթ կլինի մտածել, որ բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այսպիսի փնթի եղանակով

October 14, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Այս տարվա սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել է պահեստազորի պլանային հավաքներ անցկացնելու որոշում, որը հաջորդ օրն ուժի մեջ է մտել ու սկսել իրականացվել։ Այս փուլում իրավապաշտպաններն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ գործընթացն իրականացվում է խախտումներով։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության բնագավառում քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը Lragir.am-ի հետ զրույցում նշում է, որ նախ ծանուցման կարգն ու պատշաճ ժամկետներն են խախտվում։ «Մինչ այս որոշումն ընդունելը պետք է շատ ուշադիր լինեին, որ կա նաև կառավարության 11-74 որոշումը, որով սահմանվում է, որ քաղաքացիներին վարժական հավաքների կանչելուց առաջ առնվազն 20 օրացուցային օր առաջ պետք է ծանուցեն, ինչը չի իրականացվել։ Օրինակ՝ սեպտեմբերի 27-ին տալիս էին ծանուցում նույն օրվա՝ 27-ի կամ 28-ի համար վարժական հավաքի վայր ներկայանալու պահանջով։ Երկրորդը, պատշաճ ծանուցում չի իրականացվում։ Անձը պետք է անձամբ ստանա գրավոր ծանուցագիրը, սակայն քաղաքացուն կարող են զանգել, նա տանը չլինի, հարազատի միջոցով փոխանցում են, որ ներկայանա»,- ասաց մասնագետը։

 

Իրավապաշտպանները լուրջ խնդիր են համարում այն, որ վարժական հավաքներին ենթակա անձինք բուժզննման չեն ենթարկվում։ «Քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով բժշկական հետազոտության ու փորձաքննության չեն ենթարկում։ Օրենքներով ու իրավական նորմերով նախատեսվում է, որ ինչպես ժամկետային զինծառայության զորակոչի դեպքում, այնպես էլ վարժական հավաքի մասնակիցները պետպատվերի շրջանակներում բժշկական հետազոտության ու փորձաքննության պետք է ենթարկվեն, ինչը չի իրականացվում։ Միայն դրա հիման վրա կարող են որոշել՝ անձը ենթակա է վարժական հավաքի, թե՞ ոչ։ Հայտնի չեն պատճառները, թե ինչու բուժզննում չի իրականացվում։ Այնինչ, պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների առողջության պահպանման իրավունքը։ Ավելին, եթե քաղաքացին իր նախաձեռնությամբ անցել է որոշակի բժշկական հետազոտություններ, ունի բժշկական փաստաթղթեր և ներկայացնում է, դրանք անտեսվում են»,- նշեց նա։

 

Արմինե Սադիկյանի խոսքով՝ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումները քաղաքացիների փաստաթղթային տվյալներում որևէ թարմացում չեն իրականացնում։ Մեծ օրենսդրական բաց կա, օրենքը չի նախատեսում այնպիսի դեպքերը, որոնք վերաբերում են ընտանեկան պայմաններին, և նույնիսկ 4 անչափահաս երեխա ունեցող ու միակ կերակրող համարվող անձին կանչում են զորավարժությունների։ Քաղաքացիներն իրավապաշտպաններին դիմում են նաև աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերով։ Ճիշտ է, զորավարժությունների ընթացքում քաղաքացիների աշխատատեղերը գործատուն պարտավոր է օրենքով պահպանել, բայց հաշվի չեն առնվում, որ անձի՝ աշխատավայրում երկու ամիս չգտնվելը կարող է խաթարել տվյալ հաստատության բնականոն գործունեությունը։ Բացի դա, կան քաղաքացիներ, որոնք ստանում են ավելի բարձր աշխատավարձ, բայց վարժական հավաքի մեջ գտնվելու դեպքում պետք է ստանան պայմանագրային զինծառայողին հատկացվող գումար, ինչը չի գերազանցում 200 հազար դրամը այն դեպքում, եթե անձը մասնակցում է մարտական հերթապահության։

 

«Այս հարցերն օրենքով ամրագրված չեն, և փոխանակ Պաշտպանության նախարարությունը բարձրացված հարցերի շուրջ քայլեր ձեռնարկի, ոչինչ չի արվում։ Մենք այս հարցերով դիմել ենք ՊՆ, դեռևս ստացել ենք մեկ քաղաքացու վերաբերյալ պատասխան, որով ասում են՝ կա օրենսդրություն, իրավական նորմեր, մենք դրա շրջանակներում ենք իրականացնում գործընթացը։ Հղում են անում այդ օրենսդրությանը, բայց մոռանում են, որ կառավարության սեպտեմբերի 27-ի որոշումն ընդունվել է՝ առանց հաշվի առնելու իմ նշած նախկին որոշումը։ Ես վստահ եմ, որ այս Պաշտպանության նախարարությունը համաձյան է մեր բարձրացրած խնդիրների հետ, բայց քայլեր չի անում, որ դրանք լուծի»,- նշեց Արմինե Սադիկյանը։

 

Նրա խոսքով՝ քաղաքացիները, ովքեր իրազեկ են և մերժում են ոչ պատշաճ ծանուցումը կամ բժշկական հետազոտության հարցն են բարձրացնում ու պարտավորեցնում կառույցին, որ դրանք իրականացվեն, ոստիկանների կողմից հետապնդման են ենթարկվում։ «Ոստիկանության մասին օրենքով ոստիկանությունն իրավունք ունի ներգրավվել զորակոչային գործընթացներին՝ ընդամենը աջակցելու այդ գործընթացին։ Բայց ոստիկանության ներկայացուցիչները գնում են բնակարաններ, ահաբեկում են մարդկանց։ Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությունը։ Այս հարցերին ևս պետությունը պետք է պատշաճ գնահատական տա։ Մենք մի երկրում ենք ապրում, որտեղ այս հավաքներն անընդհատ պետք է իրականացվեն, և անհեթեթ կլինի մտածել, որ բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այսպիսի փնթի եղանակով»,- ասաց մասնագետը։

 

lragir.am

Դիտումներ՝ 165

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????