2022թ․ նոյեմբերի 28-30-ը ՄԱԿ-ի բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խումբը նախաձեռնել էր հերթական տարեկան ֆորումը, որի շրջանակում ելույթ է ունեցել նաև ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով ՀՀ-ում աշխատանքային իրավունքների վիճակը և դրա ազդեցությունը առհասարակ մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի վրա։
Ֆորումն իրականացվում է 2011-ից, և հիմնադրման օրվանից համախմբում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, բիզնեսների, արհմիությունների, քաղհասարակության հազարավոր ներկայացուցիչների, իրավաբանների ու շահագրգիռ այլ կողմերի։ Նպատակն է՝ ուղիներ գտնել կանխարգելելու բիզնեսի հետ առնչվող մարդու իրավունքների խախտումները և դրանց ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։
Այս տարի անցկացվող 11-րդ ֆորումի առանցքում Covid-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներն էին, հիմնական թեման՝ բիզնեսի հաշվետվողականությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։
ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը իր ելույթում անդրադարձավ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակին, պետության ձեռնարկած միջոցառումներին, անդրադարձավ նաև համավարակի ընթացքում բացահայտված խնդիրներին, աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսակետից առավել խոցելի խմբերին։
«Քանի դեռ պետությունը չի հասկացել, որ առանց աշխատանքային իրավունքների պաշտպանության՝ հիմնարար իրավունքները չեն կարող պաշտպանվել, մենք աշխատանքային իրավունքների ոլորտում արմատական փոփոխություններ չենք կարող ակնկալել»․ նշեց Ա․ Սաքունցը։