Գործունեություն | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն
ՀՔԱՎ գրասենյակը արձանագրել է տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում երեխաների անձնական տվյալների և մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների ներառման և հրապարակման խնդիրներ։
Խնդիրը Կազմակերպությունը արձանագրել է մասնավորապես Շիրակի մարզի Անի համայնքի պաշտոնական կայքէջի ուսումնասիրության ժամանակ, որում ամբողջությամբ և առանց ապաանձնավորման հրապարակվում են ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ղեկավարի կողմից կայացված այն որոշումները, որոնք վերաբերում են անչափահասների՝ ընտանիքների հետ վերամիավորման հարցին, վերջինիս հիմք ծառայող հանգամանքներին, խնամքի և դաստիարակության հետ կապված այնպիսի հարցերին, որոնք գտնվում են անչափահասների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի դաշտում։
Նման տվյալների հրապարակումը միջամտում է երեխաների մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը և հարուցում երեխայի լավագույն շահի պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններ։
Խնդրի վերաբերյալ կազմվել է գրություն և ներկայացվել ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գրասենյակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ղեկավարին։
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից անչափահասների խնամքի և դաստիարակության, ընտանիքի հետ վերամիավորման կամ նման այլ հարցերի լուծումը ենթադրում է անչափահասների, նրանց ընտանիքի անդամների կամ այլ փոխկապակցված անձանց մասնավոր կյանքին առնչվող տեղեկությունների, ինչպես նաև անձնական մի շարք տվյալների ուսումնասիրություն և վերլուծություն, որոնց արդյունքները արտացոլվում են ՏԻՄ կողմից համապատասխան հարցերով կայացվող որոշումներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏԻՄ-երը ունեն պաշտոնական կայքէջեր, որտեղ հրապարակվում են կայացվող որոշումները, առկա է անհրաժեշտություն ապաանձնավորել անչափահասների մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված են համայնքների պաշտոնական համացանցային կայքում պարտադիր տեղադրման կամ ներբեռնման ենթակա իրավական ակտերը և այլ տվյալները, սակայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը չի նախատեսում անձնական տվյլաների՝ այդ թվում համայնքի ղեկավարի որոշումներում պարունակվող, ապաանձնավորված հրապարակման վերաբերյալ կարգավորում։
Խնդիրը Կազմակերպությունը արձանագրել է մասնավորապես Շիրակի մարզի Անի համայնքի պաշտոնական կայքէջի ուսումնասիրության ժամանակ, որում ամբողջությամբ և առանց ապաանձնավորման հրապարակվում են ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ղեկավարի կողմից կայացված այն որոշումները, որոնք վերաբերում են անչափահասների՝ ընտանիքների հետ վերամիավորման հարցին, վերջինիս հիմք ծառայող հանգամանքներին, խնամքի և դաստիարակության հետ կապված այնպիսի հարցերին, որոնք գտնվում են անչափահասների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի դաշտում։
Նման տվյալների հրապարակումը միջամտում է երեխաների մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին և հարուցում երեխայի լավագույն շահի պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններ։ Հատկանշական է, որ նման տվյալների հրապարակումը չի հետապնդում այնպիսի օրինաչափ նպատակ, որն արդարացնի նման միջամտության իրականացումը։ Ինչպե՛ս դատական, այնպե՛ս էլ վարչական վարույթում մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների շահերի պաշտպանության նպատակը կարող է արդարացնել նման վարույթի փակ լինելը և վերջինիս արդյունքով կայացվող որոշման ապաանձնավորված կարգով հրապարակումը:
Նշենք, որ անձնական կյանքի տվյալները անձնական տվյալների տեսակներ են։ Անձնական կյանքի տվյալներ են մարդու անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկությունները: Անձնական կյանքի տվյալները մարդու մասին այնպիսի տեղեկություններ են, որոնց մարդը սովորաբար չի ցանկանում հաղորդակից դարձնել ուրիշներին: Դա մարդու կյանքի այն մասն է, որն, ի տարբերություն մարդու հանրային կյանքի, անձեռնմխելի է շրջապատի համար: Բնականաբար, անձնական կյանքի տվյալների հրապարակումը կամ տարածումն այլոց, օրինակ՝ հարևանների շրջանում, կարող է տհաճ լինել մարդու համար, առաջացնել անհարմարություն և անհանգստացնել նրան: Այդ է պատճառը, որ անձնական կյանքի տվյալներն այնպիսի տեղեկություններ են, որոնք հավակնում են լինել անձնական կյանքի գաղտնիք։
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության»:
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը «Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին» 2017թ․ հրապարակված ուղեցույցում իրավացիորեն նշել է․ «Երեխայի լավագույն շահի սկզբունքը պահանջում է, որ երեխայի անձնական կյանքը հնարավորինս լավ պաշտպանված լինի՝ այդ առումով հատկապես կարևորելով երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը»:
ԵԽ Նախարարների կոմիտեի՝ թիվ CM/Rec(2018)7 հանձնարարականով նախատեսվել է ուղեցույց թվային միջավայրում երեխայի իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար, որում սահմանվել է, որ պետությունները պետք է իրականացնեն կամ պահանջեն համապատասխան շահագրգիռ կողմերից իրականացնել անձնական կյանքի անձեռնմխելիությանը և անձնական տվյալների գաղտնիությանն ուղղված միջոցառումներ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը։ Նման միջոցառումները պետք է ապահովեն սարքերում և ծառայություններում ներդրված գաղտնիության և տվյալների պաշտպանության իրավունքի ուժեղ երաշխիքներ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ձեռնարկել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրապարակվող որոշումերում երեխաների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի, այդ թվում անձնական տվյալների պաշտպանության արդյունավետ օրենսդրական երաշխիքներ՝ ապահովելով ինչպես նախկինում հրապարակված, այնպես էլ հրապարակվող որոշումներում նման տվյալների հեռացումը կամ ապաանձնավորումը։ Խնդրի լուծման նպատակով առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածում նախատեսել համայնքի բնակիչների անձնական տվյալների ապաանձնավորված հրապարակման, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տվյալների հրապարակման արգելքի վերաբերյալ կարգավորումներ։ Ինչպես նաև ապահովել, որ երեխայի անձնական տվյալներ պարունակող որոշումները հրապարակվեն ապանձնավորված կարգով: