Երկուշաբթի ցերեկը Հայաստանում բերման ենթարկված ռուսաստանցի կինը որդու հետ ազատ է արձակվել նույն օրը ուշ երեկոյան։ Երբ փաստաբանները հասել էին պաշտպանյալներին, բաժանմունքում արդեն քննարկում էին երեխայի խնամքի՝ մասնավորապես «Զատիկ» մանկատուն տեղափոխելու հարցը։ Կիրով քաղաքից փախած Մարիա Ռոուզի ու նրա մանկահասակ որդու բերման ենթարկելը հիմքեր չուներ, Epress.am-ի հետ զրույցում նշել է փաստաբան Անի Չատինյանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ՆԳՆ-ն կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ մեղադրելով հակապատերազմական կոչեր անելու մեջ։ Ռոուզի աջակիցների փոխանցմամբ, հայ ոստիկանները ակնարկում էին դատի և հնարավոր արտահանձնման մասին։
Իրավապաշտպաններին և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին հաջողվել է բացատրել ոստիկաններին՝ արարքները, որոնցում մեղադրվում է Ռոուզը, Հայաստանում հանցանք չեն հանդիսանում և բերման ենթակելն ու ժամերով անազատության մեջ պահելն այս դեպքում ապօրինի է։ Բաժանմունքում ռուսաստանցիներին պահել են մոտ 5 ժամ։
Ռիչարդ և Մարիա Ռոուզներին Ռուսաստանում դատում են Վկոնտակտե (VK) և ինստագրամ սոցցանցերում հակապատերազմական գրառումներ տարածելու համար։
2022 թվականի ապրիլին նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 207․3 հոդվածի 2-րդ մասով՝ «ռուսական բանակի՝ քաղաքական ատելության դրդապատճառներով օգտագործման մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու համար»։ Հետագայում մեղադրանքը ընդլայնվել է ընդհուպ մինչև էսքտիմիստական/ահաբեկչական գործունեություն ծավալելուն ուղղված հրապարակային կոչեր (ՌԴ ՔՕ 280 հոդված 2-րդ մաս)։ Անցյալ տարվա ապրիլից Մարիայի ամուսինը՝ Ռիչարդ Ռոուզը ձերբակալված է։ Մարիա Ռոուզը մասնակի տնային կալանքի տակ էր։ Նրան և նրա մանկահասակ որդուն հաջողվել է փախչել։
Ի՞նչ են արել Ռոուզները
Ռուսաստանի Քննչական կոմիտեն պնդում է, որ մեղադրյալները սոցցանցում Ռուսական բանակի մասին մեղադրական և զրպարտող նյութեր են հրապարակել։ Ռոուզները, մասնավորապես, ուկրաինական Բուչա քաղաքում ռուսական օկուպացիայի օրոք տեղի ունեցած դաժանությունների մասին տեսանյութեր են ռեփոսթ արել սոցցանցերում։ Հակապատերազմական և ընդդիմադիր մեկբանություններ են արել։
7×7 կիրովյան թերթը մանրամասնում է՝ Ռիչարդը Instagram-ում հրապարակել էր լրագրող Ալեքսանդր Սոտնիկովի վիդեոն, Մարիան այն ռեփոսթ էր արել VK-ում՝ կից մեկնաբանությամբ․ «Русский военный корабль, иди на хуй»: Այս ռեփոսթների համար Ռուսաստանում նրանց կարող են 10 տարվա ազատազրկման դատապարտել։