Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դիտարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

November 6, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Համատեղ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։

 

Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։

 

Այսպես, ընտրողը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը և դիտորդը իրավունք ունեն բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը կամ անգործությունը միայն այն դեպքերում, երբ դրանցով խախտվում են իրենց սուբյեկտիվ իրավունքները: Այսինքն՝ ընտրությունների ընթացքում տեղ գտած ընդհանուր բնույթի ընտրախախտումների առնչությամբ ընտրական հանձնաժողովների ձեռնարկած գործողությունները /անգործությունը/ կամ որոշումները բողոքարկելու իրավունք վերոնշյալ անձինք չունեն: Նույն կերպ իրավակիրառ պրակտիկայում չի ճանաչվում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը ո'չ ընտրական հանձնաժողովներում, ո'չ դատարաններում` ընդհանուր բնույթի ընտրախախտումների վիճարկման տեսանկյունից: Ընտրողներին, դիտորդներին, դիտորդական կազմակերպություններին ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունքից զրկելու պրակտիկան հակասում է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների բնագավառում սահմանված միջազգային չափորոշիչներին:

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ հրապարակված Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկությունների բաժնում ներկայացվել է առաջարկ ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերաբերյալ՝ իրավունք վերապահելով քաղաքացիներին, տեղական դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին՝ դիմումներ ներկայացնելու ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, անօրինական քարոզչության իրականացման, ինչպես նաև ընտրությունների արդյունքների դեմ:

 

ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13.06.2016 թ.-ին հաստատված համատեղ կարծիքով շեշտվել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արդեն իսկ առաջարկվել էր փոփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը` քաղաքացիներին, հավատարմագրված դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին իրավունք ընձեռնելով բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, նախընտրական քարոզչության ընթացքում ոչ իրավաչափ գործունեությունը և ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հեշտացնելու ընտրություններին առնչվող դիմումների ներկայացման և բողոքարկման ընթացակարգը և սահմանելու ավելի երկար ժամկետ` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների և ընտրությունների արդյունքների բողոքարկման համար:

 

ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 17.10.2016 թ.-ին հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2016)031) նշվել է, որ 13.06.2016 թ.-ի համատեղ կարծիքով ներկայացված առանձին առաջարկություններ այդպես էլ չեն կատարվել, և հատկապես շեշտադրվել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնման վերաբերյալ տրված հանձնարարականը: Նույն խնդիրը արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակված ամփոփիչ զեկույցով։

 

Այնուամենայնիվ, մինչ օրս ՀՀ ընտրական օրենսդրությամբ ճանաչված չէ ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը՝ ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, ինչպես նաև ընտրությունների/քվեարկության արդյունքների վիճարկման բնագավառում: Վերջիններիս իրավասուբյեկտությունը չի ճանաչվում նաև իրավակիրառ պրակտիկայում ո'չ ընտրական հանձնաժողովների, ո'չ դատարանների կողմից: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ-ի ստանձնած հանձնառությունները՝ անհրաժեշտ է Նախագծում սահմանել իրավակարգավորում՝ ճանաչելով դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը դիտորդի կարգավիճակից բխող իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սահմանել դիտորդի և դիտորդական կազմակերպությունների կողմից օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները վիճարկելու իրավունքը:

 

Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև քվեարկության/ընտրությունների արդյունքները անմիջականորեն ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների կողմից վիճարկելու իրավունքի սահմանումը ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Նշված խնդիրը հերթական անգամ բարձրացվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2023 թ.-ի հոկտեմբերի 9-ին հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2023)030-ODIHR-481/2023՝ 8 ,64, 73 պարագրաֆներ):


Նախագծի 30-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ տվյալ կազմակերպության դիտորդը հանդիսանում է ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում է թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կամ վստահված անձի կարգավիճակով»: Միաժամանակ լրացվող նոր՝ 4.1-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական կազմակերպության հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր:

 

Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը խիստ խնդրահարույց է՝ դիտորդական առաքելության իրականացման սահմանափակման ոչ համաչափության տեսանկյունից: Նկարագրված դեպքերը պետք է հանգեցնեն համապատասխան դիտորդին հավատարմագրված դիտորդների ցանկից հանելու, այլ ոչ թե դիտորդական կազմակերպությանն ամբողջությամբ դիտորդական առաքելության իրավունքից զրկելու հետևանքին:

 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

 

Դիտումներ՝ 400

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????