Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։
Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։
ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը։
Միաժամանակ պահանջում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից և այլ իրավապահ մարմիններից գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս։
Վանաձոր
08․12․2023