Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի գործունեության դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն

May 31, 2024

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականի մայիսի 30-ին ծանուցել է Խնամքի հաստատություններում դիտորդական խմբին, որ որոշվել է ուժը կորցրած ճանաչել այն հրամանը, որով խումբը ստեղծվել էր։ Սա նշանակում է, որ խմբի գոյությունը և գործունեությունը դե յուրե դադարեցվում է։

 

Նախարարությունն այս քայլը հիմնավորում է հանգամանքով, որ 2018 թվականին ընդունված նախարարի հրամանը եղել է անհատական, ոչ թե նորմատիվային բնույթի, ինչը տեխնիկապես ճիշտ է։ Նախարարությունը ծանուցման մեջ նշել է, որ ապագայում որևէ օրենքում լիազորող նորմ կավելացվի, որից հետո կընդունի Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի ստեղծման նոր հրաման՝ չնշելով սակայն որևէ որոշակի ժամկետ դրա ընդունման համար։

 

Այս զարգացումը տեղի է ունենում իրավիճակում, որը թույլ է տալիս պնդել, որ սա պատրվակային հիմնավորում է։ Հրամանն ուժը կորցրած ճանաչելու որոշումը կատարվում է օրինական հիմնավորման քողի ներքո, սակայն շարժառիթը հանրային վերահսկողության մեխանիզմի փաստացի վերացումն է։

 

Խմբի լիազորությունների դադարեցման կամ սահմանափակման ներքին քննարկումները նախարարությունում սկսվել էին դեռևս նախորդ տարի դիտորդական խմբի հրապարակած հայտնի մի քանի զեկույցներից հետո։ Հիշեցնենք, որ նախորդ տարեկեսին դիտորդական խումբը հրապարակել էր մի քանի արտահերթ զեկույց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մարդու իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնությունների մասին։ 

 

Դրան հաջորդել էին նախարարության հետ քննարկումներ, որոնք, սակայն, որևէ համակարգային փոփոխության չհանգեցրին որոշում կայացնողների մերժողականության պատճառով։ Զեկույցում տեղ գտած արձանագրումները մտացածին պատճառներով կասկածի տակ էին դրվում։ Ավելին՝ քննարկումներում հնչում էին սպառնալիք հիշեցնող մեկնաբանություններ, որ դիտորդները կարող են պատասխանատվության ենթարկվել «զրպարտության» համար։ 

 

Զեկույցները շրջադարձային փոփոխություն չբերեցին նաև երեխաների կյանքում՝ իրավունքների նոր խախտումների կանխարգելումից մինչև իրավունքների վերականգնում։ 

 

Դիտորդական խմբի զեկույցն արժանացել էր հանրության, լրատվամիջոցների և միջազգային տարբեր դերակատարների ուշադրությանը, այդ թվում՝ զեկույցից մեջբերումներ էին տեղ գտել ԱՄՆ պետական դեպարտամենտի Մարդու իրավունքների մասին 2023 թվականի զեկույցում (հղում), Հյուման Ռայսթ Ուոչի զեկույցում (հղումՉնայած խախտումների բազմաթիվ արձանագրումներին՝ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց, որևէ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց։

 

Գործնականում, նախքան խմբի դադարեցման ծանուցումը դիտորդական խմբի գործունեությունն ընդմիջվել էր դեռևս նախորդ տարվա կեսին։ Կարգի համաձայն՝ դիտորդական խմբի անդամի լիազորությունները սահմանվում էին երեք տարի ժամկետով և չէին կարող երկարաձգվել։ Խմբի անդամների զգալի մասի լիազորությունների ժամկետները սպառվել էին և խումբը չուներ սահմանված առնվազն ինը անդամ։ Խմբի՝ նոր անդամներով համալրումն անհնար էր դարձել իրավական բազմաթիվ բացերի պատճառով։

 

Նախարարությունն իրավական այս խնդիրների մասին տեղեկացել էր դրանց առաջանալուց շատ ավելի վաղ, քանի որ դիտորդական խումբը ժամանակին դրանց լուծման նպատակով ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ։ Նախարարությունը, քաջատեղյակ լինելով այս ամենի մասին, ցավոք, չգործադրեց անհրաժեշտ ջանքեր իրավական ակտերը ողջամիտ ժամկետներում փոփոխելու ուղղությամբ։ Նախարարի հրամանի փոփոխությունների մասին խմբին խոստացված քննարկումները պարբերաբար հետաձգվեցին։ Եվ խումբը դե յուրե փակվեց նախարարության պատասխանատուների կանխամտածված գործողությունների պատճառով։ 

 

Դիտորդական խումբը գտնում է, որ նախարարության այս «պատժիչ» գործողությունը պայմանավորված է խմբի գործունեության նկատմամբ դրսևորած ակնհայտ բացասական տրամադրվածությամբ և, ըստ էության, հանդիսանում է քաղաքացիական հասարակության կողմից խնամքի հաստատություններում մարդու իրավունքների վիճակի նկատմամբ հասարակական հսկողության դադարեցում և մարդու իրավունքների հնարավոր խախտումները կոծկելու մոտեցում։

 

Ակնկալում ենք, որ նախարարությունը ողջախոհություն կցուցաբերի՝ գործադրելով անհրաժեշտ բոլոր ջանքերը խմբի գործունեությունը ամենասեղմ ժամկետում ապահովելու նպատակով։ Ավելին, նախարարությունը պետության ստանձնած պարտավորությունների համաձայն պարտավոր է շարունակաբար աջակցել հասարակական վերահսկողության մեխանիզմների զարգացմանը ՝ անկախ հրապարակային քննադատության աստիճանից։ 

 

Հույս ունենք, որ նախարարությունը հետևություններ կանի ստեղծված իրավիճակից՝ նկատի ունենալով նաև, որ այս մոտեցմամբ կարող են կասկածի տակ դրվել ուժի մեջ գտնվող բազմաթիվ այլ իրավական ակտեր, որոնց թեկուզ կարճաժամկետ դադարեցումը կհանգեցնի իրական քաոսի, իսկ դրանց ուժը կորցրած չճանաչելը կհամարվի տարբերակված մոտեցում։ 

 

Խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին ուշադրության կենտրոնում պահել հաստատություններում, հատկապես մանկատներում և ճգնաժամային կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակը։

 

Ակնկալում ենք, որ միջազգային կազմակերպությունները ուշադրության կենտրոնում կպահեն Հայաստանի Հանրապետության խնամքի հաստատություններում խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի ապահովմանը և կշարունակեն հաստատություններում մարդու իրավունքների ապահովման հարցերը պահել կառավարության հետ իրենց քննարկումների օրակարգում՝ դրանք հայտարարելով որպես տնտեսական տարբեր ծրագրերի նախապայման։

 

Միաժամանակ, ակնկալում ենք ժողովրդավարական պետությունների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ջատագովությունը խմբի գործունեության հրատապ ապահովման համար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործողությունները քննարկման առարկա դարձնելով արտահայտման ազատության և մարդու իրավունքների մշտադիտարկման համատեքստում։ 

 

 

Դիտորդական խմբի անդամներ՝

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Կանանի» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ

Դիտումներ՝ 142

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????