Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կան դատավորներ, որոնք էությամբ փչացած են, դատարանում նրանց ներկայությունը չի կարող բարենպաստ մթնոլորտ ձևավորել. Սաքունց

July 1, 2024

Լրատվամիջոցները մեր մասին

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը դրական է գնահատում Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի անդրադարձը։ Միևնույն ժամանակ նա առանձնացնում և նկատում է, որ զեկույցը նույնպես թվարկել է գործոններ, որոնց հետևանքով ՀՀ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը նվազ է:

 

 

«Նշվում է, որ հեղափոխությունից հետո իշխանությունը նախատեսեց համակարգային ստուգումներ անցկացնել բոլոր դատավորների շրջանում, սակայն ավելի ուշ փոխեց այդ մոտեցումները և ընտրեց այլ միջոցներ։ Կարևոր է, որ արձանագրել են նաև ՀՀ իշխանության պատրաստակամությունը՝ համագործակցելու ԵԽԽՎ-ի և Վենետիկի հանձնաժողովի հետ։ Իհարկե, կարևոր կետեր կան զեկույցում, բայց մտահոգիչ խնդիրները մեր դատական համակարգում շարունակում են մնալ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

 
 

Սաքունցը չի ժխտում՝ այդ մտահոգիչ խնդիրներից է հենց այն, որ հասարակությունը լիակատար վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ, քանի որ համակարգում առկա դատավորները դեռևս ասոցացվում են՝ որպես նախկին իշխանությունների հետնորդներ:

 

«Պետք է հիշեցնել, որ քաղաքացիական հասարակությունը հեղափոխությունից անմիջապես հետո օրակարգում առաջարկել էր արմատական, խորքային վեթինգ իրականացնել, հատկապես այն դատավորների նկատմամբ, որոնք մասնակից են եղել պետության զավթմանը։ Դրանով ոչ բարեվարք, արդարադատությանը դեմ ու կոպիտ խախտումներ թույլ տված դատավորները կազատվեին․ արդարադատության առաջին նախարարը չգնաց այս քայլին՝ ասելով՝ դա կհանգեցնի կոլապսի, բայց դատավորներն են պատճառը, որ դատական համակարգում այդ կոլապսը առաջացել է»,- նկատում է նա:

 

Զրուցակիցը ընդգծում է՝ որոշ փոփոխություններ եղել են արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի ժամանակ, երբ որոշվել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից գործերով, որտեղ Եվրոպական դատարանը խախտում է արձանագրել, այդ դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվեին․ «Նախկին դատավորներից խոսելով՝ պետք է նշել, օրինակ, Մնացական Մարտիրոսյանին, որը հենց նախկինների միջոցով քաղաքական հետապնդման մեղադրանքների հիմքով որոշումներ էր կայացնում։ Սակայն նախկին իշխանության ներկայացուցիչների պաշտոնավարումը դատարանում շարունակվելու պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Դրա համար առաջարկվում է համակարգային մոտեցումը՝ վեթինգը»։

 

Այդ պատճառով է, որ վեթինգի գործընթացը ամենաշատ դիմադրությանն արժանացավ նախկինների կողմից, որոնք չէին ցանկանում, որ դատական համակարգը վերափոխվի, ասում է իրավապաշտպանը։ Ըստ նրա՝ պետության զավթման ժամանակահատվածում ձևավորված դատական համակարգը փոխելու պարտավորությունը այժմ ներկա իշխանություններին է. «Պետք է հասնենք մի վիճակի, երբ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակի հիմքը պայմանավորված կլինի դատավորների անկախությամբ՝ առանց որևէ արտաքին միջամտության։ Դատավորը պետք է գիտակցի, որ եթե ընտրում է այդ պաշտոնն ու մասնագիտությունը, ապա պետք է ունենա անխուսափելի սահմանափակումներ իր անձնական հարաբերությունների շրջանակներում, որը բացակայում է Հայաստանում»։

 

Ինչ վերաբերում է դատարանների կայացրած որոշումներին, հատկապես այն դեպքերում, երբ առերևույթ հանցանքի հետ կապված Քննչական կոմիտեի կամ Դատախազության ներկայացրած միջնորդությունները մերժվում են, Սաքունցն ասում է՝ հանրության շրջանում կասկած չպետք է լինի, թե ինչո՞ւ է դատավորը մերժում պետության ներկայացուցչին՝ ելնելով կոռուպցիո՞ն, թե՞ քաղաքական միջոցներից։

 

Իսկ անցումային արդարադատության մեխանիզմով, ըստ նրա, հնարավոր կլինի պետության կամ նրա քաղաքացիների դեմ կատարված ոտնձգությունների, նրանց իրավունքների խախտումների դեպքով գործերի ժամանակ հաշվի չառնել վաղեմության ժամկետը, որի օգնությամբ նախկին իշխանությունների կարկառուն որոշ ներկայացուցիչներ խուսափել են իրավական գործընթացներից։

 

«Այնուամենայնիվ, ունենք դատավորներ, որոնք էությամբ փչացած են, ու դատարանում նրանց ներկայությունը չի կարող բարենպաստ մթնոլորտ ձևավորել։ Իշխանությունը պետք է նշի, թե ինչ կարող են անել, որ այս վատ վիճակից դուրս գանք, պետք է գրվի գործողությունների ծրագիր։ Արդարադատության բացակայությունն է, որ հող է նախապատրաստում տարատեսակ մանիպուլյացիաների համար և արժեզրկում ժողովրդավարությունը»,- համոզված է նա։

 

Իրավապաշտպանը ընդգծում է, որ անցումային արդարադատության մեխանիզմի համակարգի ու վեթինգի առկայության անհրաժեշտությունը անխուսափելի է, որպեսզի դատական համակարգը դուրս գա ներկա «խայտառակ» վիճակից։ 

 

 

Մերի Խաչատրյան

 

Դիտումներ՝ 37

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????