Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում կանանց շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության վայրերի նշանակումն իրականացվում է առանց վիճակահանության` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ ԶՈւ-ում գործում է կանանց միայն մեկ գումարտակ, իհարկե գործնականում կիրառելի և տրամաբանական չէ կանանց շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության վայրեր նշանակումն իրականացնել վիճակահանությամբ։ Միևնույն ժամանակ, խնդիրը դիտարկելով ավելի երկարաժամկետ արդյունքի համատեքստում, անհրաժեշտ է մշակել և ներդնել մեխանիզմ, որի իրագործմամբ հնարավոր կլինի դիտարկել կին և տղամարդ զինծառայողների ծառայության իրականացումը նույն գումարտակում (օրինակ՝ ԱՄՆ-ում տղամարդ և կին զինծառայողները մարզումներին մասնակցում են միասին)։
Այս նպատակին հասնելու համար պետք է ջանքեր գործադրել զինծառայողների շրջանում կին և տղամարդ զինծառայողների իրավահավասարության, սեռով պայմանավորված խտրականության արգելքի սկզբունքի ամրապնդման ուղղությամբ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, ինչպես նաև «օրենքով սահմանված այլ պայմաններ», որոնց մասին օրենքում նշումներ չկան։ Առաջարկվել է հստակեցնել այն սկզբունքները, որոնց հիման վրա սահմանվում է «օրենքով սահմանված այլ պայմաններ» ձևակերպումը, մասնավորապես՝ հստակեցնել, թե բացի ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, ինչ պայմաններ են հաշվի առնվում շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս։ Բացի այդ, առաջարկվել է հստակեցնել «այլ պայմաններ»-ի բովանդակությունը կին և տղամարդ զինծառայողների համար։