Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
– Պարո՛ն Սաքունց, Կառավարության ծրագիրն արդեն հրապարակվել է: Ի՞նչ կարծիք ունեք:
– Ծրագրի տեքստին ծանոթանալուց հետո, եթե ես վերանայի կամ հաշվի չառնեի այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել, կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանի կառավարությունն իր հերթական ծրագիրն է ներկայացնում, որովհետև նույն մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլն, այն տեքստային առումով և մոտեցումների առումով, ցավոք, նաև բառապաշարային առումով, ուղղակի տրամաբանական շարունակությունն է: Եվ այն, որ բազմիցս ասում էին՝ տրամաբանություն է փոխվել, այդ փոփոխված տրամաբանության արտահայտումն այս ծրագրի մեջ, ցավոք, չկա: Մի, թվում է՝ ոչ էական, բայց, իմ համոզմամբ՝ ուշագրավ հանգամանք. ամբողջ այդ փաստաթղթում գոնե մեկ տեղ չի հիշատակվում «թավշյա հեղափոխություն» հասկացությունը: Ես այս պահին հիշեցի նույնիսկ ձևակերպումներից մեկը, որ «Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության շրջանակներում, ինչքան հնարավոր է, պայքարել կոռուպցիայի դեմ»:
Այստեղ ևս մի խնդիր եմ արձանագրում, որ Կառավարության ծրագիրը հավակնոտ չէ: Հավակնոտությունը ծրագրի պետք է համապատասխաներ հանրային ակնկալիքներին, որոնց շնորհիվ հենց տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Եվ նաև այդ թավշյա հեղափոխության արդյունքում այդ ակնկալիքները ստացան լեգիտիմություն՝ հանձին ընտրությունների արդյունքների, դրանք իրենց բովանդակային արտահայտումը պետք է ստանային Կառավարության ծրագրում: Համակարգային մի քանի հանգուցային խնդիրներ ունենք, որոնց հիմնավորումն առնվազն այս ծրագրի մեջ պետք է լիներ: Կառավարության ծրագրում պետք է լիներ անպայման որոշակի գնահատական նախորդ ժամանակահատվածի: Այսինքն՝ հիմնավորումը, թե ինչի համար են այդ գործողություններն առաջարկվում: Սա քաղաքական փաստաթուղթ է, ինչը ենթադրում է, որ հավակնոտ, հեղափոխությունից հետո ձևավորված, ժողովրդի լիակատար վստահությամբ ձևավորված իշխանությունը պարտավոր էր հանրության հիմնավորված ակնկալիքներին համապատասխան ծրագիր ներկայացնել: Ամբողջ նախորդ ժամանակահատվածում համակարգային կոռուպցիա, անպատժելիություն, մարդու իրավունքների զանգվածային և շարունակական խախտումներ… սրանք այն հիմնական հասկացություններն են, որոնց դու չանդրադառնալով, քո այդ խնդիրների շրջանակը չգծելով՝ դու ինչ-որ գործողություններ չես կարող առաջարկել: Եվ, բնականաբար, եթե դու չունես այդ մեկնակետը, քո գործողությունների բնութագրումը կամ ներկայացումը դառնում է այն բանի շարունակությունը, որը նախկին իշխանությունների օրոք կար: Դու չես կարող գնահատական չտալ նախորդ իշխանությանը: Դրա համար այս փաստաթուղթն ինձ խորը հիասթափեցրեց: Պետք է մի բան էլ արձանագրել, որ կարծես թե գիտակցաբար այնպիսի ծրագիր էին գրում, որ հիմնավորեն, ասենք, ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչների քննադատությունները:
– Մարդու իրավունքների, արդարադատության բլոկները որքանո՞վ են արդարացրել Ձեր սպասելիքները: Հանրությունը սպասի՞ համակարգային փոփոխությունների, թե՞ ոչ:
– Ես կարծում էի և, զարմանալիորեն, չեմ տեսնում նույնիսկ այն խոստումները կամ, ավելի ճիշտ, պարտավորությունները, որոնց հրապարակավ հնչեցվել են: Անցումային արդարադատություն ասվածն ընդհանրապես գոյություն չունի: Քաղաքական գնահատականի մասին արդեն ասացի, որովհետև առանց նախորդ ժամանակահատվածի ավտորիտար կառավարման քաղաքական գնահատականի հնարավոր չէ: Դա այն մեկնակետն է, այն ջրբաժանն է, որով պետք է ցույց տրվի, թե այլևս ինչպիսին չենք կարող լինել: Դա այն ֆունդամենտն է, որի հիման վրա կարող էին նոր գործողություններն իրենց տրամաբանական բովանդակությունը ստանալ: Եվ ես չեմ պատկերացնում դատական իշխանության անկախության վերականգնման հնարավորություն՝ առանց նախորդ ժամանակահատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժածների իրավունքների վերականգնման:
– Բարեփոխումների տեսքով կոնկրետ քայլեր ակնկալո՞ւմ եք:
– Չեմ ասում՝ մանրամասն նկարագրություններ, բայց համակարգային լուծումների հստակ ուղիներ՝ ինստիտուցիոնալ, օրենսդրական և այլն, պետք է հստակ ակնկալվի: Եվ բոլոր բնագավառներում: Եթե համեմատենք հունիսին ժամանակավոր կառավարության այն ծրագրի հետ, որն անմիջապես հեղափոխությունից հետո ներկայացվեց, շատ ավելի հավակնոտ էր: Սա հավակնություններից նահանջ արձանագրող մոտեցում է: Սա այն ծրագիրը չէ, որը համապատասխանում է արժանապատիվ և հպարտ ՀՀ քաղաքացու բնույթին, նրա ակնկալիքներին և նրա նկատմամբ հարգալից վերաբերմունքին: Երբ ես այս մոտեցումները ներկայացնում եմ, սա ուղղված է առաջին հերթին իշխանությանը: Ես հասկանում եմ, որ արտախորհրդարանական ընդդիմություն ասածը, որոնք հեռացվել են իշխանությունից, նրանք կփորձեն մեր այս քննադատությունները կամ գնահատականներն օգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար: Առավել շատ չէի ուզենա, որ նման հնարավորություն իշխանությունը տար, որովհետև ես չեմ լռելու, մենք չենք լռելու, և մենք մեզ թույլ չենք տալու հաշտվել նման ոչ պատասխանատու վերաբերմունքի հետ: Գիտեք, որ մենք անցած տարվա վերջին 6 հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացրեցինք մեր տեսլականը: Դա առնվազն 20 տարի Հայաստանի Հանրապետությունում երկարատև տարբեր դիտարկումների արդյունքում հիմնավորված, համակարգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ էր: Այսինքն՝ երբ խոսում են հանրային մասնակցության և հանրային կարծիքը հաշվի առնելու մասին և բացարձակապես զրո ուշադրություն, սա ևս ինստիտուցիոնալ նահանջ է:
– Որևէ լուծում չե՞ն վերցրել, որովհետև ֆունդամենտալ, լավ մշակված փաստաթուղթ էր:
– Մենք չենք տեսնում այնտեղ: Ընդհանրապես՝ ոգին շատ կարևոր բան է: Մոտեցման տրամաբանությունը, համակարգային այն մոտեցումը, որը մենք ներկայացրել ենք, դա մեր սուբյեկտիվ կարծիքը չէ, դրանք օբյեկտիվ գնահատականներ են: Մի հանգամանք ասեմ. ՀՀ-ի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից հստակ գնահատականներ են տրվել՝ Համընդհանուր պարբերական զեկույց: Անկախ նրանից, թե իշխանությունը ով է, դա պարտավորություն է ոչ թե միջազգային մարմինների առջև, դա պարտավորություն է ՀՀ քաղաքացիների առջև: Եվ այդ պարտավորությունների կատարման վերաբերյալ գնահատականները մշտապես խոսում էին այն մասին, որ ՀՀ իշխանությունը չի կատարում իր պարտավորությունն իր քաղաքացիների առջև: Այդ պարտավորությունների վերաբերյալ այդ միջազգային փաստաթղթերին բացարձակապես չկա անդրադարձ:
– Կառավարության ծրագրում հանդիպում ենք այսպիսի ձևակերպման, որն ամբողջությամբ մեջբերեմ. «Օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է: Կառավարությունը, վայելելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը և հանդես գալով նրանց անունից, հաստատում է իր կամքն օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում»: Ի՞նչ եք կարծում, քաղաքական կամք ասվածը միայն բավարա՞ր է օրենքի գերակայություն ապահովելու գործում, և Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում այստեղ:
– Ինքն ամրագրում է այն, ինչը, այսպես կոչված, աքսիոմատիկ ճշմարտություն է: Այո՛, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը լիազորել է՝ ընդունելով, որ նոր իշխանությունն ունի կամք, որի մասին նոր իշխանությունը նույնպես բազմիցս հայտարարել է: Բայց քաղաքական կամքի, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովման ի՞նչ մեխանիզմներ են առաջարկում: Այստեղ շատ կարևոր է այդ մեխանիզմների՝ առնվազն ընդհանրական, տեսանելի, ըմբռնելի շարադրումը: Ի՞նչ մեխանիզմներով են ապահովելու, որպեսզի սոցիալական արդարության խնդիրը լուծեն, ասենք՝ Զինված ուժերում: Ի վերջո՝ որո՞նք են այդ մեխանիզմները: Կամ քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը, որի ինստիտուտ կարող է հանդիսանալ Աշխատանքի տեսչությունը: Ես օրինակներ եմ բերում: Հավասարության խնդիրը պետք է ապահովվի: