Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ո՛չ առանձնացում, այո՛ ներառում․ Երեխաների քաղաքը՝ քննարկումների կենտրոնում

September 5, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նախնական գնահատականով՝ «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագիրը չի նպաստում երեխաների՝ համայնքում ապրելու և ներառվելու իրավունքին։ Այս մասին ասված է նախարարի՝ Epress.am-ի կողմից ուղարկված գրավոր հարցման պատասխանում։

 

Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց տարածք կտրամադրվի «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանը՝ սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք կառուցելու նպատակով։ Որոշումը կայացվել է Կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ին։ Ծրագիրը նախատեսում է «ապահով օթևան» տրամադրել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխայի՝ իրենց ընտանիքների հետ միասին։

 

«Հայկական Կարիտաս» կազմակերպության՝ «Երեխաների քաղաք» ծրագրի մասին քննադատությունները չեն դադարում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի հերթական գրառման մեջ ասված է, թե որքան մոտենում է «ռոմանտիկ գետտոյի» կառուցման ժամանակն ու ուշանում չեղարկման որոշումը, էնքան ավելի ահավոր է դառնում իրավիճակը։

 

«Երբ կարդում եք, որ երեխաներն ընտանիքների հետ տեղափոխվելու են այդ քաղաք, ի՞նչ եք հասկանում։ Թերևս էն, որ երեխաներն ապրելու են ընտանիքում։ Բայց արի ու տես, որ նախագիծն ունի աշակերտների ու աշակերտուհիների առանձնացված բնակավայրեր։ Ասել է թե` երեխաներն իրականում ապրելու են առանձին հաստատություններում, ու քանի որ մարզպետի ռեպորտաժում կար այս նույն գծագիրը, հետևաբար գաղափարն ավելի քան արդիական է ու կեղծ են Կարիտասի կողմից քննարկումների մասին հավաստիացումները», ֊ գրել էր իրավապաշտպանը։

 

Այնուհետև Գրիգորյանը մեկնաբանել է 168․am-ի հրապարակումը, որում ներկայացված էր արդարադատության նախարարության մեկնաբանությունը։ Հոդվածում, մասնավորապես, ասված էր․ «Ինչ վերաբերում է ՄԱԿ «Երեխայի իրավունքների մասին» 1989թ. կոնվենցիային նշված որոշման համապատասխանության հարցին, ապա նշենք, որ Կոնվենցիայի 23-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ մասնակից պետությունները ճանաչում են խեղումներով երեխայի՝ հատուկ խնամքի իրավունքը, խրախուսում և, ռեսուրսների առկայության դեպքում, դրա իրավունքն ունեցող երեխային և նրա խնամքի համար պատասխանատու անձանց ցույց է տալիս օգնություն․․․ Ընդունելով, որ ինքնին այս նախաձեռնության անվանումը՝ «Երեխաների քաղաք», կարող է որոշ թյուրընկալումներ առաջացնել, պարզաբանենք, որ այս բարեգործական նախաձեռնության իմաստը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին համայնքային ծառայությունների տրամադրումն է՝ նրանց լավագույն շահը հաշվի առնելով: Ուստի, որոշումը համապատասխանում է նաև այս առումով Կոնվենցիայով նախատեսված պետությունների պարտավորություններին»։

 

«Ես` որպես իր խեղումների ու հասարակության հետ բավականին հաշտ ապրող անձնավորություն, հետ եմ վերցնում խղճի նախարարի մասով դիտարկումս ու պնդում, որ իմ փոխարեն չորոշեն, որ համայնքային ծառայություն տրամադրելու համար նախ պետք է առանձին համայնք ստեղծեն ու ինձ մեկուսացնեն, հետո էլ պնդեն, թե չեմ գնահատում։ Ես ու իմ խեղումները էնքան իրավունք ունենք ապրելու էս հասարակությունում, ինչքան դուք ու ձեր ամբիցիաները, կամ միգուցե ավելի շատ», ֊ գրել է Վարդինե Գրիգորյանը։

 

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Արև Մելքոնյանն՝ թեմային անդրադառնալով, հայտարարել էր, որ ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկում է հաշմանդամություն ունեցողների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք հատուկ համայնքներում կամ հատուկ հաստատություններում չապրեն։ Իսկ Հայաստանն էլ, փաստորեն, մի ամբողջ մեկուսացված քաղաք է ստեղծում, որտեղ մարդիկ կմեկուսացվեն հասարակությունից և ներառականության գաղափարն ու սկզբունքները հօդս կցնդեն։

 

Սեպտեմբերի 5-ին «Հույսի կամուրջ» և «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունների անդամները և հաշմանդամություն ունեցող անձինք նախագծի դեմ բողոքել են Կառավարության շենքի մոտ՝ «Ոչ առանձնացում, այո՛ ներառում» կարգախոսի ներքո։

 

Վերոնշված գնահատականների ֆոնին նախարար Զարուհի Բաթոյանի` Epress.am-ին տված պատասխաններն է՛լ ավելի ընդհանրական են թվում։

 

Ինչպե՞ս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնահատում «Երեխաների քաղաք» ծրագիրը։

 

* Նախարար Բաթոյանն ասել էր, որ կառաջարկվի պահպանել ներառական սկզբունքները։ Որքանո՞վ է հավանական, որ առաջարկները հաշվի կառնվեն։ *Ինչո՞ւ նախարարը չարձագանքեց, երբ նախագիծը Կառավարության նիստի օրակարգ բերվեց։

 

— ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագիրը խնդրահարույց է, քանի որ այն չի բխում ներառականության սկզբունքից։

 

Այդ մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է կազմակերպության ներկայացուցիչների հետ նախնական հանդիպումներում, ինչպես նաև եզրակացություն-առաջարկություններում։ Բանակցությունները այս պահին շարունակվում են։ Այն պարագայում, երբ ծրագրի դրույթները հակասության մեջ լինեն հայաստանյան օրենսդրության հետ, նախարարությունը կօգտվի իրավական բոլոր գործիքներից, որոնք անհրաժեշտ են երեխաների իրավունքների ապահովման համար։

 

Իրավական ակտերի բոլոր նախագծերը, որոնք վերաբերում են որոշակի ոլորտի, որը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ուղարկվում է կարծիքի։ Այս դեպքում հողհատկացման հարցը չի նույնականացվել որպես երեխաների իրավունքներին առնչվող, ուստի և չի ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և քննարկվել է տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեում, որին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն անդամ չէ։ Նախագծի ամփոփաթերթը հրապարակված է e-gov.am կայքում։

 

Արդյոք «Երեխաների քաղաք» ծրագիրը չի՞ բերի սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ է՛լ ավելի մեկուսացմանը։

 

— «Երեխաների քաղաքին» վերաբերող ոչ բոլոր հարցերն են ներկայացված անհրաժեշտ մանրամասնությամբ, ուստի հնարավոր չէ ամբողջական գնահատական տալ այն սոցիալական ազդեցությանը, որը կարող է լինել ծրագրի իրականացման պարագայում։ Նախնական գնահատականով՝ ծրագիրը չի նպաստում երեխաների՝ համայնքում ապրելու և ներառվելու իրավունքին։

 

Ըստ ծրագրի՝ վայրը կունենա քաղաքին բնորոշ բոլոր ենթակառուցվածքները (կրթական, սոցիալական, առողձապահական, տնտեսական)։ Չե՞ք կարծում, որ ամբողջ հանրապետությունում նպանատիպ պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն հայտարարել է, որ հաջորդ տարի նախատեսում է, օրինակ, մեծացնել ցերեկային կենտրոնների թիվը, նպաստել տարածքային հավասար զարգացմանը։

 

«Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ նախարարությունը, ի թիվս այլ տարբերակների, առաջարկել է Արարատի մարզի տարբեր քաղաքները համապատաասխանեցնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխայակենտրոն քաղաքների ուղենշային սկզբունքներին։ Առաջարկվել է միջոցներն ուղղել նաև Արարատի մարզի տարբեր համայնքներում բնակարանների/տների կառուցմանը, վերակառուցմանը, հիմնանորոգմանը կամ հարմարեցմանը, ինչպես նաև ստեղծել ներառական համայնքահենք ծառայությունների մատուցման, ոչ ֆորմալ կրթության և զբաղվածության հարթակ։

 

Առաջարկվել է նաև մշակել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության և զբաղվածության համալրի ստեղծման նոր ծրագիր՝ համագործելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։ Նախարարությունն առաջարկել է Արարատի մարզի տարբեր համայնքներում ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների համար անկախ կյանքի կենտրոններ՝ տրամադրելով վերականգնողական, վաղ միջամտության, անձնական օգնականների ծառայություններ, ինչպես նաև իրականացնելով բնակարանների հարմարեցման և բարեկարգման աշխատանքներ։

 

Այն մասին, որ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին, ասված է ավելի վաղ հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

 
epress.am
Դիտումներ՝ 799

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????