Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Եթե Հայկ Հարությունյանի մահն առնչվում է Մարտի 1-ի գործին, ապա սա տիպիկ մաֆիոզ խմբավորման ձեռագիր է, երբ վերացնում են վկաներին». Արթուր Սաքունց

September 25, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

- Պարո՛ն Սաքունց, հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քանի որ Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով անցնում էր որպես վկա, նրա մահվան փաստը հարցեր է առաջացնում։ Ի՞նչ միտումներ եք դուք տեսնում։

 

- Այս դեպքը շատ արտառոց է, որովհետև խոսքը նախ վերաբերում է նախկին ոստիկանապետին, երկրորդ` այն ոստիկանապետին, ով առանցքային դեր է ունեցել 2008 թվականի մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանի իշխանության կազմակերպած և իրականացրած պետական ահաբեկչության մեջ։ Հաջորդը՝ դեպքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արդեն, կարելի է ասել, մտնում էինք «Մարտի 1»-ի գործի հիմնական դատաքննության փուլ։

 

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ պետք է դիտարկել, թե ինչ օրինաչափություն ունենք մենք Հայաստանի Հանրապետությունում անցած տարիների ընթացքում։ Ես ակամայից հիշում եմ «Հոկտեմբերի 27»-ի գործով առանցքային նշանակություն ունեցող վկաների, նաև արդեն դատապարտված անձանց, մեղմ ասած, տարօրինակ հանգամանքներում մահվան փաստերը, երբ էլեկտրիկը էլեկտրահարվեց, մարզիկը շատ տարօրինակ հանգամանքներում ինֆարկտ ստացավ քրեակատարողական հիմնարկում, գործով անցնող բուժքույրը ավտովթարից մահացավ։ Այսինքն՝ մենք ունենք այդպիսի «պրակտիկա», երբ պետական նշանակության հանցագործությունների հետ կապված մարդիկ տարօրինակ հանգամանքներում մահանում են։ Եվ դա վերաբերում է կա՛մ իշխանության պահպանմանը, կա՛մ արդեն կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանությունը կորցնելուց հետո անխուսափելի պատասխանատվության ենթարվելուն։ Իմ նշած դեպքերը վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն՝ կամ նրա հետ կապված հարցեր կան՝ թե «Հոկտեմբերի 27»-ի գործով, երբ նա հայտարարում էր, որ «ուչաստկովի» մակարդակի գործ է, և հիմա էլ, երբ ինքն է պատասխան տալու՝ որպես առանցքային մեղադրյալ։

 

Չգիտես ինչու, մոռացության է մատնվել, բայց ես ուզում եմ հիշել դիպուկահարի մահվան դեպքը, որը տեղի ունեցավ այս դեպքից առաջ։ Նա շատ տարօրինակ հանգամանքներում մահացավ, դեպքն այդպես էլ չբացահայտվեց։ Ելնելով կազմակերպված հանցավոր խմբավորումների վերաբերյալ հասանելի նյութերից՝ սա բնորոշ է նրանց, երբ հանցագործության հետքերը թաքցնելու համար վերացնում էին վկաներին կամ մարդկանց, որոնք կարող են իրենց դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում կարևոր ցուցմունքներ ու վկայություններ տալ։

 

- Հայկ Հարությունյանը դատարանում կարո՞ղ էր նոր բացահայտումներ անել «Մարտի 1»-ի գործով։

 

- Ես ընթերցեցի Հայկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, որը հրապարակվել էր, և պետք է ասեմ, որ դատաքննության փուլում, երբ արդեն ոչ թե քննիչն է հարցեր տալիս, այլ դատավարության մասնակիցները, շատ ավելի նոր հանգամանքներ կարող էին պարզաբանվել։ Ես ծանոթ չեմ քրեական գործի ամբողջ նյութերին, չգիտեմ, թե քանի անգամ է հարցաքննվել Հայկ Հարությունյանը։ Երբ նա հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանին զեկուցել է մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած ոստիկանական գործողության մասին, ապա պետք է լինի պատասխան, թե երբ է զեկուցել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մեզ հայտնել են, որ իբր Ռոբերտ Քոչարյանն առավոտյան այդ ոստիկանական գործողության մասին տեղյակ չի եղել, այն դեպքում, երբ Հայկ Հարությունյանն իր ցուցմունքում հայտնում է, որ զեկուցել է։ Այդ ժամերի հարցը հարցաքննության ընթացքում, չգիտեմ, պարզաբանվե՞լ է, թե՞ ոչ։

 

- Հաշվի առնելով նախկին փորձը՝ ինչ եք կարծում՝ այս մահվան դեպքը կբացահայտվի՞։

 

- Ճիշտն ասած, ես քիչ հույս ունեմ, որ այս ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դրդապատճառը կամ սպանությունը կբացահայտվի։ Եթե սա սպանություն է, ապա այդ դեպքում պետք է շահագրգռված անձ լինի, որ Հայկ Հարությունյանը հանդես չգար դատաքննության ժամանակ։ Եթե ինքնասպանություն է, ապա պետք է պարզել՝ այդ ի՞նչ հանգամանքներ են ստիպել, որ մարդն ինքնասպանություն գործի։ Ինքնասպանության հասցնելու հետ կապված պետք է դարձյալ պարզել, թե ովքե՛ր են այն մարդիկ և ի՛նչ նպատակ են հետապնդել, որ Հայկ Հարությունյանին դրդեն ինքնասպանության։ Բոլոր դեպքերում պետք է իրապես բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացվի՝ այս մահվան դրդապատճառները պարզաբանելու համար, որն էական նշանակություն կունենա «Մարտի 1»-ի փաստով քրեական գործի համար։ Իհարկե, եթե զուտ օբյեկտիվության տեսանկյունից ընդունենք, որ ընդհանրապես Հայկ Հարությունյանի մահը կապ չունի «Մարտի 1»-ի հետ, ապա այդ դեպքում նույնպես պետք է հիմնավորվի։ Այսինքն՝ ի՞նչ խնդիրներ պետք է ունենա մարդը՝ գործնական, անձնական, որը կարող է նրան դրդել ինքնասպանության։ Նկատի ունեմ, որ նախաքննության մարմինը նաև այս վարկածների ուղղությամբ պետք է քննություն իրականացնի, որպեսզի մութ հարցեր չմնան։

 

Եթե մի քանի վարկածների ուղղությամբ քննություն ընթանա, ապա բացառելու ճանապարհով վերջում մնում է այն վարկածը, որը դառնում է առավել հիմնավորը։ Բայց այստեղ մյուս հանգամանքը կա՝ եթե դա առնչվում է «Մարտի 1»-ի գործին, իսկ ես հիմնավոր կասկած ունեմ, որ դա հենց այդպես է, ապա այս ձեռագիրը տիպիկ մաֆիոզ խմբավորման ձեռագիր է, երբ վերացնում են վկաներին։ Եվ այդ առումով խնդիրը ոչ միայն այս փաստն է, այլև պետք է սա համարել ահազանգ, որ «Մարտի 1»-ի գործին առնչություն ունեցող այլ բարձրաստիճան պաշտոնյաների կյանքը նույնպես կարող է վտանգի տակ լինել։ Ես հիմա չեմ ուզում թվարկել անուններ, որպեսզի մարդիկ չթիրախավորվեն, բայց նրանք են՝ իրավապահ մարմինների, ուժային կառույցների ղեկավարներ, նրանց առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, պատգամավորներ։

 

Քանի որ այս գործում ներգրավված են եղել շատ մեծ թվով մարդիկ, ամբողջ պետական ապարատը, ռեսուրսները, այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ դատախազությունը կոնկրետ, իրավապահ մարմինները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար «Մարտի 1»-ի գործով անցնող բոլորի՝ կլինի մեղադրյալ, կասկածյալ թե վկա ու ականատես, բոլորի անվտանգությունը։ Այստեղ արդեն անձի անվտանգությունը դառնում է դատաքննության օբյեկտիվության ապահովման երաշխիքներից մեկը։ Ավելին, երբ խոսում են իրավական անվտանգության մասին, ապա մենք գործ ունենք իրավական համակարգի վտանգվածության փաստի հետ։ Եվ այստեղ իրավապահ մարմինները, կրկնում եմ, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու անձանց կյանքի անվտանգությունը, որպեսզի նման հնարավոր միջադեպեր տեղի չունենան։

 

Բոլոր դեպքերում սա իրապես լուրջ մարտահրավեր է։ Մեր բոլորի աչքի առաջ են կատարել մարտի 1-ի հանցագործությունը, պետք է այդ հանցագործության ամբողջ պատկերը ցույց տրվի և դատարանի որոշմամբ տրվի իրավական գնահատական։ Բայց, այնուամենայնիվ, այս հանցագործության կատարման մեջ մեղադրվողները երկրորդ հանցագործությունը կատարելու շանս չպետք է ունենան՝ այս անգամ իրենց դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում պատասխանատվությունից խուսափելու նպատակով։

 

medialab.am

Դիտումներ՝ 686

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????