Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունները գնահատվում են որպես անհարկի միջամտություն հասարակական կազմակերպությունների գործունեությանը՝ պետության կողմից

January 10, 2020

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման  դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Կառավարությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով, 2019 թվականի դեկտեմբերի 5-ին   հավանության արժանացրեց այն:

 

Նախագծով բոլոր հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պարտավորեցվում են  իրենց գործունեությունը, այդ թվում և՝ տարեկան ֆինանսական հաշվետվությունները, դարձնել հրապարակային՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից և ձևից: Նախագիծը պարտադրում է ՀԿ-ներին Պետական եկամուտների կոմիտեին առանձին հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի նպատակների և կարգավիճակի մասին:

 

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Փողերի լվացման ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի՝ ՖԱԹՖ  (FATF /Financial Action Task Force on Money Laundering) 8‑րդ հանձնարարականի պահանջները, որոնց էլ համապատասխանեցվել է այն։ Համաձայն այդ հանձնարարականի՝ Երկրները պետք է ուսումնասիրեն ահաբեկչության ֆինանսավորման նպատակով չարաշահման ռիսկի ենթակա կազմակերպություններին առնչվող օրենքների և կանոնակարգերի համարժեքությունը:

 

ՀԿ-ների ֆինանսավորման, դրա ընթացակարգի, ֆինանսական հաշվետվությունների մասին միջազգային պրակտիկան ենթադրում է, որ ՀԿ-ների գործունեության նկատմամբ օրենսդրական վերահսկողությունը, այդ թվում՝ ֆինանսավորման և դրանց վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու բեռի սահմանումը, պետք է լինի իրավաչափ, բխի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանդես գալով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում առաջարկություններով, խնդիր է տեսնում ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջի իրավաչափության առումով և կարծում, որ նախագծով նախատեսված հաշվետվություն ներկայացնելու պահանջն անհարկի միջամտություն է պետության կողմից: Այն կարող է գնահատվել որպես ՀԿ-ների գործունեության խոչընդոտում:

 

Եթե  օրենքի նպատակն ուղղակի ՀԿ-ների գործունեության թափանցիկության ապահովումն ու հանրայնացումն է, ժողովրդավարական հասարակությունում այն չի կարող դիտարկվել իրավաչափ ու  անհրաժեշտ: Հասարակական կազմակերպություններն իրենք պետք է որոշեն՝ ինչ ծավալով և ինչ եղանակով հանրությանն իրազեկեն իրենց գործունեության բնույթի և աշխատանքների վերաբերյալ:

 

ՀՔԱՎ գրասենյակը, հղում անելով Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներին՝ ՀԿ-ների գործունեության սահմանափակման իրավաչափության առումով, արձանագրում է, որ ներկայացված նպատակն իրավաչափ չէ, առավել ևս անհասկանալի է, թե ինչու է հաշվետվությունների հավաքագրման և հրապարակայնացման լիազոր պետական մարմին ընտրվել հենց Պետեկամուտների կոմիտեն: Մենք կարծում ենք, որ պետության այս քայլը ՀԿ-ների գործունեության նկատմամբ վերահսկողություն է՝ քողարկված հրապարակայնության ապահովման անվան տակ:

 

Եթե Նախագծի իրական նպատակը հանցագործությունների բացահայտումն ու կանխումն է, կարծում ենք, որ  գործող հարկային վարչարարության միջոցներն ու գործիքակազմը բավարար են այդ ստուգումներն իրականացնելու և հանցավոր գործողությունները կանխելու կամ բացահայտելու համար:

 

Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել նախագծով նախատեսված փոփոխությունները և ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջ նախատեսել բացառապես այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացվում է հանրային միջոցներով:  

 

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 2392

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????