Հրապարակումներ | Նորություններ
Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրվել են Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր 14 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը: Հիմնադրամներն ամբողջ աշխարհում աջակցում են անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության, արտահայտման ազատության, հաշվետու ու թափանցիկ կառավարման, արդարության և հավասարության համար: Հայաստանում հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 1997 թ-ին և այդ օրվանից աջակցում է մարդու իրավունքների պաշտպաններին, ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալող կազմակերպություններին, հետաքննող լրատվամիջոցներին, ընտրությունների ու պետական/հանրային/համայնքային եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին, կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններին: Հիմնադրամն ուղղակի և անփոխարինելի ներդրում ունի ՀՀ-ում մարդու իրավունքների ու ժողովդրադավարական արժեքների տարածման գործում և հպարտությամբ շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքը:
Հայաստանն արմատական փոխակերպման շրջադարձային փուլում է: Հեղափոխության սկզբից հիմնադրամը սատարել է սիրո ու համերաշխության վրա հիմնված փոփոխությունների գործընթացը: Մենք աջակցում ենք կայուն ու համակարգային փոփոխություններին, որոնք ուղղված են ավտորիտար ու կոռումպացված համակարգերի վերադարձի բացառմանը:
Սակայն արդեն տևական ժամանակ է հիմնադրամի և մեր գործընկերների դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն ու տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով ու հաճախ բռնության անթաքույց կոչերով: Այդ արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը, զրպարտում են Ջորջ Սորոսին և խեղաթյուրում մեր և մեր գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը:
Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ արշավի թիրախը: Թիրախի տակ է հանրային վստահությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների, տասնամյակներ անց լեգիտիմ ճանապարհով ընտրված Ազգային ժողովի ու ձևավորված կառավարության հանդեպ:
Մինչ այս պահը մենք ձեռնպահ ենք մնացել հիմնադրամի մասին տարածվող ստերին անդրադառնալուց՝ այս արշավը համարելով ռևանշիստական եւ հետադիմական ուժերի սադրանք՝ կեղծիքը ներմուծելու հանրային դիսկուրս: Սակայն վերջին ամիսներին նկատում ենք, որ որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ներգրավվել են այս ապատեղեկատվության և զրպարտության տարածման գործընթացին՝ շրջանառելով կեղծ լուրեր և թողարկելով հարցազրույցներ, որոնց ընթացքում ակնհայտ ստեր են հրամցվում լայն հանրությանը:
Հանրության շրջանում վախ և անվստահություն սերմանելու քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն Հայաստանում: Այն լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր ծայրերում, հատկապես ժողովրդավարության դեմ բացահայտ եւ քողարկված պայքար տանող երկրներում: Հենց այս իրավիճակում առանցքային է դառնում լրատվամիջոցների աշխատանքը, որոնց վերապահված է բացահայտել ճշմարտությունը և անաչառ տեղեկատվություն հաղորդել հանրությանը:
Մենք հորդորում ենք լրատվամիջոցներին չներքաշվել ատելության ու ստի արշավի մեջ, փոխարենը անաչառ լրագրությամբ բացահայտել և հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, հետաքննություններով ու պրոֆեսիոնալ լրագրողական նյութերով դիմակայել ապատեղեկատվությանը, կեղծիքին, զրպարտությանը և մանիպուլյացիաներին:
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերից մի քանիսը ներկայացված են ստորև։
Սուտ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր ու հեղափոխություններ հրահրելով և Բաց հասարակության հիմնադրամները դերակատարություն են ունեցել դրանում:
Փաստ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից:
Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղասիրության քարոզը:
Փաստ: Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղասիրության քարոզ չի ֆինանսավորել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն երբևէ չի ֆինանսավորել:
Սուտ: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և պետական պաշտոն զբաղեցնող մի շարք այլ անձանց:
Փաստ: Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհներ տրամադրել, որտեղ մինչ պետական պաշտոն զբաղեցնելն աշխատել են նշված անձինք:
Սուտ: Հիմնադրամը կապ ունի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հետ:
Փաստ: Հիմնադրամը երբևէ որևէ կապ չի ունեցել և չունի «Սասնա ծռեր» կուսակցության հետ, չի աջակցել և չի աջակցում որևէ կուսակցության:
Սուտ: Հիմնադրամն աջակցում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը:
Փաստ: Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի և դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է: Մասնավորապես, դեռևս 2010-11 թթ-ին ՀԱԵ Արմավիրի թեմը հիմնադրամից 50,000 դոլար դրամաշնորհ է ստացել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։
Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի հրապարակումը, «Մել» ֆիլմը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, «Բռնության ձայնը» անանուն նամակների հրապարակումը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը:
Փաստ: Հիմնադրամն աջակցում է մեր երկրում ամենաբարդ ու խնդրահարույց հարցերի բաց ու հանրային քննարկմանը, բայց չի ֆինանսավորել այդ նախաձեռնություններից որևէ մեկը:
Սուտ: Ջորջ Սորոսը և Հիմնադրամը քարոզում են աբորտները:
Փաստ: Հիմնադրամը պայքարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ: Միևնույն ժամանակ Հիմնադրամն աջակցում է կանանց՝ առողջության պահպանման համապարփակ և անվտանգ ծառայություններ ստանալու իրավունքը, որ իրացնում են կամավոր եւ ինքնուրույն:
Սուտ: Հիմնադրամը խրախուսում է «տրանսգենդեր մարմնավաճառների քարոզը»:
Փաստ: Սա բացարձակ սուտ է: Հիմնադրամի կողմից երբևէ նման քարոզ չի իրականացվել:
Սուտ: Հիմնադրամն իրականացնում է մարդասպանների, ահաբեկիչների հերոսացման քարոզ:
Փաստ: Հիմնադրամը երբևէ նման քարոզ չի իրականացրել: Հիմնադրամը պայքարել և պաշտպանել է արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքը: