Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առաջարկ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

February 14, 2020

Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները:

 

1․ Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի նշանակման, ազատման, գործունեության հաշվետվողականության վերաբերյալ  իրավական մեխանիզմներ

 

Ներկայացված նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ վարչապետը 8 տարի ժամկետով՝ օրենքով սահմանված մրցույթով անցած թեկնածուներից։ Սկզբունքորեն չառարկելով վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի նշանակման ընթացակարգին, Կոմիտեի նախագահի հաշվետվողականության, պաշտոնից ազատման առումով գտնում ենք, որ նախագծում ներկայացված լուծումները խիստ թերի են և կրում են ձևական բնույթ։ Մասնավորապես՝ նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում։ Նման իրավակարգավորման դեպքում  գրավոր հաղորդման քննարկում, դրա արդյունքում Կոմիտեի նախագահին անվստահություն հայտնելու իրավական մեխանիզմներ նախատեսված չեն։ Բացի այդ, Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը՝ 8 տարով համարում ենք չհիմնավորված երկար։

 

Առաջարկ

 

1․ Կոմիտեի նախագահի իրավունքներին և պարտականություններին նվիրված նախագծի 12-րդ հոդվածում նախատեսել, որ Կոմիտեի նախագահը կիսամյակային և տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդում է ներկայացնում ՀՀ ԱԺ։ Կոմիտեի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ՀՀ վարչապետի կամ ԱԺ 1/3-ի առաջարկությամբ՝ պաշտոնեական պարտականությունները չկատարելու, լիազորությունները գերազանցելու կամ հանցակազմի հատկանիշներ պարունակող իրավախախտում կատարելու, ինչպես նաև կիսամյակային և տարեկան հաշվետվությունը ԱԺ կողմից չհաստատելու դեպքում՝ ԱԺ քվեարկությամբ՝ պատգամավորների 2/3-ով։

2․ Սահմանել, որ եռամսյակը մեկ Կոմիտեի կայքում տեղադրվում է գործունեության մասին հաշվետվությունը։

3․ Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը սահմանել առավելագույնը 6 տարի ժամկետով՝ միևնույն անձի համար մեկ անգամից ոչ ավել ընտրվելու հնարավորությամբ։

 

Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը և գործունեությունը․

Նախագահի պաշտոնում թեկնածուի ընտրության համար նախագծով նախատեսվում է ձևավորել մրցութային խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվեն կառավարության, ԱԺ, ԲԴԽ, ՄԻՊ և քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներ։ ՀՀ սահմանդրության 7-րդ գլխում ԲԴԽ որպես կառույց գործում է բացառապես ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ընտրության, վերջիններիս լիազորությունների դադարեցման և դատական իշխանության գործունեության հետ կապված այլ հարցերով։ Այս առումով ԲԴԽ մասնակցությունը Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում անթույլատրելի է, քանի որ քրեական գործերի քննության իմաստով Կոմիտեն հանդիսանում է քննության ընդհանուր գործընթացի առաջին փուլում գործունեություն իրականացնող նախաքննական կառույց, որին կարող է հաջորդել դատաքննությունը։ Այս առումով ընդհանուր գործընթացի երկու փուլերում ԲԴԽ ազդեցությունը պետք է բացառել՝ նախաքննության անկախության երաշխիքները չվնասելու նկատառումներից ելնելով։

 

Բացի այդ, նախագծով ԱԺ-ն ունենալու է մեկ ներկայացուցիչ։ ԱԺ-ում քաղաքական ուժերի հարաբերակցությունն այս խորհրդում արտահայտելու նպատակով նպատակահարմար է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ևս հնարավորություն ընձեռել մասնակցել հանձնաժողովի ձևավորմանը՝ համատեղ ներկայացնելով երկու թեկնածու։ Անհամաձայնության դեպքում այդ թեկնածուներին նշանակելու իրավասությունը փոխանցել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։

 

Առաջարկ

 

Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում ընդգրկել կառավարության, նախագահի, ՄԻՊ կողմից առաջադրված մեկական թեկնածու, ԱԺ մեծամասնության կողմից առաջադրված մեկ թեկնածու, ԱԺ ընդդիմադիր ուժերից երկու թեկնածու, հակակոռուպցիոն ոլորտում վերջին 10 տարում գործունեություն ծավալող երկու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից համատեղ թեկնածուներին չներկայացնելու դեպքում լիազորությունը փոխանցել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ ՄԻՊ և ԱԺ առաջարկած թեկնածուները պետք է լինեն իրավաբան գիտնականներ՝ 5 տարվա աշխատանքային ստաժով։

 

2․ Կոմիտեի նախագահի տեղակալների հաստիքների նշանակման իրավական մեխանիզմներ․

Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվում է Կոմիտեի նախագահի տեղակալի երկու հաստիք՝ քննչական և օպերատիվ գծով։ Գտնում ենք, որ Կոմիտեում վերլուծական, կազմակերպչական, իրավական նախաձեռնությունների, կարգապահական պատասխանատվության, ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, վիճակագրության ոլորտի աշխատանքների համակարգման համար անհրաժեշտ է նախատեսել իրավական հարցերով տեղակալի հաստիք։

Առաջարկ․

Կոմիտեի նախագահի 3 տեղակալներին՝ քննչական, օպերատիվ-հետախուզական և իրավական հարցերով, նշանակում է ՀՀ վարչապետը։ Տեղակալների թեկնածուները անցնում են Կոմիտեի նախագահի թեկնածուի համար սահմանված մրցութային նույն ընթացակարգով։

 

3․ Կոմիտեի ծառայողների նշանակման իրավական մեխանիզմներ

 

Կոմիտեի ծառայողների ընտրության համար նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվում է Կոմիտեի նախագահի կողմից ձևավորել հանձնաժողով 7 անդամով՝ 3 իրավաբան գիտնական, 3 պետական ծառայող, 1-ը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ Հարկ է նշել, որ նախագիծում առկա չեն առանձնահատուկ իրավակարգավորումներ օպերատիվ ծառայության աշխատակիցների թեկնածուների ընտրության համար, քանի որ նախագծով առաջարկվող վերոնշյալ հանձնաժողովի կազմով գաղտնի ծառայությունների աշխատակիցների ձևավորումն անհնարին է։

 

Բացի այդ, քննչական ծառայության համար առաջարկվող հանձնաժողովի կազմը ևս հստակ չէ։ Օրինակ 3 պետական  ծառայող՝ հստակեցված չէ նրանց ներկայացվող պահանջները, կամ մեկը քաղաքացիական հասարակությունից՝ կարգավորված չէ ներկայացվող չափանիշները։

 

Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է, որ մրցութային գործընթացում Կոմիտեի ծառայողների թեկնածուները պետք է անցնեն մրցութային հետևյալ փուլերը՝ փաստաթղթերի ստուգման փուլ, հարցազրույցի փուլ, բարեվարքության ստուգման փուլ, որը ենթադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ ԿԿՀ) կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրում։ Գտնում ենք, որ Կոմիտեի ծառայողների թեկնածուները պետք է անցնեն նաև թեստավորում՝ գիտելիքների ամբողջական ստուգման նպատակով։ Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ բարեվարքության ստուգման փուլը նախատեսված է փաստաթղթերի ստուգման և հարցազրույցի փուլերից հետո։ Գտնում ենք, որ բարեվարքության ստուգման փուլը պետք է նախորդի թեստավորման և հարցազրույցի փուլերին և պետք է հստակեցվի նաև ԿԿՀ կողմից բարեվարքության ստուգման շրջանակներում ներառվող հարցերի շրջանակը։ Բացի այդ, ըստ վերոնշյալ ձևակերպման՝ ԿԿՀ եզրակացությունը կրելու է խորհրդատվական բնույթ։ Գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարանջատել այն հարցերի շրջանակը, որոնցով ԿԿՀ եզրակացությունը հիմք կհանդիսանա մրցույթին տվյալ թեկնածուի մասնակցությունը դադարեցնելու համար, ինչպես օրինակ՝ գույքային վիճակի ստուգման արդյունքում եզրակացությունը և հարցեր, որոնցով ԿԿՀ եզրակացությունը հիմք կհանդիսանա հարցազրույցի փուլ թեկնածուի մասնակցությունը թույլատրելու և այդ փուլում հարցերի միջոցով ճշգրտումներ կատարելու համար։

 

Առաջարկ

 

1․ Կոմիտեի օպերատիվ գաղտնի ծառայությունների աշխատակիցների ընտրությունը կատարել բացառապես ներքին կանոնակարգերի և իրավակարգավորումների շրջանակում ձևավորված ընթացակարգերով՝ առանց արտաքին միջամտության։

 

2․ Կոմիտեի քննչական  ծառայության աշխատակիցների ընտրության հանձնաժողովի կազմում ընդգրկել՝ ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ ներկայացրած մեկական իրավաբան գիտնականներ, Կոմիտեի նախագահի քննչական ծառայության ոլորտը համակարգող տեղակալին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված մեկ միասնական թեկնածու, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված չափանիշներին համապատասխանող քաղաքացիական հասարակության կառույցների 2 ներկայացուցիչներ։

 

3․ Մրցութային գործընթացում նախատեսել նաև թեստավորման փուլ, իսկ բարեվարքության ստուգման փուլը նախատեսել փաստաթղթերի ստուգման փուլից հետո։ Միաժամանակ հստակեցնել ԿԿՀ եզրակացությամբ տրվող հարցերի պատասխանների այն շրջանակը, որոնք հիմք կհանդիսանան կամ մրցութային գործընթացին թեկնածուի մասնակցությունը դադարեցնելու կամ հարցազրույցի փուլ տեղափոխելու համար։


4․ Կոմիտեի ծառայողների կարգավիճակի վերաբերյալ իրավակարգավորումներ

 

Նախագծի 3-րդ հոդվածում նշված է, որ Կոմիտեում ծառայությունը պետական ծառայության տեսակ է։ Այս սահմանումը հակասում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետին, որտեղ պետական ծառայությունների շարքում ընդգրկված չէ քննչական ծառայությունը։

 

Բացի այդ, նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննչական ծառայությունների ղեկավարները, տեղակալները և քննիչները ինքնավար պաշտոններ են։ Այս ձևակերպումներից հետևում է, որ հստակեցման կարիք ունի բացառապես Կոմիտեում օպերատիվ բլոկի ծառայողների իրավական կարգավիճակի խնդիրը, քանզի որևէ իրավական կարգավորում ներկայացված նախագծով այս առումով նախատեսված չէ։

 

Առաջարկ

 

1․ Հստակեցնել նախագծի 3-րդ հոդվածը՝ նախատեսելով Կոմիտեում ծառայության օպերատիվ խմբի աշխատակիցների իրավական կարգավիճակը՝ համապատասխան փոփոխություն կատարելով նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում՝ նաև Կոմիտեի կարգավիճակը հստակեցնելու նպատակով։


5․ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ իրավակարգավորումներ

 

Ներկայացված նախագծի 15-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեում կարգապահական խախտման գործերը քննվում են կարգապահական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է 7 անդամից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և 3 իրավաբան գիտնական՝ դարձյալ Կոմիտեի նախագահի որոշմամբ։ Գտնում ենք, որ Կոմիտեում կարգապահական հանձնաժողովի ձևավորումն ուստի նաև գործունեությունը ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է, քանի որ բոլոր անդամների նշանակումն իրականացնում է Կոմիտեի նախագահը, իսկ վիճակահանությամբ Կոմիտեի 3 ծառայող ընտրելը ևս ձևական բնույթ է կրում, քանի որ վերջիններս հանդիսանում են Կոմիտեի նախագահի անմիջական ենթակաները։

 

Բացի այդ, նախագծով սահմանված չէ կարգապահական խախտման դեպքերի ամբողջական շրջանակը՝ արդյոք դրանք ներառում են միայն քրեական գործերի քննության ընթացքում թույլ տված ընթացակարգային խախտումները, վարքագծի անթույլատրելի դրսևորումները (Կոմիտեում պետք է ընդունել նաև վարքագծի կանոնագիրք), թե նաև շահերի բախման վերաբերյալ սահմանված նորմերի խախտումները։ Հարկ է նշել, որ բարձրացված խնդիրը վերաբերում է նաև իրավապահ այլ մարմիններին, քանի որ այդ համակարգերում ևս նշված հարցի վերաբերյալ իրավակարգավորումները բացակայում են։

 

Ներկայացված նախագծով նախատեսված չեն նաև կարգապահական հանձնաժողովի՝ վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ  որոշումները այլ սուբյեկտների կողմից ԿԿՀ բողոքարկելու հնարավորության վերաբերյալ իրավակարգավորումներ։ Հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ հանրային շահի տեսանկյունից վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ սահմանված նորմերի խախտումները կարող են անդրադառնալ նաև հանրային ծառայության բնագավառում պետության քաղաքականության հետ։

 

Նախագծով Կոմիտեի ծառայողի ատեստավորման գործընթացում նախատեսվում է նաև արտահերթ ատեստավորման ինստիտուտը, մասնավորապես՝ նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել  Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ Կոմիտեի ծառայողի ցանկությամբ։ Նախագծով նախատեսված չէ, թե ինչ հիմքով կարող է Կոմիտեի նախագահը նշանակել ծառայողի արտահերթ ատեստացիա, ինչը հայեցողական լայն հնարավորություններ և ծառայողի նկատմամբ սուբյեկտիվ մոտեցմամբ ճնշում բանեցնելու գործիքակազմ է ընձեռում Կոմիտեի նախագահին։

 

Առաջարկ

 

1․ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 7 անդամներից երեքին նշանակում են ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ մեկական թեկնածու սկզբունքով։ Եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողանում ընտրել միասնական թեկնածու, ապա հանձնաժողովի անդամին նշանակելու լիազորությունը փոխանցվում է ԱԺ մեծամասնությանը։ Մյուս չորս անդամների նշանակման իրավասությունը պետք է վերապահել Կոմիտեի նախագահին՝ վիճակահանությամբ Կոմիտեի անդամների թվից ընտրելուց հետո։ Կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև հակակոռուպցիոն ոլորտում վերջին 5 տարում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության երկու կառույցների ներկայացուցիչներ։

 

2․ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները և որոշումները պետք է տեղադրվեն Կոմիտեի պաշտոնական կայքում։

 

3․ «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ՝ համապատասխանաբար քննիչների՝ (նաև դատախազների, դատավորների) վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ կարգապահական պատասխանատվության հարցով ներքին կարգապահական հանձնաժողովների որոշումները այլ սուբյեկտների կողմից մամուլի և տեղեկատվական այլ աղբյուրների հրապարակումների հիման վրա  ԿԿՀ բողոքարկելու հնարավորություն ընձեռելու նպատակով։

 

4․ Կոմիտեի նախագահի կողմից ծառայողի արտահերթ ատեստացիա նշանակել որպես կարգապահական վարույթի արդյունք՝ կարգապահական տույժ չնշանակելու դեպքում, եթե վարույթի արդյունքում պարզվում է, որ խախտումը էական չէ և կապված է ծառայողի մոտ մասնագիտական տեղեկատվության պակասի հետ։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, 
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ,
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ,
Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների

 
 
Դիտումներ՝ 759

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????