Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՄԻԵԴ որոշում․ ՀՀ-ն Դերենիկ Գասպարյանի կյանքի իրավունքի խախտման արդյունավետ քննություն չի իրականացրել

2010 թվականի հունիսի 5-ին Չարենցավանի N5 դպրոցի աշակերտ  10-ամյա Դերենիկ Գասպարյանը (մայրական ազգանունը՝ Մկրտչյան) սպանվեց։ Այդ օրը Դերենիկը գնացել էր պետության իրավասության ներքո գտնվող դպրոց՝ մասնակցելու մաթեմաթիկա առարկայի քննությանը։ Քննության ժամանակ դասղեկը լքել էր դասասենյակն ու աշակերտներին, սկսել զրուցել այլ ուսուցչի հետ։ Մինչ դասղեկը բացակայում էր, աշակերտների միջև ծեծկռտուք էր սկսվել, Դերենիկին դաժանաբար ծեծել էին երկու դասընկերները, որոնք նաև եղբայրներ են:  

 

Լսելով աղմուկը՝ պահակը, դասղեկն ու այլ ուսուչիցներ մտել են դասասենյակ, տեսել Դերենիկի անշարժացած մարմինը, փորձել են ուշքի բերել՝ հարվածելով, արհեստական շնչառություն տալով, դուրս տանելով։ Դպրոցի աշխատակազմի փորձերն անիմաստ են եղել։ Հիվանդանոց ընդունվելիս Դերենիկն արդեն մահացած էր։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաքննության, այնուհետ դատաքննության փուլերում ներկայացրել է Դերենիկի իրավահաջորդների շահերը։

 

Ներպետական դատական ատյաններում երկարատև պայքարները և արդարադատության ձգտումը արդյունք չեն տվել։ Ձեռնարկված դատավարական և պաշտպանության բոլոր միջոցառումները դատապարված են եղել մերժման։ Սպառելով ներպետական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՔԱՎ-ի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից Դերենիկի իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ՝ ՄԻԵ կոնվենցիայի 2-րդ և 13 -րդ հոդվածների խախտման հիմքով։

 

Տարիներ անց՝ 2021 թ․ նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ ՀՀ Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների համաձայն Դերենիկի մահվան և նրա մահվան առնչությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու մասով ներկայացված բողոքներն ընդունելի են։ ՄԻԵԴ-ը  վճռել է՝ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում, սահմանել 24․000 եվրո փոխհատուցում։

 

Ցավոք դատարանը գտավ, որ ներկայացված ապացույցներում բավարար տարրեր չկան՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը: Հետևաբար, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի բովանդակային մասով խախտում չի եղել։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր