Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանի բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգման գործով քննությունն արդյունավետ չի եղել

June 11, 2020

Ալբերտ Հակոբջանյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բավարարել էր ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանի և Գագիկ Կարապետյանի բողոքները՝ խոշտանգման գործով տարված քննությունը ճանաչելով անարդյունավետ։ 

 

Դատարանը պարտավորեցրել էր Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով վարույթն իրականացնող մարմնին վերացնել նրանց իրավունքների խախտումները: 

 

Ա. Հակոբջանյանն ու Գ. Կարապետյանը դիմել էին ՀՔԱՎ գրասենյակ՝ իրավական պաշտպանության նպատակով: 2016 թ.-ին իրավապահները նախ բռնություն էին կիրառել նրանց նկատմամբ, ապա՝ խոշտանգումների ենթարկել՝ոստիկանությունում: Քրեական գործով վարույթը, սակայն, կարճվել էր, քրեական հետապնդումը դադարեցվել՝ հանցակազմերի բացակայության հիմքով:

 

Պատճառաբանությունը հետևյալն էր. «…նախաքննության ընթացքում տարվել են բոլոր հնարավոր քննչական ու դատավարական գործողությունները, սպառվել նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, և համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի՝ նման պայմաններում, երբ կա չփարատված կասկած, անմեղության կանխավարկածի սկզբունքի ուժով ենթակա է մեկնաբանման՝ հօգուտ ոստիկանության պաշտոնյաների»:

 

Որոշումը Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի շահերի պաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը 2017 թ.-ին բողոքարկել էր ՀՀ  գլխավոր դատախազությունում, ապա՝ Երևանի ընդհանուր իրավասության և Վերաքննիչ քրեական դատարաններում, մերժվել՝ ամենուր: 2018 թ.-ի նոյեմբերին փաստաբանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել:

 

Բողոքում նա պնդել էր, որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ եղել են տվյալներ՝ Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի հանդեպ վատ վերաբերմունքի մասին: Դրանց ոչ միայն չի տրվել համապատասխան գնահատական, այլև չի տարվել արդյունավետ՝ բազմակողմանի, ամբողջական ու օբյեկտիվ քննություն, որի շնորհիվ կբացահայտվեին հանցագործությունն էլ, մեղավորներն էլ, քաղաքացիների իրավունքներն էլ չէին ոտնահարվի: Ավելին՝ վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ ուշադրության չէր արժանացրել Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի հայտնած տեղեկության հիման վրա տաքսու վարորդին հարցաքննելու հանգամանքը, ով ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրել, ապա՝ բերման ենթարկել:

 

Ա. Չատինյանի կարծիքով՝ ստորադաս դատարանն իրավական գնահատական չի տվել հանգամանքին՝ որքանով է օրինական եղել Լոռու մարզի նախկին ոստիկանապետ Ա. Ղազարյանի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ս. Այվազյանի մուտքը՝ ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայր՝ «օպերատիվ հետախուզական զրույց» անցկացնելու նպատակով:

 

Դատարանը, քննելով գործը, գտել էր, որ որոշում կայացնելիս, ստորադաս դատարանները խախտել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 17-րդ հոդվածները, որոնք էականորեն կարող էին ազդել գործի ելքի վրա: Առաջնորդվելով ՄԻԵԴ –ի դիրքորոշումներով, մասնավորապես՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ այն է՝ արդյունավետ քննության իրավունքի մասով՝ դատարանը նկատել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերում գործի արդյունավետ քննության իրականացումը պետության պոզիտիվ պարտավորությունն է: Նման բողոքները պետք է քննվեն ամենայն մանրամասնությամբ, իրավասու ատյաններն էլ՝ ձեռնարկեն բոլոր միջոցները՝ միջադեպին առնչվող ապացույցներ հավաքելու ուղղությամբ, ինչը տվյալ դեպքում չի արվել:

 

Պետության պոզիտիվ պարտավորության համատեքստում Վճռաբեկն առանձակի շեշտել է, որ քննությունը պետք է տարվի արագ և մանրակրկիտ: Այսինքն՝ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է լրջագույն ջանքեր կիրառեն, քննությունն ավարտելուց հետո կամ պատճառաբանելիս էլ՝ չհիմնվեն շտապողական կամ թույլ եզրահանգումների վրա, այլ ձեռնարկեն իրենց հասու բոլոր ողջամիտ քայլերը՝ դեպքին առնչվող ապացույցները, այդ թվում և ականատեսների հարցաքննությունն ու բժշկական ապացույցներն ապահովելու ուղղությամբ: Իրականացված քննության ցանկացած թերացում, որ հարցականի տակ է առնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատուներին պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը:

 

Բացի այս, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրականության շրջանակներում կարևորել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթը, հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել «խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվել» ու «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքերում տարվող քննության արդյունավետության չափանիշի մասին:

 

Մեջբերելով նախկին որոշումներից՝ Վճռաբեկը հիշատակել է այն չափանիշները, որոնց առկայության դեպքում միայն կարելի է խոսել արդյունավետ քննության մասին: Մասնավորապես քննություն իրականացնող մարմինը, բացի պատշաճ և արագ գործելուց, պետք է լինի նաև անկախ ու անաչառ, օժտված՝ առկա փաստերը հաստատելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ, անհրաժեշտ է իրականացնել մանրամասն քննություն՝ գործով ապացույցներ ձեռք բերելու նպատակով:

 

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի նկատմամբ ենթադրյալ բռնության գործադրման առիթով նախաքննություն իրականացնող մարմինը, ունենալով միջադեպի ականատես տաքսու վարորդի բոլոր տվյալները, ընդհուպ՝ գտնվելու վայրը, բավարար ջանքեր չի գործադրել՝ այդ թվում և միջազգային իրավական օգնության շրջանակում, նրան գտնելու և հարցաքննելու ուղղությամբ: Մինչդեռ վարորդի հայտնած տեղեկությունները կարող էին առանցքային ու վճռորոշ լինել այս գործի իրական մեղավորներին, ինչպես նաև Գ. Կարապետյանի ու Ա. Հակոբջանյանի և ոստիկանների ցուցմունքներում առկա հակասությունները բացահայտելու հարցում: 

 

Ինչ վերաբերում է «օպերատիվ հարցազրույց»-ին, դատարանը վերստին արձանագրել է, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ Ա. Ղազարյանի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ  Ս. Այվազյանի կողմից օպերատիվ տեղեկության ձեռքբերման համար քննիչի թույլտվությամբ ՁՊՎ մուտք գործելն անթույլատրելի է և ոչ իրավաչափ, և հանդիսանում է ոստիկանության ուղղակի միջամտություն քննչական գործողություններին: Քանի դեռ քրեադատավարական գործիքակազմը սպառված չէ, ոստիկանությունն իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ նախաքննությանը զուգահեռ քննություն իրականացնելու: Միայն հանրային շահի պահանջով կարող են իրականացվել օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օժանդակելով քննչական մարմնին: Այս գործով նման անհրաժեշտություն չի եղել:

 

Ելնելով միջազգային կառույցների մոտեցումներից, այն է՝ նախաքննության սկզբնական փուլում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկը մեծ է, ոստիկանների վերոհիշյալ այցելությունը ձերբակալվածի մոտ դատարանն առանձնակի մտահոգիչ է համարել: Ավելին՝ «օպերատիվ հարցազրույց»-ն իրականացվել է այն ժամանակ, երբ Գ. Կարապետյանն ունեցել է առողջական գանգատներ և բուժօգնության կարիք, առավել ևս, որ դրանցից մեկը հաջորդել է ոստիկանների այցին: Նման իրավիճակում, առավել քան կարևոր էր մանրամասն քննություն վարելը: Մինչդեռ նախաքննական մարմինն այդպես էլ միջոցներ չի ձեռնարկել՝ խոշտանգում կատարած ու վատ վերաբերմունք դրսևորած ոստիկաններին մեկուսացնելու և հարցաքննելու՝ որպեսզի նրանք հնարավորություն չունենային համաձայնեցնելու իրենց ցուցմունքները: 

 

Ամփոփելով վճիռը՝ Վճռաբեկն արձանագրել է, որ գործի քննության արդյունավետության մասին ստորադաս դատարանների հետևություններն անհիմն են: Վարույթն իրականացնող մարմինը կարճել է գործն ու չի իրականացրել քրեական հետապնդում՝ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված լինելու պատճառաբանությամբ:

 

Հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը՝ Վճռաբեկ դատարանը բեկանել է ստորադաս դատարանի ակտը, բավարարել վճռաբեկ բողոքներն ու վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել երկու քաղաքացու՝ դատարանի որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումները:  

Դիտումներ՝ 1073

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????