Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Տհաճ և անազնիվ է օգտագործել լրատվական զենքերը, որոնցից տուժում են առաջին հերթին զինծառայողները»

July 14, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, ռազմական գործողությունները, կրակոցները Տավուշում միանգամից դարձան տարբեր մեդիա ակտիվության առիթ: Այդ թվում նաև՝ սեփական շահերն ունեցող անհատների, խմբերի, կուսակցությունների համար:

 

Վարդինե Գրիգորյանն այս երկու օրերի գերլարված ու էմոցիոնալ մեդիա տարածքի վայրիվերումներն ու մանիպուլյացիաները կապում է նաև պետության հանդեպ վստահության հետ:  

 

Ըստ նրա՝ մանր ու միջին շահեր ունեցող մարդիկ, ենթագիտակցորեն հասկանալով, որ բանակը հիմա ավելի մարտունակ է ու ավելի լավ են պաշտպանված սահմանները, իրենց թույլ են տալիս լինել անպատասխանատու:

 

Կարծես մոբիլիզացիան հիմա անհրաժեշտ չէ:

 

Վարդինեն, որը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող է, նաև այդպես է փորձում ուշադրություն հրավիրել լրատվական կաթսայի անազնիվ պարունակության վրա, որը կարիք ունի առնվազն վերլուծության ու բաղադրիչների տարանջատման:

 

Ինչ մեկնաբանություն ասես թափվում է պատերազմական գործողությունները ներկայացնելիս: Ի՞նչ է խանգարում լինել զուսպ՝ մեջբերելիս հատկապես տասներորդական ու մանիպուլյատիվ կարծիքներ:

 

Կարծում եմ՝ խանգարում է մեծ չափաբաժնով հուզականությունը: Մենք միշտ հակված ենք ավելորդ հուզականությամբ դիտարկել իրավիճակը, ինչը օգտակար հատկություն չէ: 

 

Խանգարում է նաև նախկինից եկած փորձը, երբ չէինք վստահում պաշտոնական լրահոսին ու անընդհատ սպասում, որ տեղում եղած մարդիկ մեզ պատմեն, թե ինչ է իրականում կատարվում:

 

Մինչդեռ մարդը, որը հիմա սահմանին է կամ իրադարձությունների կիզակետում, մեծ իմաստով չի պատկերացնում, թե իր շուրջը ինչ է կատարվում: Հնարավոր է չիմանա նաև, թե ինչ է կատարվում իր կողքի դիրքում, քանի որ լայն պատկերը չի տեսնում: Եվ այս դեպքում՝ տեղից ստացված ինֆորմացիան նույնպես կարող է լինել հատվածային:

 

Բայց եթե վստահում ենք պաշտոնական լրահոսին, ուրեմն գիտենք, որ ստանում ենք տարբեր տեղերից եկած ու համադրված ինֆորմացիա, որն ամբողջական է:

 

Խնդիրն այն է, որ որոշ մարդիկ դա են դնում կասկածի տակ:

 

Քանի որ չենք վստահում ադրբեջանական պաշտոնական ինֆորմացիային, սկսում ենք հիմնվել անհատական աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի վրա, ինչը նույնպես կարող է լինել ծուղակ: Օրինակ, ներքին խուճապ սրելու նպատակով ինֆորմացիոն դաշտ նետվեն հայկական ազգանուններով օգտատերեր:

 

Մերոնք էլ տարածեն նրանց կարծիքը՝ ասելով, որ հավաստի տվյալներ են, որ մենք հակառակորդին ջախջախել ենք: Նման լուրերը կարող են տվյալ պահին ինքնավստահություն կամ հպարտություն առաջացնել, բայց երկարաժամկետ առումով՝ դրական ազդեցություն չեն ունենա: Դա ուղղակի ստեղծում է կեղծ ակնկալիքներ ու կեղծ հույսեր՝ իրականության հետ առանձնապես չառնչվող:

 

Հույզերն են շատ՝ թե՛ վախը, թե՛ ոգևորությունը: 

 

Եվ փաստացի ստացվում է, որ մարդը, որը պատրաստ է վախենալ, սկսում է գտնել վախենալի լուրեր, իսկ նա, ով պատրաստ է հաղթանակի, սկսում է տեսնել հատկապես այն նորությունները, որոնք հաստատում են իր ոգևորությունը:

 

Ցանկությունը հաղթող դուրս գալու ոչ միայն պատերազմում, այլև ցանկացած բանավեճում, միշտ հաճելի է: Հեշտ է հավատալ, որ հաղթող ես, երբ կարդում ես միայն «լավ» լուրեր:

 

Հաղթելու հաճույքը բավականին էժան մի բան է, ստիպում է հաղթանակ տեսնել ամեն ինչի մեջ: Մենք նախկինում շատ էինք սիրում բարոյական հաղթանակները: Այսինքն, երբ շեշտը դնում ես հաղթելու, այլ ոչ թե ճիշտը տեսնելու վրա, ընդամենը ավելացնում ես նման «լավ», հաղթանակած լուրերի չափաբաժինը:

 

Իրականում, չես կարող ասել, թե որն է լավը: Միգուցե հակասական բան ասեմ, բայց մենք հիմա խոսում ենք ոչ թե Ալիևի դեմ պայքարի, այլ ժողովրդի մասին, որի մի հատվածը չի կարողացել իր ծառայությունը ապահով անցկացնել և հայտնվել է մի տեղում, որտեղ իրեն ստիպում են մահանալ:

 

Պատերազմական շրջանում հայտնվում են շատ հետաքրքիր դիտարկումներ:

 

Երբ կարդաս լուրերն ու մեջից հանես երկրի անվանումը, շատ դեպքերում կտեսնես նույն բառապաշարն ու նույն կառուցվածքը:

 

Երկու կողմից էլ իրավիճակը այնքան նույնական է ներկայացվում, որ գրեթե չես տարբերի, հատկապես երբ խոսքը ցավի մասին է:

 

Եղե՞լ են տեքստերի վերլուծության նման փորձեր:

 

Հիշում եմ, որ ապրիլյան պատերազմի օրերին մի տեքստ էր տարածվում, որտեղ երկիրը նշված չէր: Լուրն այն մասին էր, թե զոհված զինվոր-հերոսի շիրմաքարի գումարը գյուղապետը յուրացրել է: 

 

Նման բողոքներ կային նաև մեզ մոտ (չգիտեմ, թե որքանով էին համապատասխանում իրականությանը), բայց կար զգացողություն, որ կոռումպացված համակարգում նման բան հնարավոր է և երկու ժողովուրդներն էլ օգտագործվում են: Այսինքն, իշխանությունները օգտագործում են մարդկային ցավը, կորուստը սեփական նեղ նպատակներով:

 

Ադրբեջանում հիմա մեծ ճգնաժամ է, ճնշում են ոչ միայն քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներին, այլև կիրառում են կարանտինային տարբեր սահմանափակումները հատկապես ընդդիմությանը ճնշելու համար: 

 

Այդ ֆոնին, իհարկե, նրանք կարիք ունեին նման էմոցիանալ խթանի, որ բարձրացնեին մարտական ոգին՝ ցույց տալով, որ թշնամին դրսում է, ոչ թե ներսում:

 

Երբ Ալիևը թշնամանում է իր ժողովրդի դեմ, միանգամից հիշեցնում է, որ գոյություն ունի Հայաստան:

 

Կարծում եմ՝ պետությունն ու ղեկավարին նույնացնելը դասական ավտորիտար հնարք է: Եվ Հայաստանում մեդիան պիտի իրոք ավելի զուսպ ու խելացի աշխատի, քան նույն Ադրբեջանում կամ Ռուսաստանում:

 

Օրինակ, շատ խնդրահարույց էր, որ հենց այն պահին, երբ սահմանին կրակոցներ էին, «Առավոտը» տարածեց նյութ այն մասին, թե ազգային անվտանգությանը սպառնում է աղանդավորությունը: 

 

Այդպիսի նառատիվները բաժանում են հասարակությունը: 

 

Մեր եկեղեցին հաճախ է օգտագործում իր մենաշնորհը՝ ցույց տալու համար, որ կա կրոնական միասնություն, ինչն իրականում այդպես չէ: Հայաստանի բանակում ծառայում են երիտասարդներ, որոնք տարբեր կրոնական դավանանքների հետևորդներ են, կամ աթեիստ են, կամ էլ ունեն այլ ազգային պատկանելիություն, հետևաբար նաև՝ կրոնական առանձնահատկություններ:

 

Պետք է խոսենք շատ բազմազան բանակի մասին, որը չի ստացվի առանձնացնել մեկ հատկանիշով:

 

Եվ այս վերնագրով նյութը հենց պատերազմական իրավիճակում հրապարակելով՝ լրատվամիջոցը տալիս է ուղերձ՝ տեսեք, մենք ունենք թշնամիներ դրսում, բայց նաև ունենք ներսում:

 

Կարծում եմ՝ տհաճ և անազնիվ է այս պահին օգտագործել նման լրատվական զենքերը, քանի որ դրանցից առաջին հերթին տուժում են զինծառայողները: Եվ պետք չէ լարել նրանց միջև հարաբերությունները:

 

Ի վերջո, մարտունակությունը պայմանավորված է զինծառայողների արժանապատվությամբ: Մարտունակ բանակում զինվորները չպիտի լինեն ճնշված կամ խախտվեն նրանց իրավունքները:

 

Իսկ դա լրատվամիջոցն անու՞մ է միտումնավոր, թե՞ անգիտակցաբար:

 

Ինձ թվում է դրանք ինքնապաշտպանական քայլեր են: Երբ տեսնում են տարածքի նեղացման փորձեր, բնականաբար, անցնում են հարձակման: Չգիտեմ, թե որքանով են դրա մաս կազմում լրատվամիջոցները:

 

Կարծում եմ, որ այդ պահին կայքում լուր տեղադրողները (չեմ ուզում ասել, ամբողջական լրատվամիջոցը) երկար չեն մտածում: Հնարավոր է, որ նրանք չեն գիտակցում հետևանքները՝ մտածելով, թե փոքր, հերթական մի նյութ է:

 

Իսկ հասարակությունը, որը համադրում է բոլոր լուրերը, շատ լավ տեսնում է, թե ինչ ուղերձներ կան: 

 

Բոլորս էլ, ինֆորմացիան ստանալով, փորձում ենք այն մշակել՝ բաժանելով խմբերի: Եվ եթե մեր այսօրվա լրահոսի առանցքը անվտանգությունն է, ուրեմն փորձելու ենք հասկանալ, թե որոնք են դրա սպառնալիքները: 

 

Շատ հնարավոր է, որ մեր կարդացած սպառնալիքների մի մասը բոլորովին էլ սպառնալիք չեն, կամ կապ չունեն անվտանգության հետ, բայց բոլոր դեպքերում ստեղծում ենք մտավոր շարքեր: 

 

Եվ ստացվում է, որ ազգային անվտանգությանը սպառնում են նրանք, ովքեր չեն ուզում, որ դպրոցում ուսուցանվի «Հայ եկեղեցու պատմություն», խոսում են իրավունքներից, ունեն այլ դավանանք և միաժամանակ այլ երկրում են:

 

Բոլորին դնում են մեկ կաթսայի մեջ ու ասում՝ տեսեք, սրանք մեր սպառնալիքներն են: 

 

Որոշ դեպքերում, կախված քաղաքական նախասիրություններից (նախկին, ներկա կամ ապագա), ավելանում են նոր սպառնալիքներ: Եվ մարդիկ բնականաբար դրանք ընկալում են, երբեմն նաև չգիտակցելով, թե ինչպես է այդ ինֆորմացիան համադրվում:

 

Անգամ սոցցանցային մեկնաբանություններում է դա նկատվում: Տեսնում ենք, թե ինչպես է կրակոցների մասին լուրը արագորեն գնում կապվում պարգևավճարների, կորոնավիրուսի դեմ պայքարի, Արսեն Թորոսյանի որոշումների հետ:

 

Այսինքն, սպառնալիքների շարքը մի գծով են ներբեռնում մարդկանց մեջ:

 

Եվ դա գիտակցելով՝ պետք է տարանջատել ինֆորմացիայի տարրերը: Որ առանց այդ էլ առկա ֆրուստրացիային նոր բան չավելացնես, հատկապես, եթե աղբյուրներն ու բովանդակությունը իրարից տարբեր են:

 

2016-ի ապրիլին վերաբերմունքը տեղեկատվությանը այլ էր: Բացի պաշտոնական լրատվությունից ոչինչ չէինք տարածում, ոչ մի քննադատություն չկար իշխանությունների հասցեին, թեև առիթները բազմաթիվ էին: Հիմա ուրիշ պատկեր է: Կարծես պատնեշներ չկան (օրինակ, այս դեպքում):

 

Հիշում եմ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կյանքում առաջին անգամ շնորհակալություն հայտնեցի ՊՆ-ին, որ հրապարակում էր օպերատիվ տեղեկատվություն՝ չնայած ակնհայտորեն սովոր չէր այդ ռեժիմին: 

 

Ձևավորվել էր մեծ վստահություն պաշտոնական աղբյուրի հանդեպ: Իհարկե, կային խնդիրներ, որոնք հետագայում բացահայտվեցին, բայց հենց պատերազմի ընթացքում ընդհանուր մոբիլիզացիա կար: Իսկ հիմա այլ է: 

 

Անկեծորեն կարծում եմ, որ հիմա քիչ են այն մարդիկ, որոնք չեն պատկերացնում, թե իրենց ասածը ինչ ազդեցություն է թողնում: Նրանք ուղղակի նստած են սենսացիա ստեղծելու ու հնարավորինս ավելի պրովոկացիոն լինելու ասեղի վրա: Դրանք մարդիկ են, որոնք սուտը ստի հետևից են ասում ու վայելում են: 

 

Իրոք, երբեմն տպավորություն է, որ նրանք ուղղակի վայելում են հայհոյանքներն ու իրենց ուղղված վերբալ հարձակումները: Եվ դա բացարձակապես անհասկանալի է: 

 

Ենթադրում եմ, որ նրանք ենթագիտակցորեն հասկանում են, որ բանակը հիմա ավելի մարտունակ է ու ավելի լավ են պաշտպանված սահմանային տարածքները, հետևաբար վտանգն այնքան էլ մեծ չէ:

 

Այսինքն, եթե մտածեին, որ իրական վտանգն ու սպառնալիքը մեծ է, հնարավոր է լինեին ավելի զգույշ: Բայց դա ասում եմ՝ ելնելով իրենց անմեղության կանխավարկածից:

 

Եթե ապրիլյանի ժամանակ գիտակցում էինք, թե որքան անպաշտպան կարող է լինել սահմանը՝ հաշվի առնելով կոռուպցիայի մեծ ծավալը, ու որքան կարևոր է բոլորիս աջակցությունը, ապա այս վերջին երկու տարվա ընթացքում մենք սովորել ենք հույսը դնել պետության վրա:

 

Դա թե՛ լավ է, թե՛ վատ: Նշանակում է, որ մենք կենտրոնացրել ենք, լիազորել ենք իշխանություններին մեր անունից հանդես գալու ու խնդիրները լուծելու և հիմա դարձել ենք զուտ պահանջատեր: 

 

2016-ին չկար այն պետությունը, որին վստահում էինք, հիմա երևի կա, և դա էլ խանգարում է որոշ մարդկանց հասկանալ, թե որքան կարևոր է անձնական պատասխանատվության գիտակցումը:

 

Թեև, իհարկե, կան բացառիկ կերպարներ, որոնց ոչ մի կերպ չի լինի հասկանալ, բայց լավատեսորեն կարծում եմ, որ նրանք բոլոր դեպքերում գիտակցում են, որ հիմա պետությունը շատ ավելի շահեկան վիճակում է ու իրենց արածի մեջ առանձնապես մեծ սպառնալիք չեն տեսնում:

 

Որքան հասկանում ենք, բզբզալը, ինֆորմացիոն նետումներ անելը, հայհոյելն ու հայհոյանք ստանալը լավ մոնետիզացվում է: Շատերը դրա դիմաց փող են ստանում: 

 

Իրոք բարդ է հասկանալ այդ մարդկանց մտածելակերպը, անգամ փողի պարագայում: Ինձ թվում է՝ չկա այդքան փող, որը կստիպի մարդուն նվաստացնել սեփական պետությունը:

 

Եթե խոսեինք Ադրբեջանի կամ Ռուսաստանի նման պետությունների մասին, որտեղ իշխանություններն ու ժողովուրդը կտրուկ տարանջատված են, հեռացված իրարից, միգուցե հնարավոր լինել հասկանալ: Բայց հիմա, երբ չկան այդ հեռավորության օբյեկտիվ հիմքերը, չես կարող խուսափել անձնական պատասխանատվությունից այն պետության համար, որն ինքներս ենք ձևավորել ու փաստացի ստեղծել պայքարով:

 

media.am

Դիտումներ՝ 485

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????