Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ կոռուպցիոն գործերով դատական համակարգն ակնհայտ ցույց է տալիս իր անկարողությունը». Սաքունց

September 9, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի գույքը հետ բերելու համար մասնագիտացված դատարանի ու դատախազությունում մասնագիտացված ստորաբաժանման ձևավորման ուղղությամբ քայլերը կարևոր են։ Բայց նման բարեփոխումներ պետք է արվեն ամբողջ դատական ու դատախազական համակարգերի համար։

 

Հակառակ դեպքում հնարավոր չէ ակնկալել սպասված արդյունք։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ 

 

«Այսինքն՝ ներկայումս տրվում է հատվածային լուծում, իսկ հատվածային լուծումը չի կարող ընկալվել որպես համակարգային լուծում և փոխարինել համակարգային չլուծված խնդիրներին»,- ասում է Սաքունցը։

 

Գլխավոր դատախազությունում արդեն ձևավորվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, միաժամանակ արդարադատության նախարարը հայտարարեց, որ արդեն 2021 թվականին դատական գործեր կլինեն։

 

Սրան զուգահեռ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով։

 

Նրանցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: 

 

Ի՞նչ սպասել այս գործընթացից այն դեպքում, երբ դատական համակարգի նկատմամբ մարդկանց վստահությունը չի բարձրանում։

 

Սաքունցն ասում է՝ այս բարեփոխումը մի կողմից լուրջ դերակատարություն կարող է ունենալ, բայց չի կարող ամբողջ դատական համակարգին փոխարինել։

 

«Կոռուպցիոն և ապօրինի գույքի վերադարձի գործերը քննելու է առանձին հակակոռուպցիոն դատարանը, որի համար դատավորներ են ընտրելու, կրթելու ու պատրաստելու։

 

Դա առանձին մասնագիտացված դատարան է լինելու, և այդ առումով, թե ինչպես կկրթեն, ինչպես կսովորեցնեն, դա կարևոր է։

 

Ընդ որում, խոսքը միայն դատավորների մասին չէ, նաև դատախազներին, քննիչներին կրթելն ու պատրաստելն են կարևոր։ Եթե սա առանձին դիտարկենք, կարող ենք ասել՝ սա այն է, ինչ մենք պետք է ունենայինք ամբողջ դատաիրավական համակարգի համար։

 

Բայց հիմա միայն ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի ու կոռուպցիոն գործերով է իրականացվում այս բարեփոխումը»,- նշում է Արթուր Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ լուրջ խնդիր է այն, որ հակակոռուպցիոն դատարանն ու այս գործերով քննչական մարմիները գործելու են չփոփոխված դատական, չփոփոխված դատախազական համակարգերի, չփոփոխված քննչական մարմինների առկայության պայմաններում։

 

«Եվ այս առումով ինչքան էլ նրանց սովորեցնեն բարեվարքության կանոններով աշխատել, նրանք առնչվելու են այնպիսի երևույթների ու փաստերի, որոնք առկա էին դեռևս մինչ հեղափոխությունը։

 

Եվ դատական, դատախազական, ոստիկանության համակարգերի, քննչական մարմինների վեթինգի իրականացումը դարձյալ անհրաժեշտություն է։

 

Հակառակ դեպքում սա նույնն է, որ չմաքրված դաշտի մի հատվածում օազիս ստեղծես, բարեփոխում անես, այն դեպքում, երբ կողքերդ լրիվ քարքարոտ ու ոչ բարենպաստ միջավայր է»,- հավելում է Սաքունցը։

 

Ապօրինի գույքի բռնագանձման պրակտիկան, ըստ նրա, նոր չէ, բազմաթիվ երկրներում արդեն կիրառված է։

 

Պետք է ուղղակի մասնագետների գիտելիքն ու կարողությունները զարգացնել։ «Մենք նաև ունենք օրենսդրության հետ կապված բացեր, դրանց պետք է ամբողջական լուծում տալ։

 

Դու կարող ես շատ մասնագետներ ունենալ, շատ լավ քննչական մարմիններ ունենալ, բայց ունենաս ոչ որակյալ օրենսդրություն»,- ասում է նա։

 

Անդրադառնալով դատական համակարգի գործունեությունից աճող դժգոհություններին՝ իրավապաշտպանը նշում է.

 

«Այնպիսի զգայուն թեմաներով, ինչպիսիք կոռուպցիոն հանցագործություններն են, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված գործերով, դատական համակարգն ակնհայտ ցույց է տալիս իր անկարողությունը»։

 

medialab.am

 

Դիտումներ՝ 241

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????