Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշխարհազորի ներդրումն անհասկանալի է․ ՀՀ-ը արդեն իսկ ունի պաշտպանության անհրաժեշտ ռեսուրսներն ու մեխանիզմները

September 22, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2020 թ․ օգոստոսի 24-սեպտեմբերի 8-ը e-draft.am հարթակում հանրային քննարկման էր դրված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

 

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը օրենքի նախագծի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար այն ուղարկել էր նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ որպես ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի ժողովրդա­վարական վերահսկողության ազգային հարթակի» ներքո գործող «Պաշտպանության ոլորտի բարեփոխումների»  աշխատանքային խմբի անդամի։

 

Ներկայացնում ենք ՀՔԱՎ մեկնաբանությունները՝ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք արդեն ուղարկվել են նաև իրավասու մարմնին։

 

Նախ եւ առաջ օրենքի փոփոխությունը եւ աշխարահազորի ներդրման հարցը անհասկանալի է այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ունի պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու մեխանիզմները, մասնավորապես՝ պարտադիր ժամկետային ծառայությունը, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի միջոցով, պայմանագրային ծառայությունը, պահեստազորային ծառայությունը։

 

Արդեն հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ եւ Զինված ուժերի ու պաշտպանության նախարարության գործունեության առաջնահերթությունների կենսագործման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականով աշխարհազորի ձևավորման հարցին անդրադարձ չկա։

 

Նախագծի տեղեկանք-հիմնավորման 2-րդ կետում նշվում է «...Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր»:

 

Հարց է առաջանում՝ այս պարագայում ի՞նչ են անելու պետական ուժային կառույցները՝ ի դեմս ՀՀ ԱԱԾ-ի,  ոստիկանական, հետախուզական ուժերի, զինված ուժերի և այլն, որոնք կոչված են նշված՝ «դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու» գործողություններն իրականացնելու համար: Եթե նախատեսում են, որ հակառակորդի նկարագրված գործողությունների «դիմակայելուն, չեզոքացնելուն և ոչնչացնելուն» պետք է ներգրավել աշխարահազորին, ապա դա առավել ևս անհիմն է, քանի որ անարդյունավետ է ու անտրամաբանական:

 

Հաշվի առնելով, որ աշխարհազորի մեջ ներառվելու են բարձր տարիքի քաղաքացիները՝ 55 տարի և ավել, ստացվում է, որ ՀՀ չափահաս ողջ բնակչությունը ներգրավվում է  զինվորական ծառայության մեջ, որն իրենից ներկայացնում է ողջ բնակչության ռազմականացում, իսկ սա ակնհայտորեն հակասում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքին։ Բացի դրանից՝ երկրի պաշտպանությանը ներգրավում են բարձր տարիքի անձանց, որոնց պիտանիությունը զինվորական ծառայության և պաշտպանության տեսակետից խիստ կասկածելի է՝ հատկապես վերևում նշված հակադարձման գործողությունների բնույթը հաշվի առնելով։ Իսկ անհրաժեշտություն դեպքում, երբ գործ կունենանք համընդհանուր պատերազմի հետ, ապա նման դեպքում նույնիսկ ամբողջ բնակչության համընդհանուր զորահավաքը չի կարող տեղի ունենալ՝ պայմանավորված զուտ թիկունքային աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ, որոնց համար նույնպես մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ:

 

Հաշվի առնելով հատկապես ապրիլյան պատերազմի դասերը՝ գուցե նման առաջարկությունը նպատակ է հետապնդում կանոնակարգելու կամավորական հիմունքներով պետության պաշտպանությանը քաղաքացիների  մասնակցությունը, որպեսզի կանխվեն անկանխատեսելի զոհերն ու կորուստները: Սակայն այս հարցի կարգավորումն ու լուծումը պահանջում է պաշտպանությանը կամավորական հիմունքներով քաղաքացիներին ներգրավելու կազմակերպական այլ հմտություններ, կարողությունների զարգացում պահեստազորում գտնվողների համար, որոնք պետք է ապահովեին զինկոմիսարիատները, որոնք պատշաճ չեն իրականացրել իրենց գործառույթները, մյուս կողմից՝ զինվորական հրամանատարությունը, որը չի կարողացել կանոնակարգել կամավորական ջոկատների ներգրավումը պաշտպանությանը:  

 

Նախագծի հիմնավորումների համաձայն՝ Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2020 թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում, ինչը խիստ անհավանական է, քանի որ նախատեսվում է աշխարհազորայինին ամրակցել զենք, հատկացնել համազգեստ, ինչպես նաեւ ենթադրվում է աշխարհազորայինների զինվորական պատրաստության անցկացում:

 

Կարծում ենք, որ օրենսդրական փոփոխությունը հանդիսանում է դեռեւս նախկին խշխանությունների օրոք առաջ քաշված ազգ-բանակ կոնցեպտի շարունակությունը, որն իր էությամբ եւս հանդիսանում էր պետության ողջ ազգաբնակչության ռազմականացմանն ուղղված հայեցակարգ:  Բազմիցս բարձրաձայնել ենք պրոֆեսիոնալ բանակի հիմնադրման անհրաժեշտության մասին, երբ պետությունը երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման խնդիրը կլուծի այն քաղաքացիների ներգրավման շնորհիվ, որոնց համար զինվորական մասնագիտությունը  իրենց հիմնական զբաղմունքն է, իսկ դրա փոխարեն՝ այժմ փորձ է արվում ողջ բնակչությանը դարձնել զինվորական:  

 

 

Դիտումներ՝ 1291

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????